23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին փոխնախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին

80-ականների զենք հասկացություն գոյություն չունի, բոլոր զինատեսակները մոդեռնիզացվում են եւ առհասարակ սխալ ձեւակերպում է ՝ պնդել, թե 80-ականների զինատեսակների էջը փակված է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «100 փաստ»-երից մեկին։ Հիշեցնենք, Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում իր «100 փաստ»-երի ցանկում Փաշինյանը հայտարարեց, որ 2018թ-ի մայիսից սկսած Հայաստանը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք, զինամթերք։

«Այսօր էլ մեր սպառազինության մեջ կան և 80-ականների, և 90-ականների, և 2000-ականների մոդեռնիզացված զինատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը առանձին գործնական կամ ռազմավարական ու մարտավարական խնդիր է լուծում՝ հակառակորդի խոցման կամ կանխարգելման»,-մեզ հետ զրույցում բացատրեց պաշտպանության նախկին փոխնախարարը՝ շարունակելով. «Այդ էջը նույնիսկ Ռուսաստանում փակված չէ, մենք ո՞նց կարող ենք փակել։ Նույն Սու-երը 1986 թվականին են առաջին անգամ փորձարկվել, Սու- 27-ը, որի մոդիֆիկացված տեսակը ՝ Սու-30-ը 1996 թվականից է , այսինքն դրանք ընդամենը մոդիֆիկացված եւ այնպես չէ, որ դրանք օդից հնարած զենքեր են եւ ամենակարեւորը, որ զինուժի հետ նրանք համահունչ լինեն»։

Նշենք, որ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ձեռք ենք բերել «SU-30 S» բազմաֆունկցիոնալ ինքնափիռներ, «TOR-M 2KM» և «ASA AKA» հակաօդային պաշտպանության համալիրներ։ Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, հրաձգային զենքերով, զենիթային կայանքներով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով։ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019թ-ի արտադրության է կամ ընդհանրապես չօգտագործված ՝ գործարանային վիճակում»։

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ պաշտպանության նախարարությունն իրականացնում է «ԶՈՒ արդիականացման 2018-24թթ ծրագիր»-ը, որը պատրաստվել եւ հաստատվել է նախորդ իշխանության օրոք։ «Ամբողջությամբ այնտեղ գրված է, իրենք կետ առ կետ անում են այն, ինչ մենք ժամանակին գրել ենք ՝ տարի առ տարի։ Շատ լավ է, որ կարողանում են դա իրականացնել եւ դա պաշտպանության նախարարության շնորհիվ է, ոչ թե կառավարության, որովհետեւ կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում։ Մարդիկ ունեն իրենց առջեւ դրված ծրագիր, որը մշակվել եւ հաստատվել է մեր ժամանակ՝ նույն գեներալիտետի հետ միասին եւ որն այսօր քայլ առ քայլ իրականացվում է»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Նա նշեց, որ այդ ծրագրում հաշվի են առնվել զարգացման բոլոր հնարավորությունները, հակառակորդի սպառազինության ծավալները, լուծվող խնդիրները, հնարավոր սպառնալիքները։

Հաշվի առնելով հարցի նրբությունը, Արտակ Զաքարյանը շատ չակերտներ չբացեց, բայց նշեց՝ փաստն այն է, որ իրականացվում է տվյալ ծրագիրը, որը մշակվել էր դեռ 2017 թվականի եւ հաստատվել 2018 թվականին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

«Թե ինչ է ասում վարչապետը, բոլորովին էական չէ եւ առաջին անգամը չէ, որ վարչապետը մանիպուլացնում է փաստերը եւ փորձում բոլոր դրական բաները վերագրել իրեն, իսկ բացասականը՝ նախկին ժամանակահատվածին»։

Ինչ վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլյան պատերազմը ՌԴ-ի իմացությամբ տեղի ունենալու վերաբերյալ իր նախկին հայտարարության վերաբերյալ վերջին դիտարկմանը, ըստ որի իր բոլոր գրառումները նույնությամբ պահպանվում են Ֆեյսբուքում, Արտակ Զաքարյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ մեր արտաքին քաղաքականությունը այսօր շատ վատ վիճակում է գտնվում եւ բոլոր երկկողմ ու հարաբերությունները աշխուժանալու փոխարեն գնալով կարծես թե մարում են։ Ինչ վերաբերում է հայ-ռուսականին, ապա հայտարարություններից այն կողմ, որեւէ գործնական փաստ չկա, որը կվկայի այն մասին, որ այդ հարաբերությունները լավն։ Ես կարծում եմ, որ ՌԴ-ի համար հասկանալի չէ այն քաղաքականությունը, որը վարվում է եւ այդ թվում նաեւ այդ հայտարարությունը»։

Արտակ Զաքարյանը նկատեց՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արել էր ընդդիմադիրի կարգավիճակում եւ հիմա ոչ կարող է պնդել այն, ոչ էլ՝ ասել, թե ժամանակին սխալ է արել, ուստի պետք է անորոշ բացատրություններ տա։

«Հուսանք, որ այդ հայտարարությունն ու նմանատիպ այլ սայթաքումները հայ-ռուսական հարաբերությունների վրա այդքան վատ ազդեցություն չեն ունենա։ Դրանք ենթադրություններ են, իսկ ենթադրությունը, որը փաստարկված չէ, ավելի լավ է՝ չանել»,-եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ