23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում. ձենդ կտրի հլը. Քոչարյանի գործով նիստին բախում տեղի ունեցավ փաստաբանի եւ դատախազի միջև

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատախազ Կարեն Բիշարյանին:

Բացարկի մասով դիրքորոշում հայտնեց նաև փաստաբան Միհրան Պողոսյանը, ում խոսքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ նրա ու Բաղդասարյանի միջև:

Պողոսյանը հայտարարեց, որ 2018 թվականի փետրվարի 23-ին Կարեն Բիշարյանը ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել է, որ ՀՀ-ում 2008 թվականին բարձր զինվորական դասային աստիճաններ ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում, նույնիսկ հարցաքննության հրավիրելու որևէ հանգամանքներ առկա չեն. «Նույնը վերաբերել է նաև ՀՀ նախագահներին վերաբերող հարցերին:

Պետք է հուսանք, որ պարոն Բիշարյանն այդ հարցերին պատասխանելիս չի առաջնորդվել որևէ քաղաքական հրահանգով, ուղղակի պատվերով, այլ իրացրել է իր լիազորությունները: 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սույն քրեական գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, այն փոխվել է նույն դատախազի հսկողության տակ գտնվող քրեական գործով, սակայն փաստական հանգամանքները որևէ կերպ չեն ավելացել այդ ընթացքում»:

Պողոսյանի խոսքերով, եթե առանց որևէ նոր փաստական հանգամանքի, գործի ընթացքը փոխվում է, ակնհայտ է դառնում, որ դատախազը գործում է ոչ թե օրենքով, այլ որոշակի քաղաքական պահանջներին համահունչ. «Կամ պարոն Բիշարյանը 2018 թվականի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ նա չի գործում օրենքով: Այդ հիմքով ենթակա է բացարկման»:

Բաղդասարյանը հայտարարեց, որ առարկում է:

«Ես Ձեզ չէի ընդհատում»,-արձագանքեց Պողոսյանը:

Դատախազի հաջորդ արձագանքին, փաստաբանը հայտարարեց. «Դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ»:

Դատախազն ասաց, որ կարող է ասել:

«Չես կարող ասել, տեղդ նստի»,-ասաց Պողոսյանը:

«Դու չպետք է ասես, թե ով ինչ անի»,-պատասխանեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը պնդեց դատավորին կարգի հրավիրել փաստաբանին:

«Դու ինձ մի ասա ես ինչ անեմ, կկտրեմ ձայնդ չես մոռանա»,-ասաց Բաղդասարյանը՝ դիմելով փաստաբանին: 

«Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում: Ձեն կտրողին նայի հլը, փորձի հլը»,-ասաց Պողոսյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել, ինչի համար դատարանը Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին նկատողություն հայտարարեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ