29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թեղուտում անբարենպաստ իրավիճակի դեպքում «Վալլեքսը» պատասխանատվություն չի կրի

9dXkOZcWUWFZZ1vDph6dP16dRC

«Վալլեքս» խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներկայումս Թեղուտի լեռնահանքային համալիրի նկատմամբ որեւէ վերահսկողություն կամ ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որեւէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետեւանքների համար: 

«Արձագանքելով Թեղուտի լեռնահանքային համալիրի պոչամբարի անվտանգության մասին շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հարցումներին եւ լրատվամիջոցներում այս հարցին առնչվող հրապարակումներում «Վալլեքս» խմբի ու նրա առանձին ընկերությունների վերաբերյալ հիշատակումներին՝ տեղեկացնում ենք.

Թեղուտի լեռնահանքային համալիրի ստեղծման եւ գործարկման աշխատանքներին զուգահեռ «Վալլեքս» խմբի ձեռնարկած հետեւողական գործողությունների արդյունքում «Թեղուտ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) ներդրվել են բնապահպանական եւ առողջության պահպանության ու աշխատանքի անվտանգության ապահովման կառավարման համակարգեր՝ համաձայն ISO 14001:2004 (բնապահպանական) եւ OHSAS 18001:2007 (առողջության պահպանություն եւ աշխատանքի անվտանգության ապահովում) միջազգային ստանդարտների։

Այդ ստանդարտների պահանջներին Ընկերության գործունեության համապատասխանությունը հավաստվել է ոլորտում մասնագիտացված ու միջազգային համբավ ունեցող ТÜV (Գերմանիա) կազմակերպության 2017 թվականի սեպտեմբերի 5-ին տրված հավաստագրերով:

Ընկերությունում ներդրված վերոհիշյալ կառավարման համակարգերի պահանջների շրջանակներում 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ընկերությունը նախաձեռնել է պատվարի սեյսմիկ եւ ստատիկ կայունության ուսումնասիրություն եւ գնահատում՝ այդ նպատակով ներգրավելով միջազգային ճանաչում ունեցող, մասնագիտացված կազմակերպությունների (բրիտանական In Situ Site Investigation Services (www.insitusi.com), ամերիկյան Global Resource Engineering (www.global-resource-eng.com) եւ ավստրալական ATC Williams (www.atcwilliams.com)): Ներգրավված կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման եւ սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ։ Հետեւաբար՝ անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ տրամադրված եզրակացությունների խորքային ուսումնասիրությունը վկայում է, որ պոչամբարի պատվարի անվտանգության ապահովման աշխատանքների կատարման անհրաժեշտությունը որեւէ կերպ չի կարող նվազել պոչամբարի շահագործման ժամանակավոր դադարի արդյունքում։

Համաձայն տրված եզրակացությունների՝ պոչամբարի պատվարի կայունության վտանգներն էապես չեն նվազելու նույնիսկ նախագծայինից զգալիորեն ցածր ծավալներով արտադրողականությամբ կոմբինատի շահագործման դեպքում։

Լիարժեքորեն գիտակցելով, որ ֆինանսավորող ՎՏԲ բանկը (այսուհետ՝ Բանկ) կարող է իրավիճակն օբյեկտիվ չգնահատել, եւ «Վալլեքս» խումբը կարող է կորցնել տասնամյակների ջանքերով ստեղծված լեռնահանքային համալիրը՝ մենք տարածաշրջանի ազգաբնակչության առողջության եւ կյանքի անվտանգությունը համարել ենք գերակա եւ 2018 թվականի հունվարի 12-ից կասեցրել ենք լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը՝ զուգահեռաբար իրականացնելով առկա արտադրական հզորությունների, կոմբինատի սարքերի, սարքավորումների եւ գույքի պահպանման ու դրա գործունակության ապահովման նպատակով ընթացիկ սպասարկման գործողություններ:

Մենք մշտապես եւ օպերատիվորեն իրազեկել ենք Բանկին պոչամբարի հետ կապված խնդիրների, Թեղուտի լեռնահանքային համալիրի աշխատանքի անխուսափելի դադարեցման եւ վերսկսման նախապայմանների մասին։

2018 թվականի հուլիսի 23-ին Բանկին հասցեագրված հերթական նամակում «Վալլեքս» խմբի ընկերությունները եւս մեկ անգամ շահագրգռվածություն են հայտնել Թեղուտի լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանման եւ հարստացման աշխատանքների վերսկսման հարցում՝ ընդգծելով, որ դա կարող է արվել բացառապես  տեխնիկական եւ բնապահպանական միջազգային ստանդարտների պահանջների պահպանմամբ:

Նույն նամակում ներկայացվել են նաեւ այն անհրաժեշտ քայլերը, որոնք կերաշխավորեն Թեղուտի լեռնահանքային համալիրի անվտանգ վերագործարկումը եւ երկարաժամկետ շահագործումը՝ նվազագույնի հասցնելով վերոհիշյալ ռիսկերը:

Ցավոք՝ Բանկը բացահայտված իրական վտանգն օբյեկտիվորեն չգնահատեց, ինչի արդյունքում «Վալլեքս» խումբը կորցրեց Ընկերությանը պատկանող Թեղուտի լեռնահանքային համալիրի նկատմամբ վերահսկողությունը՝ հայտնվելով նաեւ Բանկի հետ բազմաբնույթ դատական վեճերում։

Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի եւ առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համապատասխան հաշվառում վարելու եւ հետագա վերահսկողություն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների եւ նախկին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները:

Պոչամբարի կայունության խնդրին առնչվող բոլոր վերոնշյալ հաշվետվություններն ու փաստաթղթերը Ընկերության գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի հետ միասին պատշաճ կերպով տրամադրվել են նաեւ Ընկերության՝ Բանկի նշանակած նոր ղեկավարությանը:

Տեղյակ լինելով, որ Ընկերությունը՝ ի դեմս ներկա բաժնետերերի ու գործադիր մարմնի, փաստացի վերագործարկել է Թեղուտի լեռնահանքային համալիրը՝ հերթական անգամ հայտարարում ենք, որ «Վալլեքս» խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որեւէ վերահսկողություն եւ (կամ) ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որեւէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետեւանքների համար»,- ասվում է հայտարարությունում։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ