19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ փոխնախագահը՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Մամեդյարովի հայտարարությունների մասին

«Ես, իհարկե, հետեւել եմ արցախյան բանակցությունների վերջին փուլին եւս, եւ դրան հաջորդած լրատվական տեղեկատվական պատերազմին: Ուզում եմ ընդհանուր առմամբ շեշտել, որ հայկական կողմը պարտավոր է ավելի նախաձեռնողական լինել տեղեկատվական դաշտում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «LuysTalks»-ի հրավիրած «ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկումից առաջ՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ Բաքվում տված ասուլիսին արած հայտարարությանը՝ Վաշինգտոնում  հանդիպումից հետո:

«Սա արդեն 2-րդ, թե՝ 3-րդ դեպքն է, երբ նման հանդիպումներից հետո ադրբեջանական կողմն իր ցանկալի քաղաքական ուղերձն է անում, որոնք գուցե, մասամբ համապատասխանում են իրականությանը, բայց մեծամասամբ չեն կարող ի բնե համապատասխանել իրականությանը, բայց նետվում են լրատվական դաշտ»,-ասաց Արմեն Աշոտյանը: Հայկական լրատվական դաշտը չպետք է, ինչպես ասաց Աշոտյանը, ստիպված նայի Մամեդյարովի բերանի մեջ՝ հասկանալու թե նա ինչ է ասում.«Ես կոչ կանեմ մեր արտգործնախարարությանը, կառավարությանն առընթեր համապատասխան ՊՈԱԿ-ին, որն ավելի շատ, չգիտես ինչու, ներքաղաքական հարցերով է զբաղված, քան նման հարցերով, ավելի շատ ուշադիր եւ կազմակերպված լինել արտաքին քաղաքական տեղեկատվական պատերազմների հարցում՝ ամեն հանդիպումից առաջ եւ հետո նախապատրաստել տեղեկատվական քաղաքական դաշտն այդ հանդիպումներին եւ չստիպել, որպեսզի մնացած բոլորը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, լրագրողները, քաղաքացիները, մասնագետները սպասեն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության ի հայտ գալուն կամ հերքումներին»:

Աշոտյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի նախաձեռնողական լինի այս հարցում, ավելի պատրաստված եւ ավելի օպերատիվ լինի.«Որովհետեւ սա առաջին դեպքը չէ, որ մենք, քիչ է՝ վազում ենք գնացող գնացքի հետեւից, մի հատ էլ ուշացած՝ մեկ-երկու օր: Չպետք է թույլ տալ ադրբեջանական քարոզչական ուղերձները, եթե նրանք չեն համապատասխանում իրականությանը, դառնան Հայաստանում քննարկման օրակարգ»: Ինչպե՞ս կարող է հայկական կողմը կանխորոշել, թե ադրբեջանական կողմը հերթական ինչ ապատեղեկատվություն կտարածի, որպեսզի նախապես քայլեր անի՝ մեր այս հարցին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահն ասաց.«Շատ կարեւոր է, որ հանդիպումը չսահմանափակվի բուն ֆիզիկական հանդիպումով, այլ հայկական կողմն ունենա քարոզչական պատրաստված ռազմավարություններ՝ հանդիպումից հետո ինչպես պետք է վարվել:

Մեր նախարարը, կարծում եմ, պետք է մի քիչ ավելի հասկանալի խոսի, եւ վաշինգտոնյան իր մեկնաբանությունները, այսօրվա մեկնաբանությունները կարող են հասկանալի լինել միայն շատ նեղ մասնագիտական շրջանակներին, որոնք կարող են կարդալ Զոհրաբ Մնացականյանի ասածի տողատակը: Այնինչ այս հարցում պահանջվում է ավելի հստակ քաղաքական ուղերձներ, հստակ բանաձեւումներ տալ: Առհասարակ, բանակցային գործընթացում Հայաստանին պակասում է կոշտությունը: Չափից ավելի մեծ է լավատեսությունը հատկապես արտգործնախարարների Միլանի անցյալ տարվա հանդիպումից հետո եւ աննախադեպ ներկայացված հնգակողմ հայտարարությունից հետո, որտեղ բազմաթիվ խնդիրներ կային, թակարդներ եւ որոգայթներ կային, որոնց ականատեսն ենք մենք հիմա: Եվ հայկական բանակցային ռազմավարությունը պետք է կտրուկ վերադարձնել Սերժ Սարգսյանի կետին, որովհետեւ դա լավագույն է: Այս մեկուկես տարվա դեգերումները, նորից հեծանիվ հորինելը որեւէ լավ բանի չեն բերել»:

Եվ սրա վառ ապացույցն է այն, ինչպես ասաց Աշոտյանը, որ ԱԳՆ-ն պարբերաբար փորձում է հիշեցնել Ժնեւյան, Սանկտ-Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածությունների կատարման մասին.«Դրա վառ վկայությունն այն է, որ այսօր արտգործնախարարը բառացի ցիտել է Սերժ Սարգսյանին՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կռվել»: Մանրամասն՝ տեսանյութում: 

Aravot.am-ի հարցին՝ բանակցություններում ձեր նշած Սերժ Սարգսյանի կետը բազմիցս քննադատվել է, իսկ այսօր իշխանությունը փորձում է բանակցային սեղան վերադարձնել Արցախին, Աշոտյանը պատասխանեց.«Այս մասին մի քանի անգամ մեկնաբանել եմ, որ Նիկոլ Փաշինյանի անցյալ տարվա խոստումն՝ այդպիսի ձեռնարկում իրականացնելը՝ որեւէ արդյունք չի տվել: Ես չեմ բացառում, որ ներքին հանդիպումների ժամանակ նրանք դեռ փորձում են խոսել այս հարցի մասին: Պարզապես լավ գաղափարը վատ ձեռքերում եւ վատ իրականացման պրոցեսում բախվեց այսօրվա իրավիճակին, երբ որեւէ տեղ Ղարաբաղի վերադարձի հիշատակման մասին ընդանրապես խոսք չկա»: 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

aravot.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ