19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

«Նիկոլ Փաշինյանը մեկուկես տարվա ընթացքում մսխել է հայկական կողմի գլխավոր զենքը՝ կոնստրուկտիվիզմը». Շարմազանով

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

– Պարոն Շարմազանով, կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Ղարաբաղյան հարցի շուրջ առկա քննարկումների և շահարկումների մասին, ըստ էության՝ հերքելով, մերժելով բոլոր այն մեղադրանքները, որոնք շրջանառվում են վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դուք, լինելով Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ ընդդիմախոսներից ու քննադատներից մեկը, ինչպե՞ս եք գնահատում այդ մեկնաբանությունները, և որքանո՞վ են արժանահավատ այն պնդումները, որ դավադրություններ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հնարավոր չեն:

– Պարոն վարչապետի ուղիղ եթերը ոչ թե ցրեց, այլ ավելացրեց մտահոգությունները, որովհետև փաստացի որևէ նոր բան նա չասաց: Նա հերթական անգամ փորձեց մոլորության մեջ գցել ժողովրդին և ցույց տվեց մեկ բան, ինչի մասին ես և հանրապետական իմ գործընկերներն առաջին իսկ օրվանից նշել ենք, որ նա չունի որևէ հայեցակարգ Ղարաբաղյան հիմնահարցում: Նա ասում է, որ որևէ դավադրություն չկա: Նախ՝ մենք չենք ասել, որ նա դավադրություն է անում և գալիս է հողեր հանձնելու, կամ ինքը գալիս է հակահայկական քաղաքականություն իրականացնելու: Մենք պարզապես փաստում ենք նրա քայլերը և նշում, որ այս մեկուկես տարվա ընթացքում Արցախյան հիմնահարցում նա ինչ արել է՝ դրական որևէ արդյունք չի տվել: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, որևէ լուրջ հիմք բանակցությունների համար և գիտելիքներ, դժբախտաբար, չի ունեցել:

Ի հակառակ դրան՝ տառապել է մեծամտությամբ: Ո՛չ Քոչարյանի հետ հանդիպեց, ո՛չ Օսկանյանի, ո՛չ Նալբանդյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի հետ: Նա հանդիպեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և հիշո՞ւմ եք նրա արձագանքը, ասաց. «Դե, Լևոնն ինձ նոր բան չասաց»: Այսինքն՝ «Ես ամեն ինչ գիտեի»: Նույնիսկ Սոկրատեսն ասում է. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ», իսկ նա ամեն ինչ գիտի: Հենց դա է իրեն տանում դեպի փակուղի: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չունի էլեմենտար գիտելիքներ: Հիշո՞ւմ եք, սեպտեմբերի 2-ի առավոտյան բարի լուր հաղորդեց՝ ասելով. «ԼՂ-ն անկախացել է Սովետական Ադրբեջանից»: Ես 5 րոպե անց գրառում արեցի. «Այ ընկեր ջան, այս ամենը միայն քո գյուղի համար չէ, ամբողջ աշխարհում քո գրածը կարդում են: Սովետական Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը դեռևս 1988 թվականի փետրվարի 20-ի ու հուլիսի 13-ի որոշումներով է անջատվել»:

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների, բայց այս մեկուկես տարվա ընթացքում, բացի համանախագահներից և նրանց ԱԳ նախարարների խիստ գնահատականներից, Հայաստանի նկատմամբ որևէ այլ արդյունք չենք տեսել: Այսինքն՝ արդյունքը եղել է բացասական: Ավելին՝ նա այլևս չի պնդում, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան: Այսինքն՝ մենք կարող ենք այս պահին ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանի հայեցակարգը՝ ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղան, որպես լիարժեք կողմ՝ ֆիասկո է ապրել: Իհարկե, ես դրանից չեմ ուրախանում, բայց ֆիքսում ենք սա:

Տեսեք, թե ինչ վտանգավոր բան է տեղի ունենում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր ուղերձում մի կողմ է թողնում Ադրբեջանի նախագահ Ալիևի, ԱԳ նախարար Մամեդյարովի, ՊՆ նախարար Հասանովի ֆաշիստական մեկնաբանությունները, որոնք պարզապես սպառնալիք են ՀՀ-ին, ոչ միայն Արցախին, այլ մարտահրավեր է նետում կամ սպառնալիք է տեսնում նախկինների մեջ: Տեսեք, թե ինչ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Մեր պետության ղեկավարը, որը հայկական կողմերի ներկայացուցիչն է բանակցություններում և խոսում է հայ ժողովրդի և ՀՀ-ի անունից, կիրթ և նորմալ է անվանում Ալիևին, բայց քննադատում է Արցախի հերոսներին և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Երեկվա նրա քննադատության թիրախում ոչ թե Ադրբեջանի հակահայկական հայտարարություններն էին և տարածքային նկրտումները Զանգեզուրի նկատմամբ, այլ այն, թե «նախկինները դավադրություն են տեսնում»: Այսպիսի բան լինել չի կարող: Սա խոսում է միայն այն մասին, որ այս մարդը կա՛մ չի գիտակցում՝ ինչ է պետական անվտանգությունը, սպառնալիքը, կա՛մ գիտակցաբար մանիպուլյացնում է և սլաքներն է ուղղում նախկին իշխանությանը: Ի՞նչ կապ ունի նախկին իշխանությունը: Կա Ղարաբաղյան գործընթաց: Սեղանի շուրջ դեմ առ դեմ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը չեն նստում, նստում են Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, և Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտպանի ՀՀ շահը, բայց նա ծպտուն չի հանում Ալիևի հակահայկական քաղաքականության մասին և կրկին սլաքներն ուղղում է դեպի նախկինները:

– Դուք նշում եք, որ չկա հայեցակարգ, կա փակուղի, իսկ վարչապետ Փաշինյանը նշում է, որ կա դրական դինամիկա, և հույս է հայտնում, որ այն կշարունակվի՝ նկատի ունենալով նաև այն, որ շփման գծում հարաբերական խաղաղ իրավիճակ է, ավելի քիչ միջադեպեր են տեղի ունենում: Սա ինչո՞վ եք բացատրում, եթե նշում եք, որ բանակցային գործընթացը փակուղում է, և իր բոլոր նախկին դիրքորոշումներում Փաշինյանը տապալվել է:

– Ես չեմ ասում, որ բանակցային գործընթացը փակուղում է: Ես ասում եմ, որ բանակցություններն ի վնաս Հայաստանի ու Արցախի են, ավելին եմ ասում: Եթե դրական դինամիկա կա, ինչպե՞ս պարոն վարչապետը կպատասխանի հետևյալ հարցադրմանը՝ ինչո՞ւ է մեր դաշնակից երկրի և համանախագահ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԼՂ կարգավորման մասին, հակահայկական հայտարարություն անում և նշում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ապակառուցողական են, և նույնիսկ զուգահեռներ է տանում Ալբանիայի Կոսովոյի նախադեպի հետ: Սա՞ է դրական դինամիկան: Ու Հայաստանից որևէ ծպտուն չի լինում: Փաշինյանը պետք է դրանից խոսի:

– Դուք նման հայտարարություններն ինչո՞վ եք բացատրում:

– Ես բացատրում եմ նրանով, որ Նիկոլ Փաշինյանը միգուցե համանախագահ երկրներին, Ալիևին այլ բան է խոստացել, և նրա հայտարարությունները դրսում և ներսում հակասական են, համանախագահները նրանից սպասում էին այլ բան: Փաստն այն է, որ այս մեկուկես տարվա ընթացքում երեք վտանգավոր բան է տեղի ունեցել: Փաշինյանը 2018 թվականի մայիսի 9-ին հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ, դրան հաջորդեց համանախագահ երկրների խիստ գնահատականը, այն համանախագահների, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Երևանում հայտարարեցին համանախագահ Մերզլյակովի շուրթերով, որ Արցախն ուշ թե շուտ պետք է վերադառնա բանակցություններ: Մեր իշխանության ժամանակ ռուս համանախագահն ասում էր, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցություններ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ապտակ են հասցնում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ելույթում նույնիսկ չի անդրադառնում դրան:

Երկրորդը՝ Լավրովի հայտարարությունը, որն ակնհայտ խնդիր էր: Երրորդը՝ Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց գնում է Նյու Յորք և հայտարարում. «Մեզ հարկավոր է լուծում, որը կբավարարի Արցախին, Հայաստանին և Ադրբեջանին»: Այդ ռևերանսներն Ադրբեջանը չընդունեց: Ի դժբախտություն հայկական կողմերի՝ Փաշինյանը նախօրեին կրկնեց նույն թեզը: Նրա խոսքն անլսելի է: Էլ չեմ ուզում խոսել Սանկտ Պետերբուրգից և Վիեննայից: Սանկտ Պետերբուրգը, Վիեննան և Ժնևը դեղին քարտ էին և պատիժն էին Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ սկսելու համար: Մենք ունեինք ֆանտաստիկ մեկնակետ լավ իմաստով, Նիկոլ Փաշինյանը մսխեց Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, դրա փոխարեն նրա իշխանությունը բերեց Միլանի հայտարարությունը: Եթե մեր իշխանության շրջանում եղել է 5 համանախագահ երկրների նախագահների՝ Մեդվեդև-Սարկոզի-Օբամա, այնուհետև՝ Օբամա-Օլանդ-Պուտին 5 հայտարարություն, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր բաղադրիչ էր, ապա հիմա Միլանի հայտարարության մեջ մենք ստացանք արդար լուծում: Իմ համար արդար լուծումը մի բան է, Բաքվում ապրող քաղաքական գործչի համար՝ մեկ այլ բան, ի՞նչ է նշանակում՝ արդար լուծում: Նիկոլ Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով ինքնորոշման իրավունքի իրացումը դուրս է եկել, Արցախի վերադառնալու պոզիտիվ գնահատականը վերածվել է բացասականի, և մեր դաշնակից երկրի ԱԳ նախարարը հրապարակային մեղադրում է ՀՀ-ին ապակառուցողականության մեջ:

Համառոտ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը մեկուկես տարվա ընթացքում մսխել է հայկական կողմի գլխավոր զենքը՝ կոնստրուկտիվիզմը: Այն ժամանակ կոնսենսուս մինուս մեկ էր, այն ժամանակ այդ մինուս մեկն Ադրբեջանն էր, իսկ այսօր՝ Հայաստանը: Եթե ինքը շատ է սիրում համեմատականներ, ապա ասեմ, որ ներկայի ու նախկինի գլխավոր գնահատականները տվել են Լուկաշենկոն և Ալիևը: Լուկաշենկոն ասել էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ տալ, իսկ Ալիևը նշում էր, որ ՀՀ դրդմամբ համանախագահներն իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը: Հիմա Ալիևը նման բան ասո՞ւմ է: Հիմա այդ նույն համանախագահները քննադատում են մեզ: Եթե սա է դրական դինամիկան, ուրեմն թող հեռուստադիտողը որոշի՝ որն է դրականը, որը՝ բացասականը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ