25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը պետք է իր «քոսոտներին» հավաքի, տանի այստեղից». 168 ժամ

«Արցախյան և հայաստանյան ներքաղաքական իրողություններից թղթակիցը  Ստեփանակերտում զրուցել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

– Մասնակցելո՞ւ եք արդյոք Արցախի գալիք նախագահական ընտրություններին։ Ունե՞ք վերջնական որոշում։

– Միանշանակ ասեմ՝ այո, մանավանդ վերջին ժամանակներում տարբեր մեկնաբանություններ են եղել, բայց երևի դրանք թյուրըմբռնման արդյունք են։ Նշել եմ, որ ըստ Սահմանադրության՝ նախագահի թեկնածու կարող է առաջադրել կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։ Ես ժամանակին ասել եմ, որ կա մեկ կուսակցություն՝ «Արդարություն» կուսակցությունը, ում հետ տարվա սկզբին կոնսուլտացիաներ ենք արել, մեր ծրագրերը համընկել են, նրանք հավանություն են տվել իմ ծրագրերին։ Հոկտեմբեր-նոյեմբերին տեղի կունենա «Արդարության» համագումարը, որտեղ կորոշվի առաջադրել իմ թեկնածությունը։ Իմ համաձայնությունը տվել եմ. միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին, որը, նախնական տվյալներով, տեղի կունենա 2020թ. մարտի  31-ին։

– Դուք ակնհայտորեն՝ հայտնի պատճառներով չեք վայելում Հայաստանի իշխանությունների աջակցությունը։ Դա Ձեզ որևէ կերպ անհանգստացնո՞ւմ է։

– Միանշանակ՝ ոչ։ Երբևիցե չի անհանգստացրել, չի անհանգստացնում և, համոզված եմ, չի անհանգստացնելու։ Ինձ համար էականն անձերը չեն, և համոզված եմ՝ երբ Արցախի ժողովուրդն իր քվեն կտա ինձ, ես, քանի որ իմ անձնական հարաբերությունները երբևիցե վեր չեմ դասել, կառաջնորդվեմ պետական շահով։ Ժամանակին ասել եմ, դեռևս 1994-ից առ այսօր բարձրաձայնում եմ, երբ նաև դեռ Անվտանգության խորհրդի քարտուղար էի, ու նոր իշխանություն եկավ Հայաստանում, կրկին անգամ ԱԽ նիստում բարձրաձայնել եմ միջպետական պայմանագրի կնքման հարցն Արցախի և ՀՀ-ի միջև։ Ինչո՞ւ եմ դա արել. որովհետև կփոխվեն անհատները, չի բացառվում, որ ԱՀ և ՀՀ առաջին դեմքերն անձնական խնդիրներ ունենան, բայց երբ լինի այդ փաստաթուղթը, բոլորը կառաջնորդվեն դրանով։ Համոզված եմ՝ եթե մինչ նախագահական ընտրություններն այդ միջպետական պայմանագիրը չկնքվի, իմ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանենք, որ կնքվի։ Իմ առաջին քայլերից մեկը դա պետք է լինի։

– Ըստ Ձեզ՝ ինչի՞ց սկսվեց Ձեր ու ՀՀ նոր իշխանությունների հակադրությունը, ի՞նչ թյուրըմբռնում եղավ, Ձեր ո՞ր արտահայտությունը սուր ընկալվեց։

– Ես երբեք պայմանավորվածություններից դուրս եկող մարդ չեմ։ Իմ ամբողջ կյանքի ու կենսագրության ընթացքում այդպես է եղել։ Երբ առաջին անգամ ՀՀ վարչապետը 2018թ. մայիսի 9-ին այցելեց Արցախ, հետո նաև երկրորդ աշխատանքային այցի ընթացքում մենք բազմաթիվ հարցեր բարձրաձայնեցինք՝ կարևորելով  միջպետական պայմանագրի կնքումը։ Այնուհետև Անվտանգության խորհրդի (ԱԽ) համատեղ նիստում համատեղ օրակարգային հարցեր ենք քննարկել, և մենք, ի դեմս Արցախի նախագահի, որևէ պայմանավորվածություն չենք խախտել։ Ավելին, ինչ հարցերի մասին խոսել ենք, ԱՀ նախագահի հրահանգով ստեղծվել են աշխատանքային խմբեր, դրանք Բակո Սահակյանի հանձնարարությամբ ղեկավարել եմ ես, և մենք արել ենք այն ամենը, ինչի մասին խոսել ենք։

Բայց ՀՀ իշխանությունները, ի դեմս վարչապետի, չեն կատարել, նույնիսկ չեն սկսել որևէ գործ, ընդհուպ՝ պայմանական 10 օրակարգային հարցերից որևէ մեկը սկսված էլ չի եղել։ Եվ ժամանակ առ ժամանակ ոչ միայն դրա վերաբերյալ անհամաձայնություն է եղել, ավելին ասեմ, մենք դիվանագիտական խողովակներով Ղարաբաղի հարցի շուրջ քննարկում ենք ունեցել առաջին աշխատանքային այցի ժամանակ, թե ինչ ֆորմատով ենք տեսնում մեր՝ բանակցություններին մասնակցությունը, և ՀՀ վարչապետը ստացել է լիազորություն, որ ներկայացնի Մինսկի խմբին մեր մոտեցումը, այն է՝ Արցախը պետք է բանակցային գործընթացին մասնակցի՝ որպես լիիրավ բանակցային կողմ։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Արցախի ժողովուրդն իրեն քվե չի տվել, ճիշտ է ասում, բայց ինքը չի գործում այդ տրամաբանության մեջ։

Ավելին ասեմ, թող չարախոսները բամբասեն. մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական  խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում են վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։

Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր։ Ես անձամբ ասել եմ, որ կա մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն։ Դա մեր դիվանագիտական ու քաղաքական որոշումն է։ Այդ ամենը ՀՀ և ԱՀ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների օրոք համաձայնեցվել է, որ Արցախը պետք է լինի անկախ, ինքնավար Հանրապետություն, և այսօր խոսել, թե Արցախը մարզ է, և վերջ՝ անթույլատրելի է։ Ասել եմ, որ այդպես ասողները ոտք չդնեն Արցախ։

Այդ մարդիկ՝ «Սասնա ծռերը», կարող եմ ասել, որ արևմտյան պրոյեկտ են, և այդ խմբերը, ի դեմս «Սասնա ծռերի», ժամանակ առ ժամանակ շրջանառում են այդ թեզը, և այդպես էլ մենք չտեսանք ՀՀ իշխանությունների կողմից որևէ ադեկվատ քայլ, գործողություն, մանավանդ, երբ այդ մասին բարձրաձայնում է բարձր պաշտոն զբաղեցնող, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Եվ վերջին դեպքը, երբ ՀՀ անկախության միջոցառմանը Փաշինյանը կանգնած էր տրիբունայում, ինչ-որ մեկը շնորհավորելով ՀՀ վարչապետին ու նախագահին՝ Արցախի նախագահին անվանեց Արցախի մարզպետ։ Այդ ժամանակ ևս մենք որևէ ադեկվատ արձագանք չլսեցինք ՀՀ վարչապետից։ Այնինչ պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր սթափ մտածող անձ, պետական մտածողություն ունեցող երկրի վարչապետ պետք է րոպե առաջ վերցներ բարձրախոսն ու ասեր՝ այդպես չէ, Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն  է մասնակցում ՀՀ անկախության օրվա տոնակատարություններին։

Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, երբ ինձ հարց ուղղեցին վերելակային դիվանագիտության մասին, միգուցե ինչ-որ տեղ՝ որպես պետական պաշտոնյա, ես իրավունք չունեի, բայց գտնում եմ, որ այն ճանապարհը, որն անցել եմ, ինձ տվել է այդ իրավունքը, իմ պատասխանից հետո «նիկոլականները» հարձակվեցին ինձ վրա։ Կգա ժամանակը, և մարդիկ կսթափվեն և կիմանան, թե ինչի մասին է խոսքը։ Ե՛վ վերելակային դիվանագիտության, և՛ տարբեր հանդիպումների մասին իմանալով՝ մենք ինչ-որ տեղ կոծկել ենք ՀՀ վարչապետին, չենք բարձրաձայնել  մի պարզ պատճառով, որ նորեկ է, շատ բաներից տեղյակ չէ, բայց հիմա համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը մի պրոյեկտ է իրականացնում, որ Հայաստանում ապրի ազգայինը չճանաչող, չընդունող մարդը։

Ես այդպես էլ չլսեցի հայ ազգի մասին իր խոսքը, ինքն անընդհատ հպարտ քաղաքացիներից է խոսում։ Եվ ինձ համար ակնհայտ է եղել թե՛ երեկ, թե՛ այսօր, թե ով է եղել Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունն ու նրա անդամները, ով է նրան բերել իշխանության։ Կգա ժամանակը, և ես ավելի մանրամասն կբարձրաձայնեմ։ Ես պարբերաբար սթափվելու կոչեր եմ արել, բայց Նիկոլ Փաշինյանը չի որոշում. որոշումը կայացնում է կենտրոնը։ Եվ այն խմբերը, որոնք այսօր գործում են, թե ԼԳԲՏ-ներ, թե սորոսական, թե այլ թև, թե Ամուլսար, աղանդավորներ, թե եկեղեցու դեմ պայքար… այս ամենը ղեկավարվում է մեկ կենտրոնից։

Ուզում եմ բարձրաձայն ասել, որ համայն հայությունն իմանա, որ երբևիցե Հայաստանում այսքան ծանր վիճակ չի եղել։ Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց նույնիսկ, երբ 1991-94 թթ. Արցախում և Հայաստանի սահմաններում ընթանում էին մարտական գործողություններ, երբ մենք Շահումյանը կորցրել էինք, չէին կարողացել պաշտպանել Մարտակերտի շրջանի մեծ մասը, մեր ժողովուրդն այդքան մտահոգված չէր, ինչքան այսօր, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վարում են այլ քաղաքականություն։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Ստեփանակերտում նրա հնչեցրած այն հայտարարությամբ, թե Արցախը Հայաստան է, և վերջ, նա Հայաստանը ներքաշել է պատերազմական գործողությունների մեջ։ Հայաստանը երբևիցե չի եղել հակամարտող, պատերազմի կողմ։

Արցախը է եղել պատերազմի կողմ, Արցախի, դեռևս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդն է պարտադրված պատերազմ ընդունել, և, իհարկե, միանշանակ, թե ՀՀ-ի, թե համայն հայության ջանքերով ու ուժերով հասել ենք անկախության։ Մեր բոլորի արյունով ու քրտինքով են շաղախված Արցախի տարածքի բոլոր հողակտորները։ Դա իմը չէ, մեր բոլորինն է, Արցախում ու ՀՀ-ում ապրող հայերի ու ազգային փոքրամասնությունների քրտինքն է։ Ու այսօր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն իմ նշած պրոյեկտի մի մասն է։ Նրանք ինչ-որ դիվանագիտություն են վարում՝ առանց Արցախի Հանրապետության իշխանությունների իմացության։

Բայց ասեմ, որ Արցախում, Հայաստանում համայն հայությունը թույլ չեն տալու այնպիսի որոշում կայացնել, որը կվտանգի ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ համայն հայությանը։ Արցախի հարցը ոչ թե համայն հայության պատվի, այլ գոյության հարցն է։  Այդ սորոսական հասարակական կազմակերպություններն էլ, որին Կառավարությունը, իբր թե դիտորդական առաքելություն իրականացնելու համար՝ ուղարկել է Արցախ, իրականում աչքակապություն է արել, ու նպատակը նրանց՝ Արցախ ներմուծելն է։ Թույլ չենք տալու, էլի եմ ասում՝ թույլ չենք տալու։ Նիկոլ Փաշինյանն այդ 34 մլն 800 հազար դրամ գումարը շուտ պետք է վերականգնի պետական բյուջե ու իր «քոսոտներին» հավաքի, տանի այստեղից»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ