16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Փաշինյանը բացահայտ հայտարարեց, թե ինքն ով է, ինչ նպատակով է եկել». Մարգարիտ Եսայան

«Այսօր մեր հասարակությունը շատ բարդ բարոյահոգեբանական վիճակում է, նույնիսկ ավելի բարդ, քան, այսպես կոչված՝ թավշյա իշխանափոխության ժամանակ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Իշխանափոխության թոհուբոհի ժամանակ մենք ասում էինք, որ հրապարակում հավաքված են ոչ միայն իշխանությունից դժգոհ մարդիկ, այլև սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնք մեծամասնություն էին, և նրանց ֆինանսավորող հասարակական կազմակերպությունները շատ ակտիվ էին այդ օրերին: Այնտեղ հավաքված էին տարբեր աղանդների ներկայացուցիչներ: Եվ հիմա, երբ որոշ մարդիկ ասում են, թե այդ իշխանափոխությունը տեղի ունեցավ հայ ժողովրդի պահանջով, այսօր արդեն պետք է լրջանա մեր հասարակությունը և ուշադիր նայի, թե ովքեր էին այնտեղ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը լայնախոհ է, բայց իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ տեսնելով, թե այդ փոքրամասնությունների աջակցությամբ ինչ տեղի ունեցավ:

Անդրադառնալով ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Մել Դալուզյանը վարչապետի անձնական պաշտպանության ներքո է, Մարգարիտ Եսայանն ասաց. «Նիկոլ Փաշինյան վարչապետն այսօր փորձում է իրականացնել այն խոստումները, որոնք տվել է նաև այդ համայնքին և նրանց ֆինանսավորած հասարակական կազմակերպություններին: Փաշինյանը բացահայտ հայտարարեց, թե ինքն ով է, ինչ նպատակով է եկել և մինչև վերջ պայքարելու է այդ նպատակներն իրականացնելու համար: Հիմա այլ հարց է՝ մենք՝ որպես հասարակություն, սրան դիմակայելո՞ւ ենք, թե՞ ոչ»:

Հարցին՝ եթե գիտեին Փաշինյանի այդ «նպատակների» մասին, ինչո՞ւ չպայքարեցին և այդքան հեշտ հանձնեցին իշխանությունը, նա պատասխանեց. «Մեր իշխանությունը հանուն իշխանության երբեք չէր գնա արյունահեղության: Իսկ պայքարել օրենքով սահմանված բոլոր հնարավորություններով, նշանակում էր՝ այսպես կամ այնպես, կլիներ արյունահեղություն, որովհետև հակառակ կողմն անպայման ուզում էր, որ դա լինի: Ես վստահ եմ, որ այդպես սահուն իշխանափոխությունն իրենց էլ զարմացրեց, իրենք էլ չէին ակնկալում, որ նախկին իշխանությունը չի գնա արյունահեղության: Այսօր մենք ուղղակի ուզում ենք, որ մեր հասարակությունը տեսնի՝ ինչ տեղի ունեցավ»:

Հետաքրքրվեցինք՝ ընդունո՞ւմ է, որ հասարակության մեջ դժգոհություններ կային իրենց իշխանությունից: «Միանշանակ: Ոչ միայն կային, այլև շատ էին այդ դժգոհությունները: Ես ռեալիստ եմ, և այս իշխանափոխությունը 50 տոկոսով հենց նախկին իշխանությունների մեղքով էր, որովհետև առաջացել էին խնդիրներ, որոնց լուծումը կամ չէր տրվում, կամ նաև դանդաղ էր տրվում: Հենց սա է պատճառը, որ ասում եմ՝ հրապարակում կանգնած էին նաև արժանապատիվ մարդիկ, որոնք դժգոհ էին նախկին իշխանություններից: Բայց ցավալիորեն, այդ արժանապատիվ քաղաքացիների կողքին կանգնած էին կոնկրետ խմբավորումներ՝ կոնկրետ ֆինանսավորմամբ ու նպատակներով, որոնք շատ գեղեցիկ կերպով օգտագործեցին նաև արժանապատիվ քաղաքացիների դժգոհությունը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նախկին պատգամավորը շեշտեց. «Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, և 2018թ. նրանք եկան իշխանության: Դրանք այն ուժերն են, որոնք 1998թ. հեռացվել էին իշխանությունից: Այսօր, եթե դուք նայեք խորհրդարանական մեծամասնության պատկերը, կտեսնեք, որ այնտեղ ճնշող մեծամասնությամբ նստած են ՀՀՇ-ի իշխանության ժամանակ լծակներ ունեցած անձանց երեխաները, հորեղբայրները, բաջանաղները, քեռու տղաները: Ես կարծում եմ՝ ռևանշիզմը, որպես այդպիսին, Հայաստանում արդեն տեղի է ունեցել 2018թ. մայիսի 8-ին: Երբ ասում եմ՝ պետք է պայքարենք, որ այս իշխանությունները հեռանան, ամենևին այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ-ն պետք է իշխանության գա այնպես, ինչպես նախկինում էր: Դա այլևս չի կարող լինել, որովհետև ՀՀԿ-ի այն հատվածը, որի պատճառով կուսակցությունը վարկաբեկվեց, որի պատճառով ՀՀԿ-ի մասին այսօր միայն վատ բաներ ենք լսում, այդ հատվածն այսօր Նիկոլ Փաշինյանի հենարանն է: Քրեաօլիգարխիկ զանգվածը, որը նախկինում կանգնած էր ՀՀԿ-ի կողքին, այսօր կանգնած է Փաշինյանի կողքին: Այդ զանգվածը միշտ կանգնում է օրվա իշխանության կողքին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա, ըստ նրա՝ կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։ Եվ հավելեց. «Եթե որևէ մեկը այս հարցում ծպտուն հանի, նրանց «կփռենք ասֆալտին» և կծեփենք պատերին՝ բառիս բուն իմաստով»:

Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի այս հայտարարության վերաբերյալ:

«Եթե վերանանք, որ դա ասում է ՀՀ վարչապետը, դա քրեաօլիգարխիկ արտահայտություն է, գողական պահվածք է: Երբ անընդհատ խոսում է դրա մասին, դա նշանակում է, որ նրա հոգեբանության մեջ այդ քրեաօլիգարխիկի հանդեպ որոշակի համակրանք կա: Ես լուրջ չեմ ընդունում Փաշինյանի այդ հայտարարությունները և շատ եմ ցավում, որ ՀՀ-ն այսօր ունի այդպիսի վարչապետ»,- ասաց նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում

168.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ