19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լսեք հենց իմ շուրթերից, մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները:

Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին:

“Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին: Այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության և առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար: Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջև դրված խնդիրների և զարգացման նպատակների չընկալման: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող:

Մենք շատ ենք աշխատել ոստիկանական բարեփոխումները արագացնելու ուղղությամբ: Անձամբ ես հետևել եմ ձեր քայլերին գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Այս վերջին փուլում ես ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել էի ոստիկանության արտաքին ծառայության, նկատի ունեմ հասարակական կարգի պահպանության և ընդհանրապես հասարակության հետ անմիջական շփումն ապահովող գործառույթների, ինչպես նաև կատարված հանցագործությունների բացահայտման գործում ժամանակի պահանջներին հարիր որակական առաջընթաց ապահովելու  առաջնահերթության վրա: Պիտի ասեմ, որ այս երկու ուղղություններով էլ առաջընթաց տեսնում եմ:

ՀՀ ոստիկանության զորքերի, արտաքին ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ կա թեկուզ փոքր, սակայն տեսանելի և հստակ առաջընթաց: Այն արտահայտվել է ոչ միայն հանրային վայրերում, զանգվածային միջոցառումների, և մասնավորապես, ընտրությունների անցկացման ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանության ապահովմամբ, այլև առանձին իրավիճակներում ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին հասնելու համար համարժեք և չափավոր միջոցներ կիրառելու մեջ:

Մի շարք բավականին թեժ իրավիճակներում մենք ականատես ենք եղել ձեր սառը, համբերատար, որ չափազանց կարևոր հանգամանք է, և շատ դեպքերում նաև հոգատար գործելաոճին, և դուք հիմնականում կարողացել եք զարգացումները տանել գրագետ հունով: Սա տեսանելի է, տեսանելի է շատերի համար, բայց սա միայն գործի սկիզբն է, և կանգ առնելու իրավունք դուք  չունեք:

Արտաքին ծառայությունների մասով ես նոր եռանդի ու ավելի արագ տեղաշարժերի ակնկալիք ունեմ ձեզնից, նույնը նաև ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության գործունեության բնագավառներում: Ցավոք, պետք է նշեմ, որ այս երկու ծառայությունների աշխատանքում ես պարբերաբար նկատում եմ տեղատվություն. միջոցառումներ ենք իրականացնում, պահանջներ ենք ներկայացնում և որոշակի ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ աշխատանք, տեսնում ենք հասարակության դրական արձագանք, բայց անցնում է երկու, երեք, չորս շաբաթ, և նորից ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Սա չի կարելի թույլ տալ: Այստեղ ինձ համար անհասկանալի է դառնում ձեր ներքին անվտանգության ծառայության գործունեությունը:

Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՛մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի:

Տեսանելի է նաև առաջընթացը նախկինում կատարված, այդ թվում` հասարակական մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման, այդպիսի հանցագործություններով հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների և ստացված արդյունքների մասով: Սա նույնպես կարևոր մի ոլորտ է, որտեղ դուք ճիշտ ուղղության վրա եք, բայց դեռ զարգանալու, կատարելագործվելու շատ տեղ ունեք:

Այդուհանդերձ, չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: Խոսքը նաև այն բոլոր անընդունելի երևույթների մասին է, որոնք եղել են ու դեռևս կան ոստիկանության համակարգում: Հավատում եմ, որ փոփոխությունների ուղղությամբ ավելի մեծ արագություն հավաքելու դեպքում արատները թոթափելու հարցը շատ ավելի հեշտ կստացվի, և հավատացեք՝ շատ պարագաներում ինքն իրեն կստացվի:

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև քրեական գործերով կատարվող նախաքննության որակը: Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է: Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել: Գտնում եմ նաև, որ հանցագործությունների բացահայտման,  դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երևույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ ևս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը:

Հատկանշական է, որ նշված ուղղություններով ձեռնարկվելիք աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն բացասական երևույթներ ծնող պատճառները կամ անձանց բացահայտելով: Ի՞նչ նկատի ունեմ. շատ դեպքերում, երբ թյուրիմացություններ, թերություններ են լինում, հանցագործություններ են կատարվում, միշտ լսում ենք նույն պատճառաբանությունները: Բայց սա բավարար չէ: Իրոք, բավարար չէ: Մի անգամ հասկացանք, պատճառը լսեցինք, բայց երկու, երեք ամիս հետո՝ նույնանման դեպք և նույն պատճառներն են ներկայացվում: Անհրաժեշտ է նախանշել և մշակել այն կառուցողական լուծումները, որոնք հնարավորություն կտան արձանագրել առանցքային փոփոխություններ և դրանցից բխող դրական արդյունքներ:

Ընդ որում, պետք չէ միայն ապավինել օրենսդրական կամ կազմակերպական բարեփոխումներին, որովհետև փոփոխություն նախ և առաջ ակնկալում եմ այդ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործելակերպում և մտածելակերպի մեջ: Առաջին հերթին, որքան էլ օրենքները փոխենք, զուտ միայն օրենք կամ ընթացակարգեր փոխելով մենք չենք կարող հաջողության հասնել: Դա անհրաժեշտ գործընթաց է, բայց ոչ բավարար: Պետք է փոխել մեր մտածելակերպը: Հատկապես, որ այն կարծրացել է տասնամյակների ընթացքում: Եթե մենք չկարողանանք փոխել մեր և մեր ենթակաների մտածելակերպը, որևէ ուղղությամբ չենք կարող լուրջ հաջողությունների հասնել:

Մենք դանդաղելու շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող: Պետք է շարունակենք առաջընթացն արդեն հայտնի ուղղություններով և ձեռնամուխ լինենք խնդիրների լուծմանը մյուս ոլորտներում: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ամեն օր աշխատանքի գա մի բան  փոխելու հաճույքը զգալու  նկատառումով: Եթե մարդ իր աշխատանքից հաճույք չի ստանում, նա չի կարող արդյունավետ աշխատել: Հույս ունեմ, որ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից յուրաքանչյուրը, իրոք, հաճույքով կգա աշխատանքի, ու ցանկացած դրական տեղաշարժ նրա համար կլինի գրեթե երջանկություն: Ահա այսպիսի մոտեցում է մեզ անհրաժեշտ”,-ասել է երկրի ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ