19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չինաստանի դեսպանը Հերմինե Նաղդալյանի հյուրն էր

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 18-ին ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ողջունելով  դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու եւ  ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Շնորհավորելով Հերմինե Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Թիան Չանչունը նկատեց, որ նա ապացույց է եւ լավ օրինակ, թե ինչպես կինը կարող է քաղաքականության մեջ բարձր դիրքերի հասնել: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը եւս կարեւորում է կանանց ներկայացվածությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքականության մեջ եւ մյուս ոլորտներում՝ այդ ուղղությամբ ներդնելով նորանոր ջանքեր:

Թիան Չանչունը ցանկություն հայտնեց ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաեւ Հերմինե Նաղդալյանի աջակցությունը: Բարձր գնահատելով այս գաղափարը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեպանի միջոցով հրավեր փոխանցեց Չինաստանը կերտելու գործում ներդրում ունեցող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում հայ-չինական  կապերի սերտացման, հարաբերությունների խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորեց այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի հաճախակի են դառնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, իսկ գործադիր մարմինների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ դինամիկ կերպով զարգանում են նաեւ միջխորհրդարանական եւ միջկուսակցական կապերը: Շահեկան արդյունքների հասնելու տեսանկյունից նա առանձնացրեց 2011 թ. մարտին ստեղծված Հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման եւ երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհրդի գործունեությունը:

Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ կողմերը հաստատեցին, որ այստեղ եւս առաջընթացի բավական մեծ հնարավորություններ են նկատվում, Հայաստանում օրեցօր մեծանում է Չինաստանում կրթությամբ, չինական մշակույթով, լեզվով հետաքրքրվող երիտասարդների թիվը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները եւս մեկ անգամ շեշտեցին իրենց պատրաստակամությունը՝ ներդնելու նորանոր ջանքեր հայ-չինական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության:

 

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ