15 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

Երկիրը պառակտման տանելն ու ջլատելը անթույլատրելի է. Վարդգես Բաղրյան

110036

Վերջին շրջանում Արցախի ներքաղաքական կյանքում չի կարելի չնկատել որոշակի լարվածություն՝ հատկապես Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքի և նրա կողմից հակասահմանադրական կոչեր հնչեցնելու հետ կապված:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը և ավելացրել, որ, այս ամենով պայմանավորված, բնակչության շրջանում առկա որոշակի լարվածությունն անթույլատրելի է:

«Ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ կառուցում ենք ժողովրդավարական պետություն, իսկ դա նշանակում է, որ օրենքի առաջ բոլորը պատասխանատու են հավասարապես: Ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության սահմաններում, և որևէ մեկը իրեն չի կարող բարձր դասել Մայր օրենքից: Թե ով է ընտրվելու նախագահ, որոշելու է ժողովուրդը: Նրանք տալու են իրենց քվեն այս կամ այն թեկնածուի օգտին: Երկիրը պառակտման կամ էլ հակամարտության տանելն ու ջլատելը միանգամայն անթույլատրելի է»,- նշել է Վ. Բաղրյանը:

Պատգամավորի խոսքով՝ արտաքին հակառակորդը ցանկացած պահի կարող է օգտվել այդ պառակտումից, և սպասվող համապետական ընտրություններից Արցախը պետք է դուրս գա ոչ թե թուլացած, այլ ավելի ուժեղացած ու համախմբված, որպեսզի թշնամին տեսնի, որ Արցախը միասնական է:

«Աստված մի՛ արասցե, եթե անցանկալի միջադեպեր լինեն: Սրանք շատ վտանգավոր են և անթույլատրելի: Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը և վստահ եմ, որ հակասահմանադրական ու հակաօրինական որևէ քայլ չեն անի: Ողջունում եմ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության՝ օրերս տարածած հայտարարությունները: Գտնում եմ, որ շեշտադրումները ճիշտ են արված, քանի որ մենք ցնցումների տանելու երկիր չունենք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի հաղթահարման համար ստիպված լինենք ելքեր փնտրել: Տարբեր հրապարակումներ եմ տեսնում, որոնք անհանգստություն են պատճառում, սակայն արցախահայության ճնշող մեծամասնությունը մնալու է իր բարձունքի վրա և երբեք երկիրը ցնցումների չի տանելու: Ես համոզված եմ դրանում, քանի որ նույնիսկ ամենածանր պահերին մենք եղել ենք միասնական և այդ միասնությամբ ենք դիմակայել մեր բոլոր հակառակորդներին ու, ի վերջո, տարել հաղթանակ»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ