24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե նոր տատանումներ չլինեն, մոտ մեկ ժամվա ընթացքում ողջ երկրում էլեկտրամատակարարումը կվերականգնվի. փոխնախարար

Սա ամենախոշոր վթարն է 2013 թվականից հետո. երկու խոշոր կայան անջատվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած խափանումներին:

Նրա խոսքով, այս պահին Լոռու եւ Տավուշի մարզերի մի մասը անջատել են Հայաստանի էներգոհամակարգից, միացված է վրացական էներգոհամակարգին:

«Վրաստանից մոտ 27 մգվտ հոսանք ենք ստանում եւ այդ մարզերի էներգոմատակարարումը վերականգնված էր: Իրանից եւս ներմուծման ռեժիմով աշխատում ենք: Անընդհատ տատանվում է ներմուծման ռեժիմը՝ կախված պահանջարկից: Ամբողջ խնդիրն այն է, որ անընդհատ չի կարող այդ ներմուծման ռեժիմը լինել կամ ամբողջ գծերի թողունակությամբ, որովհետեւ մենք հարավում ունենք գեներացիոն կայաններ, Որոտանի կասկադը եւ հնարավոր չէ, օրինակ, հազար մգվտ գեներացնել եւ այդ ամբողջը տեղափոխել երկրի կենտրոն կամ հյուսիս: Որքան համակարգը հնարավորություն տալիս է տեղափոխել, այս պահին կատարվում է»,-ընդգծեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Իրանից 48 մգվտ հոսանքի մատակարարում ունենք. «Ընդհանուր սպառումն այս պահին 583 մգվտ վերականգնված է: Օրվա այս ժամերին սպառման պահանջարկը լինում է 800-850, առավելագույնը 900 մգվտ: Այս պահին 580 մգվտ ապահովվում է»:

Փոխնախարարը նաեւ ընդգծեց, որ Սեւան-Հրազդան կասկադը այս պահին գործող ջրի քանակով մտած է համակարգում, որը եւս համակարգից անջատված էր. «Որոտանի կասկադը եւս, փոքր կայանները եւս: Մնացել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, Երեւանի ՋԷԿ-ը: Այս երկուսում զննության եւ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում:

Եթե նոր տատանումներ չլինեն, մոտավորապես մեկ ժամվա ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց եւ բեռ հավաքել: Այդ ժամանակ ամբողջ հանրապետությունում էլեկտրամատակարարումը կվերականգնվի»:

Հիշեցնենք, այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները: Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է.

«Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ