24 Օգոստոսի, Saturday, 2019

Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլը. Փաստ

36243_Hrayr_Tovmasyan12_M

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը:

Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Սահմանադրությամբ ամրագրված է նախագահի անձեռնմխելիությունը, ըստ որի, Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Եթե դատարանը որոշի, որ Քոչարյանը գործել է իր լիազորության սահմանում ու անձեռնմխելի է այդ առումով, ապա նրա դեմ քրեական գործը պետք է չեղարկվի:

Այն բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց, վարչապետ Փաշինյանը կտրուկ քայլերի դիմեց` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը, հանկարծ հայտնաբերելով, որ դատավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը և պետք է վեթթինգի ենթարկվեն: 

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք, և դատարանի նախագահին ու անդամներին Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններից կախված լինելու մեջ:

Ավելին` վարչապետը ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին և Գագիկ Հարությունյանին՝ դատական իշխանությունը յուրացնելու մեջ: Փաշինյանը շատ կոնկրետ կոչ է անում Հրայր Թովմասյանին՝ սեփական կամքով դադարեցնել լիազորությունները, սակայն վերջինս չընկրկեց: Ավելին` որոշեց ձիով քայլ անել և Քոչարյանի գործի սահմանադրականության հարցը պարզել եվրոպական կառույցների` ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջոցով:

Այս կերպ Սահմանադրական դատարանը, փաստացի, խուսափեց Քոչարյանի գործով ուղղակի հարձակումներից և գերադասեց հիմքեր ստանալ ոչ թե որոշումից հետո, այլ առաջ: Վենետիկի հանձնաժողովն արդեն հասցրել է գործող իշխանությունների համար տհաճ գնահատականներ տալ, ինչից հետո Փաշինյանը հրաժարվեց վեթինգի գաղափարից:

Եվ հիմա ՍԴ-ում հավանաբար հույս ունեն, որ նման ձևով ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովին հղում անելով՝ կընդունեն որոշում, որը կասկածի տեղիք չի տա: Այդ դեպքում Փաշինյանը որևէ հիմք չի ունենա ՍԴ-ին մեղադրել, որ վերածվել է նախկին պաշտոնյաների կողմից «սեփականաշնորհված կրպակի»: 

Մյուս կողմից՝ ՍԴ նման քայլը թույլ է տալիս մեր երկրին խուսափել հետագա բարդություններից, մասնավորաբար արդեն ընդունված որոշման առումով որևէ կողմից ՄԻԵԴ դիմելու հեռանկարից:

Այս ընթացքում գործող իշխանությունը չի մոռացել, թե ով է կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, իսկ աշխատասենյակն էլ կնքվել է, համակարգիչն` առգրավվել: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել է, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում: Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Օհանջանյանը չի մանրամասնել։

Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ այդ գործը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ի դեպ, ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից: Սակայն հիմա հանկարծ նորից վեր է հանվում այս գործը: 

Կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության և ՍԴ-ի միջև առճակատումը ավելի է սրվում: Արդեն այնքան է սրվել, որ դուրս է եկել զուտ ներհայաստանյան օրակարգից ու տեղափոխվել Եվրոպա: ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքը Հայաստանը ձեռք է բերել 2018թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրության հիման վրա։ Սա կարծես առաջին դեպքն է, երբ իրացվում է այդ իրավունքը, և Հայաստանի բարձրագույն դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմում է այդ կառույցներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ