16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մի հիմար քարը գցեց հորը, 40 խելոք չկարողացան հանել»

Մի հիմար քարը գցեց հորը, 40 խելոք չկարողացան հանել: Սա հայտնի խոսք է, որը կիրառելի է մեր օրերում։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակը կարելի էր նման կերպ բնութագրել, եթե դա լիներ Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեի անձնական` այսպես ասած, մասնավոր նախաձեռնության, մարտնչող տհասության եւ տգիտության հետեւանքը։

Ցավոք, այդպես չէ։ Վահե Գրիգորյանը հո առյուծի սիրտ չէ՞ր կերել, որ նման ղալաթ աներ` սկսեր «Սահմանադրական դատարանի առում» օպերացիան` նախապես չհամաձայնեցնելով դա «վերին ատյանների» հետ։

Գուցե կոճակ սեղմողների խմբակցությունն իրոք չէր քննարկել այդ հարցը` խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անկեղծ էր, երբ ասում էր, որ Գրիգորյանի «նախագահական» հայտն իրենց համար էլ էր անակնկալ։ Չենք վիճում։ Մակունցի համար կարող է եւ անակնկալ էր, բայց հաստատ` ո՛չ իրավական մտքի գիգանտ «միջինից թույլ» իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի համար։

Ոչ էլ` բնականաբար, ստվերից սրանց ուղղորդող չկայացած «սուպերդատախազի»` Հոկտեմբերի 27-ից հետո կամ Հոկտեմբերի 27-ով իր մուրազին չհասած Գագիկ Ջհանգիրյանի, որի համար, ասում են, «քննչական սուպերլիազորություններով» օժտված նոր հաստիք են հորինել։ Հեչ որ չլինի` ՀՔԾ-ի Սասունին «ֆուկ» կանեն, տեղը նրան կդնեն։

Օպերացիայի գլխավոր հրամանատարն, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է. ով է ձգում նրա թելերը` այլ խոսակցության թեմա է։ Ուրիշ բան, որ «Շանթին» տված հարցազրույցում վարչապետը չցանկացավ բացել փակագծերը` կոռեկտ չհամարեց մեկնաբանել վահեին ՍԴ դատավոր կարգելու մասին լուրերը, եւ չվերցրեց առաջինն այդ մասին հայտարարելու պատասխանատվությունը` նահանջի տեղ թողնելով։ Վաղը, եթե Եվրախորհրդից, Վենետիկի հանձնաժողովից հարցնեն` ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ է, միշտ կարող է չքմեղանալ, թե` էդ գործում ես չկամ։

Այնպես որ, եթե ինչ-որ մեկը քարը գլորել է հորը, ապա դա առաջին հերթին Փաշինյանն է։

Իսկ 40 խելոքի դերում հայտնվել են նրանք, ովքեր փորձում են «իրավական հիմնավորում» տալ իրավական անմեղսունակության այդ գլուխգործոցին`իմքայլական պատգամավորները, իրեն «սասնա ծռեր» անվանող քաղաքական աղանդը եւ սրանց ձայնակցող հատուկենտ իրավաբանները։

Նաեւ` խորհրդարանական «չըննդիմության»` Լուսավոր Հայատան եւ ԲՀԿ խմբակցությունների այն ներկայացուցիչները, որոնք անհասկացող են ձեւանում. ներկայացնում են այնպես, թե սա «զուտ» իրավական խնդիր է, որի գնահատականը իրավաբանները եւ սահմանադրագետները պետք է տան։

Իրողությունն այն է, որ ՍԴ նախագահի պաշտոնը յուրացնելու այս փորձը իրավական գործընթացների, իրավունքի, օրենքների, Սահանադրության հետ ընդհանուր եզր չունի. բացառապես քաղաքական կամ քվազիքաղաքական դաշտում գտնվող մի բան է, որտեղ իրավաբանները (խոսքը իրավաբանի դիմակ հագած քաղաքական գործիչների մասին չէ, ինչպիսին ՍԴ նորաթուխ «դատավորն» է) անելիք չունեն։

Դատական համակարգը սեփականացնելու ճանապարհին օրենքների եւ Սահմանադրության դեմ կատարված այս հանդուգն ոտնձգությանը իրավական փաթեթավորում տալը այլ բան չէ, քան հանրության աչքին թոզ փչել։

Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով` մանիպուլյացիա է եւ աչքակապություն։

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ