25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու միլիոն դոլարանոց ճաշակ. ինչո՞ւ է թաքցնում ժողովրդի վարչապետը իր մեծ ախորժակը. Հայելի

Մի քանի օր է լրատվամիջոցներում եփվում է կառավարական դաչայի շքեղ վերանորոգման թեման: Պետական բյուջեից մոտ երկու միլիոն դոլար է հատկացվել, որպեսզի Սերժ Սարգսյանի ապրած ամառանոցը հիմնահատակ վերանորոգվի, նոր տերերը չեն հավանում նախկինը ու նոր Հայաստանում որոշել են նոր առանձնատանն ապրել՝ գերթանկարժեք վերանորոգված, նորաձեւության վերջին ճիչով: Թեման եռռում է շատ հասկանալի պատճառով:

Քանի որ, երբ մեկուկես տարի առաջ իշխանության էին գալիս արտաքուստ ժողովրդի ծոցից ելած մարդիկ, թվում էր՝ ավելի պարզ ու ոչ քաղքենի իշխանություն պետք է ունենայինք: Թվում էր փողոցներում, վրանների , անձրեւի ու քամու տակ գիշերող, հազար զրկանքի պատրաստ մարդկանց միակ նպատակը երկիրը ծանր կացությունից հանելն է: Մանավանդ, որ հենց նրանք էին խոստանում, որ շքեղ կյանքին չեն տրվի, որ թիկնազորների շքախմբերով չեն շրջի, որ եթե պետք լինի ոտքով կգնան աշխատանքի ու այսպես շարունակ:

Սակայն պաշտոնավարման առաջին իսկ օրերից նրանք սկսեցին վայելել պաշտոնի բերած արտոնությունները՝ շրջել թիկնապահներով եւ ուղեկցող մեքենաներով։ Տարանջատվել հասարակությունից, անխնա օգտվել պետական բյուջեից եւ հարկատուներիս հաշվին շուրջերկրա ճանապարհորդություններ կատարել:

Այս հարցում, անշուշտ, առաջամարտիկը ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, հատկապես, տիկինը՝ Աննա Հակոբյանը:

Տիկնոջ գերթանկարժեք մի քանի վոյաժները եւ այդ վոյաժների ընթացքում իրականացրած շոփինգները հայտնվեցին մամուլի էջերում՝ հակառակ նրա համառ ջանքերի, որով ցանկանում էր գաղտնի պահել: Բայց քննադատությունների տարափից ընտանիքը ոչ այնքան սթափվեց, որքան էլ ավելի ագրեսիվ դարձավ՝ պետական միջոցները վայելելու հարցում:

Ու որոշեցին իրենց առանձնատանը համեստի փոխարեն շքեղ վերանորոգում անել: Իսկ ամենազավեշտալին, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի արդարացումներն են: ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, Փաշինյանը մի բան էլ մուննաթ է եկել՝հո, չեն թողնելու պետական գույքը ավերակ դառնա:

«Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»: Նիկոլ Փաշինյանը նոր աչքալուսանք էլ տվեց. «Այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված»:

Իհարկե, մենք չենք կասկածում, որ երկու միլիոն դոլարը դուք ծախսել եք շատ հիմնավորված՝ հագուրդ տալով ազնվական ձեր ճաշակին, չենք էլ ասում, որ պետության ղեկավարի ընտանիքը պետք է ապրի փլատակների տակ: Բայց միթե դուք չէիք խոստացել, որ ժողովրդից ոչ մի բան չեք թաքցնելու, էլ չենք հիշեցնում, որ վիճելի հարցում յուրօրինակ հանրաքվե եք անելու՝ բաց քննարկելով կնճռոտ հարցերը: Հիմա ինչու եք թաքցնում ձեր մեծ ախորժակը, եթե վստահ եք, որ ամեն ինչ ճիշտ եք անում:

Անի Սահակյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ