23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, և ինչ ունենք այսօր․ 168.am

8A58FD7D-3273-4B5F-812C-A0D0C99ADD5F

168.am-ը գրում է․ «Իշխանափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանը շատ խոստումներ է շռայլել, ու այսօր կրակն է ընկել իր ասածների ձեռքը։ Երկար ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ դրանք հեռու են իրականանալուց։ Իհարկե, դա չի խանգարում, որպեսզի բազմաթիվ քաղաքացիներ շարունակեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ է, վարչապետի վարկանիշն այլևս այն չէ, այնուհանդերձ հասարակության մի ստվար հատված նույն կերպ հավատում է հեղափոխության առաջնորդին։

Դեռ ինչքան կպահպանվի այդ հավատը, ցույց կտա ժամանակը։ Շատ բան, բնականաբար, կախված է կառավարության աշխատանքից։ Այսօր, սակայն, կառավարության աշխատանքը դժվար է գոհացուցիչ համարել։ Ու ինչքան էլ վարչապետը փորձում է հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իր ղեկավարության ներքո կառավարությունը փայլուն աշխատում է, տնտեսությունը բարձր տեմպերով աճում է, աշխատավարձ ու թոշակ է բարձրանում, անվճար բուժօգնության շրջանակը ընդլայնվում է, միևնույն է, հասարակական կյանքում ձեռքբերումները նկատելի չեն։

Մարդիկ արագ փոփոխությունների հույս ունեին, սպասում էին, որ ամեն ինչ շուտով լավ է լինելու։ Բայց այդպես չեղավ։

Արդյունքները, որոնք գուցե կան, այնուհանդերձ քիչ են։ Առավել ևս, այն ակնկալիքների համեմատ, որոնք ձևավորվել էին։ Ժամանակն անցնում է, իսկ կառավարությունն այնքան էլ չի շտապում։ Քաղաքական իշխանությունը բռնել է դանդաղ առաջ գնալու ճանապարհը։ Ու դեռ հարց է, թե այս տեմպով գնալու դեպքում ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ իրականում զգան հեղափոխության տնտեսական ու սոցիալական արդյունքները։

Իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը շատ բան էր խոստանում։ Այնպես չէ, որ ոչինչ չի արվել` չեղարկվել են կարգազանց վարորդների տուգանքները, ներվել են ժամկետանց վարկերի տույժերը, թվում է, թե մրցակցային միջավայրում այլևս չկան խոչընդոտներ շուկա մտնելու, տնտեսական գործունեության ծավալելու համար։ Բայց դրանից ոչ տնտեսության վիճակն է բարելավվել, և ոչ էլ հասարակության սոցիալական պայմանները։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գործող բարձր գների մեղավորը համարում էր մենաշնորհային տնտեսությունը։ Վարչապետի պաշտոնում նրա առաջին հայտարարություններից մեկը վերաբերում էր մենաշնորհների վերացմանը։

Եթե հավատանք վարչապետին ու իր կառավարությանը, ապա Հայաստանում վաղուց մենաշնորհներ չկան, շուկաներն ազատ են բոլորի համար, մարդիկ կարող են ցանկացած ապրանք գնել և վաճառել։ Թվում էր, թե դա պիտի բերեր գների նվազեցման, որովհետև մենաշնորհների պայմաններում արհեստական բարձր գներ էին հաստատվել։

Բայց վարչապետի հայտարարած անմենաշնորհ միջավայրում գներն այդպես էլ չնվազեցին։ Ավելին, դրանք այսօր էլ շարունակում են բարձրանալ։ Եվ դա տեղի է ունենում ազգային արժույթի արժևորման պայմաններում, ինչը ենթադրում է ներմուծման էժանացում։

Արդեն երեք-չորս ամիս է, ինչ դրամն ամրապնդվում է, իսկ ներմուծման գները չեն իջնում։

Մրցակցային միջավայրը Հայաստանում նույնքան անմխիթար վիճակում է, ինչպես նախկինում էր։ Եվ այս առումով շատ բան չի փոխվել։ Բազմաթիվ շուկաներում այսօր էլ կենտրոնացվածությունը չափազանց բարձր է։ Իսկ այն, որ առանձին դեպքերում որոշ խոշոր խաղացողներ` նոր ընկերություններ հիմնելու միջոցով, արհեստականորեն նվազեցրել են իրենց մասնակցությունը, ոչ մի նշանակություն չունի։

Գնաճը որքան էլ արտաքուստ ցածր է, այնուհանդերձ առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքներն այժմ էլ շարունակում են արագացված տեմպերով թանկանալ։ Դրանց գները երբեմն երկնիշ թվերով են աճում։ Թանկացումների տեմպը բարձր է հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի դեպքում։

Բայց Նիկոլ Փաշինյանն այլևս հետևողական չէ դրանում, արտաքուստ ցածր ներկայացվող գնաճն այլևս կարծես մանիպուլյացիա չի համարում, այլևս չի ասում, թե ինչու Վիճակագրական ծառայությունն առանձին չի ներկայացնում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում տեղի ունեցող գնաճային փոփոխությունները, որոնց ազդեցությունը հասարակության, առավել ևս՝ աղքատ խավերի վրա անհամեմատ ավելի մեծ է։ Կարևորը՝ միջին գնաճը ցածր է և տեղավորվում է նախատեսված թիրախային ցուցանիշների շրջանակներում։

Չնայած կոռուպցիոն երևույթների, թալանի ու չարաշահումների, ուռճացված սակագների կիրառման վերաբերյալ բազմիցս արված հայտարարություններին` սակագների նվազեցում այդպես էլ տեղի չունեցավ հանրային ծառայությունների ոլորտում։

Իսկ ի՞նչ է փոխվել աշխատավարձերի առումով։ Բյուջեով աշխատավարձ չի բարձրացրել։ Այսինքն `դրա համար լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել։

Այդ պայմաններում, անշուշտ, դժվար է պատկերացնել, թե ինչի՞ հաշվին են առանձին ոլորտներում աշխատավարձերն ավելացել։ Մնում է ենթադրել, որ դա կարող էր լինել աշխատողների կրճատման կամ աճպարարությունների կիրառման միջոցով։ Արդեն կան խոսակցություններ, որ նույն ոստիկանության համակարգում հայտարարված աշխատավարձի 30 տոկոս բարձրացումն իրականում բլեֆ է. դա արվել է նախկին պարգևավճարները որպես աշխատավարձի հավելում ձևակերպելու միջոցով։

Իշխանափոխությունից հետո հասարակության եկամուտներն էական փոփոխություն չեն կրել։ Գուցե մի փոքր բարձր, բայց գրեթե նույն իներցիոն աճն է միջին աշխատավարձի ոլորտում։ Եվ, որ ավելի վատ է, աճի տեմպը ցածր է մասնավոր հատվածում, ինչը վկայում է տնտեսության ոչ բարվոք վիճակի մասին։

Կառավարությունը սահուն իր վրայից գցեց մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը։ Դա այլևս ոչ թե նրա, այլ քաղաքացու հոգսն է։

Նոր աշխատատեղեր Հայաստանում գրեթե չեն բացվում։ Ու դեռ հարց է, թե այս ընթացքում քանիսն են փակվել։

Տնտեսության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները հեռու են իրականություն դառնալուց։ Մինչև վարչապետ դառնալը նա խոստանում էր մեծածավալ ներդրումներ, բայց ներդրումները չեն ավելանում, օտարերկրյա ուղղակի կապիտալի հոսքերը նվազել են։ Տնտեսությունը պիտի թռիչքային աճ ապահովեր` այդ մասին վերջին շրջանում այլևս խոսակցություն չկա։ Նույնը՝ նաև ներառական տնտեսական աճի դեպքում։ Թե հասարակությունն այսօր որքանով է զգում տնտեսական աճի ազդեցությունը, դժվար չէ պատկերացնել։

Այլ բան, իհարկե, չէր էլ կարող լինել։ Վիճակագրական այն աճերը, որոնք կան, հիմնականում այնպիսի ոլորտների հաշվին են, որ էական մասնակցության չունեն տնտեսության մեջ իրական արդյունքի ձևավորման գործում։ Տնտեսության աճի կառուցվածքը Հայաստանում  նույնիսկ ավելի վատ է, քան նախկինում էր։

Արտաքին շուկաներ միտված տնտեսական քաղաքականություն իրականացնող կառավարությունն արտահանման անկում է արձանագրում։ Տնտեսության մեջ ներկայացվող բազմաթիվ վիճակագրական «հաջողություններն» էլ ուղղակիորեն պայմանավորված են նախորդ շրջանի պասիվությամբ։ Հազիվ թե որևէ մեկը կարող է ասել, որ այսօր Հայաստանում կա հայտարարված տնտեսական հեղափոխության շունչը։

Իհարկե, սրանք չեն այն ամենը, ինչ իշխանափոխությունից հետո պիտի տեսներ հասարակությունը։ Բայց սա էլ բավական է հասկանալու համար, թե ինչ էր ասվում ժամանակին, և ինչ ունենք այսօր»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ