20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չապականենք այդ տաճարները… ամենաբարդ պահերին հենց այդ տաճարներն են մեզ էլի միավորելու». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջնորդների պատմական դերի գնահատման ու հայոց պատմության մեր դասագրքերի մասին…

Սոցիալական ցանցերում, մամուլում կամ մեր առօրյայում հաճախ ենք խոսում այս կամ այն առաջնորդի պատմական դերի մասին, առանձնացնում հերոսների ու հակադրում հակահերոսներին: Երբեմն էլ դա արվում է տեղի ունեցող իրադարձությունների թարմ հետքերով, դրանց տպավորության ազդեցությամբ: Նման գնահատումներն ու ընդհանրացումները ամեն ինչ են, բացի լրջմիտ լինելուց: Ահա, թե ինչու:

Ընդհանրապես, առաջնորդների դերը պատմության մեջ անաչառորեն գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է ժամանակի բավարար հեռավորություն: Միայն ժամանակային բավարար խզվածքն է, որ հնարավորություն է տալիս անաչառորեն գնահատել պատմության այս կամ այն էպոխան, այդ էպոխայում կառավարած այս կամ այն առաջնորդին: Օրինակ, գիտական լուրջ ավանդույթներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ համալսարաններում, անթույլատրելի է համարվում գիտական հետազոտության առարկա դարձնել մի պատմափուլ, որից գոնե դեռ 30-50 տարի ժամանակ չի անցել: Ինչու՞: Որովհետև գոնե այդքան ժամանակ անհրաժեշտ է շատ երկրներում արխիվացված փաստաթղթերի հանրայնացման` բացվելու համար: Դա վերաբերում է առաջին հերթին երկրի ղեկավարների ախիվներին: Իսկ առանց աղբյուրների պատշաճ համադրման, որևէ եզրակացություն չի կարող լինել ամբողջական/անաչառ: Այս առումով, դեռ երկվա կամ այսօրվա դեպքերն ու դեմքերը գիտական հետազոտության ու վերլուծության առարկա կարող են դառնալ գիտական այլ դիսցիպլինաների կողմից` քաղաքագիտություն, սոցիոլոգիա և այլն: Բայց ոչ երբեք` պատմագիտության:

Բացի այդ, ժամանակակից ժողովրդավարություններում գոնե այդքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընթացիկ քաղաքականությունը կտրվի դրան նախորդած քաղաքական ցիկլից, ինչը հնարավորություն է տալիս այդ էպոխայի, այդ էպոխան մարմնավորող առաջնորդներին տրվող գնահատականները առավելագույնս դուրս դնելու ընթացիկ քաղաքական նպատակահարմարության ազդեցությունից:

Այս տեսանկյունից, երբ ժամանակ առ ժամանակ հանրային/քաղաքական քննարկումների ու բանավեճերի առարկա է դառնում հայոց պատմության դպրոցական դասագրքերի բովանդակությունը, կարծում եմ, հիմնական պատճառը պետք է փնտրել հենց այստեղ` վերևում շարադված սկզբունքներից շեղման տիրույթում: Մեր դասագրքերում պատմության շարադրանքն այսօր բերված է մինչև համարյա մեր օրերը, ինչը սխալ է: Վստահ եմ, հայոց պատմության դասագրքերում դեպքերի շարադրանքը պետք է հասցնել միայն մինչև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը` 1991 թ. (շատ համառոտակի Արցախյան ազատամարտը` 1991-1994թթ., ներառելու գաղափարը ևս դիտարկելի է):

Իսկ ընդհանրապես, որևէ առաջնորդի պատմական դերակատարության գնահատականների հիմքում պետք է նախևառաջ դնել տվյալ առաջնորդի` պատմության (ժամանակի/անցյալի/ապագայի) ընկալման չափումները: Էդ առումով, իմ կարծիքով, երեք չափում կարող ենք առանձնացնել, հետևաբար և առաջնորդների երեք տիպ:

Առաջինը դա, պատկերավոր ասած, պատմության կարճ կամ «լրագրողական ընկալումն» է. դա այն է, երբ առաջնորդը իր պատմական առաքելությունը տեսնում է իրեն տեսանելի կարճ, հատվածական ժամանակային սահմաններում: Ժամանակի ու պատմության «լրագրողական» ընկալումը առաջնորդներին «ստիպում» է սեփական առաքելությունը տեսնել ժամանակային այնպիսի միջակայքում, որքան, պատկերավոր ասած, կյանք ունի «լրագրողական նյութը»: Պատմության վերջնահաշվարկում նման առաջնորդները տիպաբանորեն, գրեթե առանց բացառության, գնահատվում են իբրև ձախողված: Նման օրինակներով հարուստ է և մեր և համաշխարհային պատմությունը: Անուններ չեմ նշում միտումնավոր:

Առաջնորդների կողմից պատմության ընկալման երկրորդ չափումը կարող ենք պատկերավոր կոչել «տնտեսական»: Դա այն է, երբ պատմությունը/ժամանակը առաջնորդների կողմից ընկալվում են հանրային կացութաձևի կամ տնտեսական որոշակի ցիկլի համատեքստում, ինչը համաշխարհային փորձից ելնելով 50-100 տարվա տեսլական է ենթադրում: Պատմության ու ժամանակի, առաքելության նման ընկալում ունեցող առաջնորդները, սովորաբար, պատմության վերջնահաշվարկում գնահատվում են իբրև բարեփոխիչներ` ներկայացվելով դրական լույսի ներքո: Առաջնորդների այս տիպը մեր ու համաշխարհային պատմության ամենահաճախ հանդիպող տեսակն է: Կրկին, անուններ չեմ նշում միտումնավոր:

Ու վերջապես, առաջնորդների կողմից պատմության ու ժամանակի երրորդ ընկալումը դա քաղաքակրթական ընկալումն է, երբ առաջնորդները իրենց առաքելությունը և իրենց կողմից վարվող քաղաքականությունն ու նախաձեռնությունները «տեսնում» են ժամանակային շատ ավելի երկար հորիզոնում, որտեղ հարյուրամյակներ ու հազարամյակներ է պահանջվում քաղաքակրթությունների ծննդի, զարգացման, տրանսֆորմացիայի կամ անկման համար: Համաշխարհային պատմության փորձից ելնելով նման առաջնորդները ժամանակաստեղծ են, նրանք են, որ բեկում են պատմության ընթացքը և այլն: Մեր, իսկ պատմության նմանատիպ առաջնորդներից էին, օրինակ Արտաշես Ա-ն, Վռամշապուհը և այլն:

Երբ խոսում ենք այս կամ այն առաջնորդի «պատմական առաքելության», «պատմական դերի» և նման վեհ բաների մասին, հիշենք, որ էդ պատմությունն էլ գիտություն է, գիտություն է ժամանակի ու հայրենիքի մասին` իր գիտական մեթոդներով, իր գիտական ապարատով և հեչ պարտադիր չէ ժամանակի ամեն մի «անցորդի» երկու բաժակի կամ մարիխուանայի ազդեցությամբ պատմական առաքելություն ու դերակատարություն վերագրել…. Դա թեթևամտություն է… Մի մտե՛ք պատմության տաճարը: Պատմությունն էլ, լեզվի նման սուրբ բան է: Չապականենք այդ տաճարները… ամենաբարդ պահերին հենց այդ տաճարներն են մեզ էլի միավորելու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ