20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը»

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։

Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է Նույն քրեական գործի շրջանակներում։

Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այսինքն, այն հիմքով և պատճառաբանությամբ, որ Փանոսյանին վերագրվող արարքը չի պարունակում նրան առաջադրված հանցակազմի հատկանիշները։

Ավելին, վերաքննիչ դատարանն ապօրինի և անհիմն էր ճանաչել ոչ միայն Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտը, այլև՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ քննիչի որոշումը։

2019 թ. դեկտեմբերի 26-ին՝ նույն օրը, երբ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, դրա օր առաջ կենսագործման համատեքստում քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը, և կրկին նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան։

Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երկրորդ անգամ դատարան ներկայացնելու և այն բավարարելու միջև անցել է ընդամենը երկու շաբաթ, ինչը ՀՀ դատական պրակտիկայում աննախադեպ երևույթ է և անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած եւ ենթադրություններ է առաջացնում վերոնկարագրյալ շտապողականության իրական պատճառների վերաբերյալ։

Զուգահեռաբար հարկավոր է ընդգծել, որ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո Փանոսյանի կողմից վարույթ իրականացնող մարմնից խուսափելու կամ թաքնվելու ուղղությամբ որևէ գործողություն չի արձանագրվել։

Ավելին՝ հատկանշական է, որ համաձայն դեկտեմբերի 27-ին տարածված հաղորդագրության՝ փոփոխված մեղադրանքը ամբողջությամբ ներառում է Նորայր Փանոսյանի առաջադրված սկզբնական մեղադրանքը և դրա իրավաբանական որակումը, ինչի պարագայում Փանոսյանի կալանավորումն ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի նոյեմբերին կայացված և ներկա պահին օրինական ուժի մեջ գտնվող որոշմանը, ըստ որի՝ նրա գործողություններում պարզապես բացակայում են նրան վերագրվող հանցակազմի հատկանիշները»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ