19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Չեմ ուզում մտածել, որ Երևանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը. Իշխան Զաքարյան

27.thumb

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ

– Պարոն Զաքարյան, Համահայկական խաղերի բացմանը քիչ ժամանակ է մնում: Բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, ի՞նչ փուլում են աշխատանքները:

– Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Ինչպես գիտեք` խաղերն այս անգամ անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ եմ` բոլորն են հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս խաղերի անցկացումը մեր երկու պետությունների համար պատմական այս փուլում:

Նախապատրաստական աշխատանքներն, այո, բուռն ընթացքի մեջ են, աշխատում է պրոֆեսիոնալներից կազմված մի մեծ խումբ, աշխատում է գիշեր ու ցերեկ:

Գիտեք` նման միջոցառումները ունեն երկու կողմ. սովորաբար հանդիսատեսը,  հիանալով բացման և փակման շքեղ միջոցառոմով, բուն մրցումների կազմակերպվածությամբ ու հստակությամբ, չի պատկերացնում, որ այդ ամենը հնարավոր է եղել ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ գլխավորությամբ մեծ թվով մարդիկ աշխատում են, որ Համահայկական 7-րդ խաղերը Երևանում և Ստեփանակերտում անցնեն բարձր մակարդակով, ու մեր ժողովուրդը վայելի այդ շքեղ միջոցառումը: Խոչընդոտներ և խնդիրներ միշտ են լինում, ծագում են նորերը, անսպասելի տեղից և մարդկանցից, բայց դրանք չեն կարող եղանակ ստեղծել:

Համահայկական խաղերը մեկ հոգու ցանկությամբ հնարավոր չէ կազմակերպել և իրականացնել: Ավելի պարզ ասեմ. չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում և լիարժեք աջակցություն, ուղղակի հնարավոր չէր լինի այս խաղերը կազմակերպել:

Ուզում եմ շեշտել, որ այս գաղափարը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, և մենք արդյունավետ աշխատում ենք:

Այս գաղափարը ստացել է Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։  Ես ուզում եմ հատուկ առանձնացնել խաղերի հենասյուն հանդիսացող մարզաձևի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, որը բառիս բուն իմաստով ամենօրյա աշխատանքային ռեժիմով է աջակցում: Ես, ցավոք, չեմ կարող թվարկել բոլորի անունները, բայց հավատացնում եմ, որ մարդկանց, գործիչների, գործարարների, մարզաշխարհի ներկայացուցիչների մի մեծ խումբ, առանց որևէ անձնական շահի, անում է ամեն ինչ՝ ընդհանուր վերջնական հաջողության համար:

– Պրն Զաքարյան, Ձեր ղեկավարած պատվիրակությունը նոր է վերադարձել պատմական Հայաստանից: Դատելով ռեպորտաժներից և տրվող տեղեկատվությունից՝ ուղևորությունը խիստ հագեցած էր: Ինչպե՞ս է այն տեղավորվում Համահայկական խաղերի համատեքստում:

– Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շվեցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին` այս ուղևորությունը հովանավորելու համար: Խաղերի ջահը պետք է մեր պատմական Մուսա լեռից հասներ մինչև այս տարվա խաղերի մեկնարկի վայր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս անգամ որոշեցինք ջահը բոցավառելու սիմվոլիկ արարողությունը զուգակցել գործնական հետաքրքիր կապերի հաստատման հետ: Ժամանակակից աշխարհում մարզական, մշակութային  միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու և լուծելու համար:

Մենք իրականացրինք առաջին պատմական թռիչքը Երևանից Վան: Մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ունեցանք անկեղծ քննարկումներ, և սեղանին դրվեցին կարևոր և հետաքրքիր գաղափարներ: Իմ կողմից առաջարկվեց Համահայկական հաջորդ խաղերը անցկացնել նաև Վանում, ստեղծել, դարձյալ խաղերի շրջանակներում, Գյումրի-Կարս ձևաչափը և այլն:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը, բացի խաղերի ջահի վառման արարողությունից, հանդիպումներ ունեցավ Վանի, Մուշի, Կարսի, Իգդիրի քաղաքապետների հետ: Չեմ ուզում առաջ անցնել, բայց դրանք բոլորը կարևոր ու հեռանկարային հանդիպումներ էին:

Մեր հինավուրց մայրաքաղաք Անիում համահայկական խաղերի ջահը փոխանցվեց մեր այսօրվա հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին: Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում, և այդ  պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին: Կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը: Մուշ-Անի ճանապարհին մենք համահայկական խաղերի ջահը խոնարհեցինք Գևորգ Չաուշի գերեզմանին:

Դժվար է նկարագրել այն հուզական պահերը, որ ունեցել է մեր պատվիրակությունն այս ուղևորության ընթացքում, դրանց մասին մենք արդեն պատմել ենք մեր հասարակությանը: Իմ սկզբունքային դիրքորոշումն է. մեր հասարակությունը պետք է  դառնա համահայկական խաղերի ողջ ընթացքի ակտիվ մասնակիցը,  ոչ թե միայն դիտորդը: Այդ պատճառով մենք այս ողջ ընթացքում մանրակրկիտ տեղեկատվություն ենք տալու կատարված աշխատանքների վերաբերյալ, ներգրավել և ներգրավելու ենք լրատվամիջոցներին, հրավիրելու ենք մեծ թվով կամավորների:

– Պատվիրակությունների մասնակցության առումով կարող ենք արդեն ամփոփել նախնական պատկերը: Ովքե՞ր կգան, ի՞նչ կազմերով, ի՞նչ թվով:

– Իհարկե, կարող ենք, բայց ես կառաջարկեմ սպասել հայտերի ընդունման ժամկետի ավարտին: Մենք մշտական կապի մեջ ենք սփյուռքի մեր բոլոր հայաշատ համայնքների կառույցների հետ, ես տիրապետում եմ մոտավոր պատկերին, բայց կրկնում եմ` ժամանակ դեռ կա. թվերը փոխվելու են: Ժամկետի ավարտից հետո կազմկոմիտեն պլանավորում է ասուլիս, և մանրամասն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հետաքրքրությունը շատ մեծ է, կազմակերպչական աշխատանքները, անկախ բոլոր դժվարություններից, ընթացքի մեջ են:

– Պրն Զաքարյան, հայկական բնավորության համաձայն, կարծես թե բոլորը չեն ուրախ, որ համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում կայանալու են նման շուքով: Դա ձեզ համար սպասելի՞ էր:

– Գիտեք, երբ թուրքական որոշ քաղաքներ այցելելուց հետո ադրբեջանցիները ոռնում էին իրենց բնորոշ վանկարկումներով և պաստառներով, ինձ մոտ միայն վստահությունն էր ավելանում, որ մենք շատ ճիշտ բան ենք անում և լավ ենք աշխատում: Երբ Երևանում են որոշ մարդիկ պատվիրում մեր դեմ արշավ, ինձ մոտ ակամայից զուգահեռներ են գնում նրանց և ադրբեջանական շրջանակների մտածողության, գուցեև՝ շահերի միջև: Ես չեմ ուզում մտածել, որ Երևանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել՝ վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը: Առայժմ այսքանը:

Ես իրավունք չունեմ շեղվելու խաղերի կազմակերպման ահռելի և չափազանց մեծ աշխատանքներ պահանջող գործընթացից: Հետո ժամանակ շատ կունենանք խոսելու նաև այլ հարցերի մասին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ