29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս ավարտված է. Ֆրանսիացի փաստաբան

67780875_722825624834278_2773131001432375296_n

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի խոսքով՝ եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս ավարտված է։
«Մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել։ Այս ամենի գագաթնակետն այն եղավ, երբ դատավոր Դանիելյանը թույլ չտվեց Քոչարյանի փաստաբանին ելույթ ունենալ։ Անգամ դիկտատուրայում նման բան չի լինում, քանի որ դիկտատուրայում բոլորը խաղում են իրենց դերակատարումներն այդ կատակերգության մեջ, այնտեղ գոնե թույլ են տալիս մարդուն ելույթ ունենալ՝ առանց նրա խոսքին ուշադրություն դարձնելու։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մեկ ամիս առաջ, պարզապես պատմական էր, քանի որ քրեական գործն իմաստազրկվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝ Քոչարյանի գործի շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել տարբեր աստիճանի բռնություններ, սակայն իրենք առանձնացրել են չորս հիմնական փուլեր, որոնք կարևոր են։

«Դատավորը պարոն Քոչարյանին կալանավորեց հեռախոսազանգերից հետո։ Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը, և ուզի դատավորը թե ոչ՝ դա առաջին փուլն էր, որն իրենից հետո կբերեր դատավորի ազատման դիմումը եվրոպական ցանկացած երկրում։ Բռնությունների երկրորդ փուլն այն էր, երբ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա, սա անընդունելի է»,- ասաց նա:

Ըստ Սևակ Թորոսյանի, բռնությունների երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր, և ամենավերջինը՝ չորրորդ փուլը, զառանցանքի հասնող փուլ էր, երբ վարույթ սկսեցին այն դատարանի նկատմամբ, որը  փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։

Փաստաբանի կարծիքով՝ Հայաստանում կլինի դատավորների պայքար՝ անկախ և ենթարկվող դատավորների միջև։ Եվ այդ պայքարում կա՛մ պետք է հաղթեն անկախ դատավորները, կա՛մ որևէ ապագա չի տեսնում։

Նա նաև հավելեց, որ Քոչարյանի գործի շրջանակներում իրենց դիտարկած չորս փուլերից առնվազն երեքում նկատել են, որ փորձել են դատավորներին ճնշել։

Փաստաբանն իր զարմանքն արտահայտեց այս երևույթների նկատմամբ հասարակության իներտ վերբերմունքի վերաբերյալ՝ նշելով, որ այնպիսի տպավորություն ունի, որ «Հայաստանում բոլորը քնած են»։

«Հույս ունեմ, որ չենք հասնի Եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Հուսամ՝ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան՝ լրագրողներիդ, փաստաբանների, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ