19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իսկ ինչո՞ւ պետք է հասարակությանը հայտնի լինեին». Արտակ Զաքարյանը պնդում է՝ իրենք «ապրիլյանով» ամեն ինչ բացահայտել են

artak-artak

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը՝ ասաց, որ մեծ սպասելիքներ չունի այդ հանդիպումից և չի կարծում, որ դրա արդյունքում հնարավոր կլինի թոթափել լարվածությունը սահմանին: 

«Դուշանբեում առերեսվել ենք իրականության հետ, որ Ադրբեջանի հետ բանավոր կամ սենտիմենտալ պայմանավորվածություններ երբեք չի կարելի ունենալ»,- հայտարարեց Զաքարյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է հետամուտ լիներ Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների կիրառմանը։ Հարցին՝ ինչո՞ւ իրենց իշխանության ժամանակ չներդրվեցին այդ հետաքննության մեխանիզմները, Զաքարյանն ասաց. «Հենց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը մեծ նվեր է գործող իշխանություններին»։ Նա նաև հավելեց. «Ինչ-ինչ՝ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀԿ-ն երբեք այնպիսի սխալներ չի արել, որոնք լինեին որոշիչ կամ ճակատագրական»։

Արտակ Զաքարյանը նորմալ է վերաբերվում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի ստեղծմանը՝ ի տարբերություն այլ ՀՀԿ-ականների, սակայն շատ վատ կընդունի, եթե այդ ուսումնասիրությունները լինեն քաղաքական շահարկումների դաշտում. «Հատկապես, որ ուսումնասիրողները եսիմ ինչ մի մասնագետներ չեն»։ Ապրիլյանից հետո պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Զաքարյանը վստահեցրեց, թե ապրիլյանի հետ կապված «բոլոր բացահայտումներն ու հետևություններն արվել են», և բանակի բոլոր խնդիրներն իրենք անցկացրել են ապրիլյան պատերազմի պրիզմայով. «Չկա մի խնդիր, որ ուսումնասիրված չլինի»։ Դեռ ԱԺ վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքը չսկսած՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե այդ հանձնաժողովի ստեղծումը հակապետական մտածելակերպի արդյունք է և վտանգելու է բանակի հեղինակությունը։ Հարցին, թե սա չի՞ մատնում, որ ՀՀԿ-ում մտահոգություն կա հնարավոր բացահայտումների առթիվ, Զաքարյանը բացասական պատասխան տվեց. «Ո՛չ: Ինչքան շատ բացահայտում անեն, եթե այդպիսիք կան, այդքան մեր օգուտն է, որովհետև ինչ-որ պիտի բացահայտվեր, մենք ինքներս մեզ համար բացահայտել էինք, ովքեր պիտի պատժվեին, պատժվել են, ովքեր պետք է հետևություններ անեին, հետևություններ արել են։ Ովքեր պետք է հերոսանային, մեդալների ու պատվի արժանանային, արժանացել են»։

Դիտարկմանը, թե իրենց բացահայտումները հասարակությանը հայտնի չեն դարձել, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ պետք է հայտնի լինեն, ինչի՞ պետք է մեր կողքի շենքի Պողոսին հայտնի լինի, թե մարտական էսինչ առաջադրանքը փոխգնդապետ Կիրակոսյանն ինչպես է թերացել հանձնարարել»: Նա նաև համաձայն չէ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հանկարծակիի է եկել, մեր զինվորները չեն ունեցել անհրաժեշտ փամփուշտ, բենզին և այլն։ «Երբ գնում են մարտական գործողություններ, այո՛, կարող է ինչ-որ մի դիրքում էլ սպառված փամփուշտ լինի»,- ասաց նա՝ հավելելով. «Դրանք բոլորը պարզված են։ Ժամանակին դրանց վերաբերյալ հետևություններ արվել են»։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Իսկ 2017 թ. մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արձագանքելով Կարեն Կարապետյանի հայտարարությանը, հայտնել էր, թե «կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Ինքը կապ չունի դրա հետ», և եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի: Այն ժամանակ գլխավոր դատախազությունը հերքել էր վառելիքի պակասի հետ կապված տեղեկությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան 
factor.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ