20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատարանը տնատակ տվեց ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀԱԿ ակտիվիստների դատապարտման վերաբերյալ:

“Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին:

 Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության համակարգը արձանագրեց հետևյալ իրողությունները.

 –         Վարչախումբը որևէ մտադրություն չունի հետ կանգնելու իր` քաղաքական և քաղաքացիական հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճից, միևնույն ժամանակ գորովանքով վերաբերվելով իր հովանավորության տակ գտնվող հանցագործներին: Վկա` «Հարսնաքարի» դեպքերը, երբ նույնիսկ հրազենային մարմնական վնասվածքները կոծկվեցին, և ոչ ոք իրական պատժի ու պատասխանատվության չենթարկվեց:

–         Վարչախումբը, ունակ չլինելով գործել ազատ քաղաքական մրցակցության պայմաններում, նորից դիմում է պատանդներ վերցնելու իր ողորմելի քաղաքականությանը: Ռեժիմը վախենում է շարժման և քաղաքացիական հասարակության թափ հավաքող ակտիվությունից, ինչի վառ ապացույցն էր «Հարսնաքարում» Վահե Ավետյանի դաժան սպանությանն ի պատասխան հասարակական վրդովմունքի ձևավորումը, որի ակտիվ մասնակիցներից էին նաև դատապարտված ակտիվիստներից ազատության մեջ գտնվողները:

–         Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից:

–         Վարչախումբը հետայսու էլ ամեն կերպ հովանավորելու է ինչպես խոշտանգումն ու բռնությունը աշխատաոճ դարձրած ոստիկաններին, այնպես էլ շինծու գործեր և մեղադրանքներ հարուցող դատախազությանն ու դրանք դակող դատարաններին:

–         Դատաքննության ողջ ընթացքը ցույց տվեց, որ ապացույցների հետազոտումը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնովին անտեսվում են, դատաքննությունը, որպես գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանման իրավական գործընթաց, ըստ էության, շարունակում է Հայաստանի արադարադատության համակարգում կրել ձևական բնույթ:

–         Դատաքննությունը նաև ցույց տվեց, որ Դատախազությունն ու դատարանը իրար հետ մրցակցության մեջ էին մտել` թե ով ավելի եռանդով կկատարի վարչախմբի պատվերը:

 Փաստ է մի բան. Կոնգրեսի երիտասարդները ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ենթարկվել են ծեծի և խոշտանգումների (բռնությունները տեղի են ունեցել նաև դեպքի վայրում): Փաստ է նաև, որ ապօրինի բռնություն գործադրած որևէ ոստիկան մինչ օրս չի կանչվել պատասխանատվության:

 Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաև իրավապաշտպան և Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու և վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորելու հարցում:

 Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, Հայաստանի քաղաքացուն ձեռնոց է նետված: Մենք հայտարարում ենք, որ վերցնում ենք այդ ձեռնոցը և ջանք չենք խնայելու օր առաջ Սերժ Սարգսյանին և իր ավազակախմբին իշխանությունից հեռացնելու և գործած հանցանքների համար պատասխանատվության կանչելու համար: Եթե ավազակապետական համակարգի հաշվարկներով այս դատավճիռը թուլացնելու է պայքարը վարչախմբի դեմ, ապա ստիպված ենք հիասթափեցնել. այն շարունակվելու է ավելի ուժգին թափով”,-ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ