28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում Տրապիզոնի նավահանգիստից օգտվելու հայկական պահանջի նկատմամբ

image_4488

Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպել “Սփյուռքի ղեկավարների” հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները:

Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ եւ առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առեւտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր:

Անցյալ շաբաթ, թուրքական “Gunebakis” կայքը եւ այլ լրատվամիջոցներ նշեցին Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի դրական արձագանքը. “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ակտիվորեն փորձում է երկխոսություն նախաձեռնել հայկական սփյուռքի հետ եւ ապա պնդեց, որ նրանք ներգրավված են մի շարք հանդիպումներում 2015-ին Տեղահանության 100–րդ ամյակից առաջ: Սասունյանը, ով խորհուրդ տվեց սփյուռքին Թուրքիայի իշխանությունների առաջ չդնել իրարամերժ պահանջներ, թվարկեց այն պահանջները, որոնք միացյալ հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել՝ ներառյալ այն պահանջը, որ Հայաստանին պետք է շնորհել Տրապիզոնի նավահանգստից առեւտրային նպատակներով օգտվելու հատուկ թույլտվություն”: “Gunebakis” կայքի փոխանցմամբ՝ “Տրապիզոնը կողմ է այդ պահանջին”:

Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը նկատեց, “թե Թուրքիայի կառավարության համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք: Հայերը կարող են հեշտությամբ իրականացնել իրենց ներմուծումն ու արտահանումն այս տարածքով: Հայաստանի 7.5 միլիարդ դոլար կազմող առեւտրային ծավալը հիանալի հնարավորություն կլինի Տրապիզոնի համար”: “Gunebakis” կայքում տեղադրված “Հայաստանի աչքը Տրապիզոնի նավահանգստի վրա է” վերտառված հոդվածում նշվում է, որ Հայաստանի ներմուծման եւ արտահանման զգալի մասը ներկայումս անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով:

Նավահանգստի տնօրեն Էրմեշը նշեց Փոթի նավահանգստի փոխարեն Տրապիզոնից օգտվելու առավելությունները: Նա նշեց, որ Տրապիզոնից մինչեւ Երեւան հեռավորությունը  430 կիլոմետր է: “Թեեւ Փոթիի նավահանգիստն ունի երկաթգծից օգտվելու հնարավորություն, այնուամենայնիվ բեռնափոխադրումներում նկատվում են զգալի ուշացումներ: Մյուս կողմից, Տրապիզոնի եւ Երեւանի միջեւ գործում է հարմարավետ մայրուղի, որը հասանելի է օրվա բոլոր ժամերին: Տրապիզոնի նավահանգստից մինչեւ Ալիջանի սահման [Հայաստանի Մարգարայի անցակետ] 400 կիլոմետր է, իսկ այնտեղից Երեւան՝ ընդամենը 30 կիլոմետր է… Ցանկացած փոխադրամիջոց, որը մեկնում է այս կետից կլինի Հայաստանում 6-7 ժամում, որն անհավատալի առավելություն է այդ երկրի համար”,-նշեց էրմիշը:

Գլխավոր տնօրենը նշեց, որ “Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել նոր ծրագրեր” եւ որ “մենք մեծացրել ենք նավահանգստի կարողությունը 3.9–ից 10 միլիոն տոննա: Մենք միայն օգտագործում ենք նավահանգստի հնարավորությունների 25%–ը: Մենք պատրաստ ենք ցանկացած առեւտրային հնարավորության, որը կարող է առաջանալ Հայաստանի կապակցությամբ”:

Նավահանգստի տնօրեն Էրմիշի շուտափույթ եւ դրական արձագանքից կարելի է հանգել մի քանի եզրակացությունների՝

— Այս գործարքը փոխշահավետ է թե Հայաստանի թե Թուրքիայի համար: Տրապիզոնը կօգտագործի նավահանգստի իր ամբողջ կարողությունը, իսկ Հայաստանը կխնայի բեռնաթափման վճարների վրա, կվճարի ավելի քիչ փոխադրման ծախսեր եւ կստանա արտաքին աշխարհի հետ այլընտրանքային ցամաքային մուտք:

– Գլխավոր տնօրենը հանդես չէր գա Հայաստանի հետ համագործակցության զգայուն թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ, եթե նախապես չունենար Անկարայի համաձայնությունը: Հնարավոր է, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրմիշի դրական հայտարարությունները, որպես փորձնական փուչիկներ տեսնելու համար այդ քայլի աջակիցների եւ ընդդիմադիրների հակազդեցությունը: Ոչ մի բացասական արձագանք չի եղել թուրք եւ ազերի հակահայ ազգայնամոլների կողմից, իսկ հայ առեւտրականները ողջունել են Թուրքիայի հավանական քայլը:

– Քանի որ Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի բեռները կարող են ուղղակի անցնել ներկայումս փակված հայ–թուրքական սահմանով եւ ոչ թե Վրաստանի միջով, նույնիսկ սահմանի այս սահմանափակ բացումը բեռնափոխադրումների համար մեկընդմիշտ կվերացնի չափազանց վիճահարույց հայ–թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը:

Վերջապես, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտության անկեղծ դրսեւորում ցուցաբերել, պետք է, որ ճանաչի Տրապիզոնը որպես Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բնաջնջման մեծագույն կենտրոններից մեկը: Տրապիզոնի նավահանգստում պետք է հուշարձան կանգնեցվի հազարավոր հայ կանանց եւ երեխաների հիշատակին, ում դրել են նավակներում եւ դաժանորեն խեղդել Սեւ ծովում:

Հարկ է նշել, որ ոչ Հայաստանին Տրապիզոնի նավահանգիստի օգտագործման թույլտվությունը եւ ոչ էլ հուշարձանի կառուցումը չի կարող համարվել Ցեղասպանության փոխհատուցում: Սրանք պարզապես քայլեր են, որոնք պետք է նախաձեռնեն թուրք պաշտոնյաները ապացուցելու համար իրենց բարի կամեցողությունը, նախքան հայերը նրանց հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կ. Գեւորգյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ