28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

80 հազարից ավելի մարդու աշխատավարձը կբարձրանա. Բաբկեն Թունյան

Babken-Tunyan1

«Աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը ֆորմալ առումով եղել է ոչ թե Կառավարությանը, այլ Ազգային ժողովինը։ ԱԺ-ի կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Կառավարությունը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել իր առաջարկը՝ մենք ասում էինք՝ նվազագույն աշխատավարձը 55 հազարի փոխարեն՝ դարձնենք 63 հազար, իրենք առաջարկեցին 68 հազար դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հունիսի 27-ի նիստում հավանության էր արժանացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագիծը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ գնդակն այժմ ԱԺ-ի դաշտում է, և 63 հազար դրամը 100 տոկոսանոց կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելին արդեն քննարկման ենթակա է։

Պատգամավորը պազաբանեց, թե ինչու են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելուն կասկածանքով վերաբերվում։

«68 հազար դրամն ավտոմատ բերելու էր նաև բազային աշխատավարձերի բարձրացմանը, իսկ դրանց հետ բարձրանալու էին նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Գիտենք, որ այստեղ սանդղակներ կան, օրինակ՝ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, որպեսզի մենք չազդենք այդ բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որպեսզի ավտոմատ չբերի ազդեցության։ Բայց եթե Կառավարությունն առաջարկում է 68 հազար դրամ ու նաև կառաջարկի մեխանիզմ, որով թույլ կտրվի, որպեսզի այդ բազային աշխատավարձը մնա անփոփոխ, ինչպես նաև կներկայացնի դրա հարկաբյուջետային ռիսկերը և գործատուների վրա ազդեցությունը, ապա մենք մեծ հաճույքով կընդունենք նաև 68 հազար դրամը»,- շեշտեց Բաբկեն Թունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 80 հազարից ավելի մարդու նվազագույն աշխատավարձ է բարձրանալու, 80 հազարն այն մարդիկ են, որոնք այսօր են ստանում նվազագույն աշխատավարձ, իսկ եթե կան այնպիսիք, որ այսօր ստանում են 60 հազար դրամ, նրանց աշխատավարձը նույնպես բարձրանալու է։

«Մենք պետք է նայենք այն աշխատողներին, որոնք այսօր ստանում են 63-ից կամ 68 հազար դրամից պակաս աշխատավարձ։ Եթե Հայաստանում ունենք նվազագույն աշխատավարձ հասկացություն, ապա տրամաբանական է, որ այդ նվազագույն աշխատավարձը պետք է լինի առնվազն այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը։ Այլապես դրա գոյությունն ընդհանրապես անիմաստ է դառնում, քանի որ ասում ենք, որ մարդուն ապրելու համար այսքան գումար է անհրաժեշտ, ու, ասենք, որ կարող են նվազագույն աշխատավարձ ստանալ դրանից ցածր։ Իմաստը ո՞րն է, եթե մարդու կենսապահովման մինիմալ պայմանները հնարավոր չէ այդ գումարով ապահովել»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ