20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ և քաղաքական պատասխանատվությունը, որը նա պետք է կրի և քայլեր ձեռնարկի, չի իրականացնում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրված «ՍանիՏեք» ընկերության մամուլի ասուլիսը կարող է վնասել Հայաստանին և մայրաքաղաք Երևանին, ավելին՝ կարող է հեղինակազրկել հայաստանյան պետական ինստիտուտները, քանի որ խոսքը մի կազմակերպության մասին է, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող։ Այս մասին այսօր Կառավարության շենքի մոտ հրավիրված հրատապ մամուլի ասուլիսին նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին «ՍանիՏեք» ընկերությունը Թբիլիսիում հանդես կգա մամուլի ասուլիսով, ընկերության հայտարարության մեջ նշված է, որ ասուլիսին կպատասխանեն լրագրողներին հուզող բոլոր հարցերին։

Դավիթ Խաժակյանը կոչ արեց ընկերության համասեփականատերերին և  ղեկավարությանը զերծ մնալ Թբիլիսիում ասուլիս տալուց, քանի որ դրանով վատ նախադեպի սկիզբ է դրվելու ոչ միայն մասնավոր կազմակերպության հետ համայնքի կամ պետության համագործակցության քննարկումների հարցում, այլև մյուս ներդրողների համար։

«Պատկերացրեք, մի շարք միջազգային ներդրողներ ևս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրեն այլ երկրներում մամուլի ասուլիսների և Հայաստանին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ։ Կարծում եմ՝ այդ ասուլիսը չպետք է այնտեղ տեղի ունենա, թող Երևանում պատասխանեն լրագրողների և երևանցիների հարցերին։ Անկախ այն պատճաբանություններից, ինչ «ՍանիՏեքը» կարող է բերել, սա ինքնին վատ նախադեպ է»,- շեշտեց Դ. Խաժակյանը։

Նրա խոսքով՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելու հետ կապված՝ մինչև այս պահն ընկերությունը որևէ բացատրություն չի տվել։ Դ. Խաժակյանի համար հստակ է միայն մեկ բան, որ այսքան ժամանակ ընկերությունն իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու որևէ խոչընդոտ չի ունեցել։

Նա նաև նկատեց, որ ամեն ինչ սկսվեց 2018 թվականի ավագանու ընտրություններից, երբ հնչեցին խոստումներ, թե խնդիրը պետք է կարգավորվի։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ ընկերության դեմ ցույց էին անում՝ պահանջելով աղբահանությունն իրականացնել պատշաճ մակարդակով, և այս ամենն անում էին այն ժամանակ, երբ Երևանը չուներ ընտրված քաղաքապետ։

«Մեկ տարի առաջ Հայկ Մարությանը, որպես թեկնածու, հայտարարում էր, որ լուծելու է այս խնդիրները, և Նիկոլ Փաշինյանը՝ հանդիսանալով վարչապետ, երաշխավորում էր խնդիրների լուծումը։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ և ըստ էության քաղաքական պատասխանատվությունը, որը նա պետք է կրի և քայլեր ձեռնարկի, չի իրականացնում։ Հիմա որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, որ քաղաքապետը հստակ ժամանակում չի կարողանում իրականացնել իր գործառույթները, ուստի որպես ավագանու անդամներ՝ այլևս չգիտենք, թե քաղաքապետից ինչ պահանջենք։ Քաղաքապետարանը և «ՍանիՏեքը» մտել են ինքնանպատակ պայքարի մեջ, ո՛չ քաղաքապետարանն է քայլ իրականացնում խնդիրն ընկերության հետ լուծելու, ո՛չ էլ ընկերությունն է ականջալուր լինում հասարակության ձայնին»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ