16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թաթան` քաղաքական գովազդի տակ

Սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում պայքարելու են գործող քաղաքապետ, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը եւ ՀՀԿ-ական, “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի տնօրեն  Աշոտ Հայրապետյանը: Գործող քաղաքապետը սեպտեմբերի 2-ին Կապանում կազմակերպում է Թաթայի մենահամերգը:

Սրան անդրադարձել է “Կապանի ապագան որոշում է կապանցին” քաղաքացիական նախաձեռնությունը: “Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները անհանգստացնում են Կապանի քաղաքացիներին եւ հատկապես մեր քաղաքացիական նախաձեռնության անդամներին:

Խնդիրն այն չէ, թե թեկնածուները եւ իրենց թիմերը իրար նկատմամբ ինչ կասեն եւ որտեղ կասեն, դա իրենք թող որոշեն, դա մեր ներքին Կապան ընտանիքի գործն է: Խնդիրն այն է, որ օտարներն են ցանկանում որոշել Կապանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ընթացքը:

Սեպտեմբերի 2-ին Կապանում քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը եւ կանադական “Dundee Precious Metals” ընկերության սեփականություն հանդիսացող, Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերությունը կազմակերպում են համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ:

Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ Կապանում սեպտեմբերի 2-ին ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը կազմակերպում է համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ (դա ընտրություններում ընդունված քարոզչական հնարք է), բայց մենք անընդունելի ենք համարում այս ընտրական փուլում օտարերկրյա ընկերության կամ օտարերկրացու ֆինանսական կամ այլ տիպի օժանդակություն որեւէ թեկնածուի օգտին:

“Կապանի ապագան որոշում է կապանցին” քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է կանադական “Dundee Precious Metals” ընկերության սեփականություն հանդիսացող, Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերության տնօրինությանը մինչեւ սեպտեմբերի 9-ը զերծ մնալ ֆինանսական կամ այլ ձեւի աջակցությունից որեւէ թեկնածուի օգտին, այլապես մենք դա կդիտենք որպես պետական, ազգային անվտանգության խնդիր,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Henaran.am-ի հետ զրույցում “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերության լրատվության պատասխանատու Գայանե Թադեւոսյանն ասաց, որ համերգը կապ չունի քարոզարշավի հետ: “Պարզապես նոր ուսումնական տարի է, եւ մենք որոշեցինք շնորհավորել կապանցի ուսանողներին եւ աշակերտներին”,-ասաց նա` ավելացնելով, որ ընկերությունը չի խառնվում քաղաքական գործընթացներին:

Համերգի կազմակերպիչ  Արմենակ Հայրապետյանը նշեց, որ  Թաթան երբեք կոչ չի անում ընտրել որեւէ մեկին: “Ամեն անգամ սեպտեմբերին Կապանում համերգներ կազմակերպվում են, շնորհավորում են Գիտելիքի տոնը: Անցած տարի Արման Հովհաննիսյանն էր, ու Թաթան Կապանում երկու տարի առաջ համերգի էր, խոստացել էր նորից գալ եւ գալիս է “,-ասաց Հայրապետյանը: Մեր տեղեկություններով, ներկայումս Թաթա Սիմոնյանը` իր խմբով արտերկրում է:

Հ.Գ. Նշենք, որ Թաթա Սիմոնյանի համերգի գովազդը տեղական հեռուստաընկերությամբ եթեր է տրվել “Քաղաքական գովազդ” գրառմամբ, ինչն էլ տարակարծությունների առիթ է տվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ