28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումներն ամբողջությամբ ձախողվեցին. Անդրանիկ Թևանյան

22906A26-B2EB-43AC-A5BF-AA4A0590DDB1

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Ե՞րբ է կորոնավիրուսը հաղթում մարդուն» վերտառությամբ գրառում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել թեստավորման քանակը, կարգ ու կանոն հաստատել մարդկանց կուտակումների վայրերում (խանութներ, բանկեր և այլն)։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Մինչև մարդու կյանքի ու առողջության համար լրջագույն վտանգ ներկայացնելը կորոնավիրուսը հաղթահարում է երեք պատնեշ։

1․ Կառավարության պատնեշը

Երբ կառավարությունը քամահրանքով է վերաբերվում խնդրին, երբ պետության ղեկավարությունն ապաշնորհ է, ոչ կոմպետենտ և անգրագետ, կորոնավիրուսը հեշտությամբ հաղթահարում է առաջին պատնեշը, հասնում մեծ թվով մարդկանց ու անցնում իր սև գործին։

Վարակի տարածումը կառավարելու և համաճարակային բռնկում թույլ չտալու լավագույն օրինակներից են Թայվանը, Չեռնոգորիան։ Վատագույն օրինակները՝ Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ։

Հարավային Կորեայում կանխարգելման գործողություններն այնքան էլ լավ չիրականացվեցին, բայց հետագայում կառավարությունը ամեն ինչ վերցրեց իր վերահսկողության տակ։ Արդյունքները տպավորիչ են։ Բանալին թեստերի մեծ քանակի և կարանտինային ռեժիմի կիրառման մեջ է։

2․ Առողջապահական համակարգի պատնեշը

Երբ պետության մեջ բարձիթողի վիճակ է և ռիսկերի վատ կառավարում, այդ դեպքում վարակվածների ու ծանր հիվանդների քանակը գերազանցում է պայքարելու հնարավորությունները։ Արդյունքում՝ առողջապահական համակարգը կոլապսի է ենթարկվում ոչ թե հիվանդության բարդության, այլ հիվանդների քանակության պատճառով։

Երբ թոքերի արհեստական օդափոխման սարքերը չեն հերիքում, բժիշկները դառնում են ոչ թե բուժողներ, այլ հիվանդների տեսակավորողներ։

Կարանտինային ռեժիմի բուն նպատակը վարակի քանակային բռնկում թույլ չտալն է։
Առողջապահական համակարգի փլուզում թույլ չտվեց վարակի աղբյուր հանդիսացող Չինաստանը։ Կիրառվեցին շատ կոշտ քայլեր։

Գերմանիայի առողջապահական համակարգը նույնպես չփլուզվեց վարակվածների մեծ քանակի դեպքում։

Վատագույն օրինակները կրկին Իտալիան և Իսպանիան են։

3․ Իմունային համակարգի պատնեշը

Երբ պետությունը ձախողում է ռիսկերի կառավարումն ու պատճառ դառնում առողջապահական համակարգի փլուզման, վերջին պատնեշը մնում է մարդու իմունային համակարգն ու բնական ճանապարհով (հիվանդանալ–լավանալ–իմունային համակարգ ձեռք բերել) հանրային իմունային պատնեշ ձևավորելը։

Եթե վերջին հույսը մնում է այս պատնեշը, ապա դրա գինը շատ բարձր է լինում։ Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ–ի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Բելառուսն ու Շվեդիան գնում են այդ նույն ճանապարհով։

Անգլիան Իտալիայի ու Շվեդիայի արանքում է հայտնվել իր քաղաքականությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում առաջին պատնեշը կորոնավիրուսը շատ հեշտ հաղթահարեց։ Պատնեշ չկար էլ։ Կար վիրուսի հետ գործընկերային հարաբերություն։

Նիկոլ Փաշինյանն իր քարոզներով նպաստեց մարդկանց մեծ խմբերով հավաքվելուն։ «Կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումներն ամբողջությամբ ձախողվեցին, ռիսկերի կառավարումը գրեթե զրոյական էր։ Դա է պատճառը, որ վարակվածներ/բնակչության քանակ հարաբերակցության մեջ մենք ԱՊՀ տարածքում առաջատարներից ենք։

Արտակարգ դրությունը շատ ուշացումով հայտարարվեց, բայց անգամ դրանից հետո կառավարման որակն այն չէ (իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրարամերժ հայտարարություններ են անում)։ Միայն Մարտունու հիվանդանոցում տեղի ունեցածը հերիք է, որպեսզի կարծիք կազմենք, թե ինչպիսին է հակահամաճարակային քաղաքականության որակը Հայաստանում։

Կա մտավախություն, որ ապաշնորհ կառավարումը կարող է փլուզել մեր առողջապահական համակարգը։ Դա թույլ չտալու համար պետք է լրջորեն կպնել գործին։ Մի կարգով բարձրացնել թեստավորման քանակը, կարգ ու կանոն հաստատել մարդկանց կուտակումների վայրերում (խանութներ, բանկեր և այլն)։ Շատ դեպքերում նույնիսկ տարրական դիմակ կրելու կանոնը չի պահպանվում, էլ ուր մնաց, թե լուրջ միջոցառումները նորմալ կազմակերպվեն։

Եթե կառավարությունն իրականում առաջնորդվում է «ով մեռնի, ով սաղ մնա» կարգախոսով, ապա դա շատ թանկ է նստելու թե՛ մեր ժողովրդի, թե՛ իշխանության վրա։

Վիրուսը կանցնի կգնա, բայց հաշիվ պահանջելու իրավունքը մնալու է։ Աշխարհի բոլոր կառավարությունները պատասխան են տալու իրենց արածի ու չարածի համար։ Գլուխներ են թռնելու։ Մեր թավշյա տղաներն ու աղջիկները ևս չեն խուսափելու ծանր հարցերի պատասխանելուց ու քաղաքական պատասխանատվությունից»

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ