20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դահիճը որոշել է կտրել Սահմանադրության գլուխը. Հրապարակ

Երեկ խորհրդարանում ծանր մթնոլորտ էր։ Իմքայլականները, որոշները առանց պատշաճ հագուկապի՝ ջինսով, բոթասներով ու սվիտերներով, այլայլված աջուձախ էին վազում, ներսուդուրս անում, պատերի տակ փսփսում։ Ակնհայտ էր, որ ինչ-որ դավադրության են պատրաստվում՝ քաջ գիտակցելով կամ որոշներն առհասարակ չգիտակցելով, որ դրանով դեմ են գնալու իրենց խղճին, բարոյականությանը, պետությանն ու Սահմանադրությանը։ Նրանց դեմքերին նայելով այնպիսի տպավորություն կարելի էր սանալ, որ մեր աչքի առջև դահիճներ են անցուդարձ անում, որոնք մի քանի ժամ անց պատրաստվում են գլխատման, պարզապես զենքի տեսակն են ընտրում։ Իսկ գլխատման է ենթարկվելու ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը։

Այն գլխատելու միտքը ծագել է մեկ հոգու գլխում՝ երկրի գլուխ հանդիսացող վարչապետի, որը թերևս վախ ունի իր իսկ գլխի անվտանգության հարցում, մտածում է՝ վաղը իրեն են գլխատելու երկրում ապօրինությունների ու բեսպրեդելի այս աննախադեպ մակարդակի համար, ուստի որոշել է կտրել Սահմանադրության գլուխը, որ օրենքով գոնե՝ իր գլուխն ապահովագրի։ Օրվա վերջում արդեն որոշվեց «զինատեսակը»՝ վաղվա արտահերթ նիստում կներկայացվի օրենքներից ու Սահմանադրությունից կիլոմետրերով հեռու գտնվող իմքայլական Վահագն Հովակիմյանի բերած նախագծերի փաթեթը, որով գլխատելու են Արմեն Սարգսյանին՝ որպես նախագահ, Հանրաքվեի ինսիտուտն ու Սահմանադրական դատարանը։ Երկորրդ նախագիծը, որը իբրև թե հեղինակել են խորհդրանշական՝ թվով 37 իմքայլական, որի մի մասը տեղյակ էլ չէր, որ իր անունը կա այդ նախագծում, փորձելու են Սահմանադրության մեջ փոփոխությամբ ազատվել ՍԴ գործող անդամներից առնվազն 7-ից։

Դրանով առաջարկվում է Սահմանադրության մեջ կատարել այնպիսի փոփոխություն, որով կդադարի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը: Արդյունքում ՍԴ գործող կազմից կմնա ընդամենը երկու անդամ, որոնք ՍԴ անդամ են դարձել վերոնշյալ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո՝ ՍԴ ճգնաժամի կեղծ թեզն առաջ քաշած Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում, ինչը, սակայն, «Իմ քայլի» 88-հոգանոց պատգամավորների ուղեղներին կարծես թե հասու չէ։ Իսկ եթե գիտակցում էլ են ոմանք, որ գործ ունեն քրեական հանցագործության տարրեր պարունակող արարքի հետ, ապա չունեն բավարար համարձակություն ու կամք՝ հակադրվելու։

Այսօրվա չարաբաստիկ արտահերթ նիստի օրակարգը հաստատվեց երեկ երկու անգամ հետաձգված ԱԺ խորրդի նիստում։ Երեկոյան վերջապես կայացած նիստին ընդդիմությունը դեմ է արտահայտվել այս օրակարգին, բայց իմքայլականները, որոնք ճակատագրի հեգնանքով մեծամասնություն են կազմում նոր խորհրդարանում, կարողացել են անցկացնել իրենց ուզած դավադիր օրակարգը։

Փոորձեցինք ընդդիմադիր խմբակցություններից հետաքրքրվել, թե ինչ են պատրաստվում անել այս վտանգավոր նախագծերի դեմն առնելու համար։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք դեռ պետք է պարզաբանեն սրա նպատակը, իմաստը և իրավական հիմքերը։

«Մենք մեր խմբակցությունում քննարկել ենք և դեռ որևէ կերպ չենք կարողանում մեզ համար համոզիչ կամ փաստարկված որևէ արգումենտ ունենալ նման նախագծի անհրաժեշտության կարիքի, էլ չեմ խոսում՝ իր վատ ազդեցությանը, որն ակնհայտ է»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Ըստ Թանդիլյանի՝ այս նախագծերը մի առանձին ինստիտուտ չեզոքացնելու և նրա գործառույթները կասեցնելու նպատակ են հետապնդում։

«Միևնույն ժամանակ սա նաև նախագահի լիազորություների սահմանափակում է նախատեսում։ Այսինքն՝ նա նույնպես հնարավորություն ուներ Սահմանադրական դատարան դիմելու, այդ հնարավորությունն էլ կդադարի։ Այսինքն՝ ստացվում է, որ Սահմանադրական դատարան չեն ուզում, որ գոյութուն ունենա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ ինչ քայլեր են նախատեսում անել այս վտանգավոր նախագծի դեմն առնելու, Թանդիլյանն ասաց․ «Գիտե՞ք, այն հայտարարությունները, որ անում են իշխանական մեր գործընկերները՝ հանրությունը մենք ենք, բոլոր քաղաքացիները դա են ուզում, մեզ տալիս է հնարավորություն եզրակացնելու, որ նրանք, եթե գնան այդ ճանապարհով, ուղղակի կողմ են քվերակելու և անց են կացնելու։ Բնական է, որ դրա մասին ոչ միայն ասել ենք և պնդելու ենք նաև լիագումար նիստում, որ այս նախագծերը վտանգավոր դրույթներ և կարգավորումներ են պարունակում, բայց, միևնույն ժամանակ, մենք պիտի հորդորենք, որ այդ քայլից հետ կանգնեն։ Եթե չեն կանգնելու, ապա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքական և իրավական, իրենք են կրում»։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ դեմ արտահայտվեց իմքայլականների այս նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենք խմբակցությամբ քննարկել են և ամեն մեկն իր մտահոգությունը հայտնել է, թեպետ վերջնական որոշում դեռ չունեն։

«Այս պահին ես կարող եմ իմ տեսակետն արտահայտել, որը վստահ եմ՝ չի տարբերվելու խմբակցության տեսակետից, որ սա բացառապես անընդունելի է։ Սա ամենահակաիրավական ճանապարհն էր, որն ընտրել է իշխանությունը։ Ես չգիտեմ՝ ինչն է նման հապճեպության խնդիրը, ես չգիտեմ՝ ինչն է իրենց խանգարում, որ ամեն մի թիթիզ նախագիծ իրենք պատրաստ են ուղարկել Վենետիկի հանձնաժողով, իսկ այս առանցքային նախագիծն ուղղակիորեն հրաժարվում են ուղարկել միջազգային փորձագիտության։ Կամ մոտավորապես գիտեմ՝ ինչու այդ ամենը չի արվում, որովհետև վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովն ուղղակի ջախջախելու, պատերին խփելու և ասֆալտին է փռելու այս նախագիծը՝ համարելով այն Սահմանադրությանը հակասող»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ վատթարագույն ճանապարհն էր, որը կարող էին ընտրել ՍԴ-ից ազատվելու, Սահմանադրական դատարանի ինստիտուտը լուսանցք շպրտելու, նախագահի՝ առանց այն էլ գոյություն չունեցող ինստիտուտը չեզոքացնելու։

Հարցին՝ ի՞նչ են անելու այս ամենի դեմն առնելու համար, Նաիրա Զոհրաբյանը գրեթե ասաց նույնը, ինչ Թանդիլյանը, որ հարցեր կուղղեն հիմնական զեկուցողին, կփորձեն հասկանալ՝ ինչու են նման նախագիծ բերել։

«Ես իրավագետ, սահմանադրագետ չեմ, բայց ես մեծագույն հարգանք ունեմ Գևորգ Դանիելյանի և բոլոր սահմանադրագետների հանդեպ, որոնք ուղղակի ջախջախել են նախագիծը։ Բոլոր այս հարցերը կուղղենք հիմնական զեկուցողին, և նրանից պատասխաններն ստանալուց հետո, բնականաբար, ընդդիմությունը, չասեմ՝ շատ, բայց որոշակի գործիքակազմեր ունի, և կքննարկենք, թե այս կամ այն գործիքակազմը ոնց ենք օգտագործում»,-ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ իշխանությունն այնպիսի խորամանկ մի տարբերակ է մտածել, որ երկու հարցերի քննարկման համար ընդհանուր սահմանել են 5 ժամ, և քննարկելու և քվեարկելու են միանգամից առաջին ու երկորրդ ընթերցման ռեժիմերով, որ ընդդիմությունը ժամանակ չունենա սահմանված ստորագրություններով դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այս նախագծերի սահմանադրականության հարցը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ