25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է: Ով է վարչապետին դրդում. Ազգ

images

Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի մասին է մտածում: Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի տվյալների, նույն այդ արյունռուշտները լարվածություն են սերմանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միջեւ, ուշադրությունՙ ժողովուրդների- վարչապետն այդպես ասաց- ինչից եզրակացնում ենք, որ ըստ վարչապետիՙ ժողովուրդը հոգնակի է, նկատի ունեմՙ Հայաստանի եւ Արցախի:

Չգիտեմ նաեւ, թե արդյո՞ք այն մարդը, որը վարչապետին նման բաներ է զեկուցել, տվե՞լ է արդյոք Փաշինյանին այդ մարդկանց անունները: Ամեն դեպքումՙ Փաշինյանը որեւէ անուն չհնչեցրեց: Իսկ դա կարեւոր է, քանի որ Հայաստանի վարչապետը, մայիսի 20-ին հաղորդում է տվել պետական դավաճանության մասին, փաստորեն, առանց ասելու, թե դավաճանները կոնկրետ ովքեր են:

Օրինակ, Արցախի նախագահը հայտարարել է, որ ինքը Արցախում նման ուժեր չի ճանաչում, իսկ եթե Արցախի նախագահը հայկական երկրորդ պետությունում նման ուժեր չի ճանաչում, ուրեմն Արցախում նման ուժեր չկան:

Ավելին, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նոր Հայաստանում դավաճանական գործողություններ հնարավոր չէ անել: Եւ ուրեմն՝ ես ուզում եմ նայել այն մարդու աչքերին, որը Հայաստանի վարչապետին զեկուցել է մի բան, ինչի մասին Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է:

Չեմ բացառում, որ նույն այդ խորհրդական-օգնականն է Փաշինյանին հուշել, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի մասին խոսելիսՙ անպայման պետք է ժողովուրդ բառը հոգնակիացնել: Դե այսինքն Հայաստանն իր ժողովուրդն ունի, Արցախըՙ իր, ուշադրություն՝ պետությունը չէ, նախագահը չէ, ժողովո՛ւրդը: Սա նշանակում է, որ երբ հանդիպեն, օրինակՙ Արարատի եւ Վայոց Ձորի մարզպետները, Վայոց Ձորի մարզպետը կարող է հայտարարել, որ ինքը բացառում է որեւէ լարում Վայոց Ձորի եւ Արարատի եղբայրական ժողովուրդների միջեւ: Հետո գործը կհասնի Երեւանի վարչական շրջաններին, երբ դրանց ղեկավարները, ենթադրենք՝ Մալաթիա-Սեբաստիայի ժողովրդի անունից եղբայրական ողջույն կհղեն Արաբկիրի ժողովրդին, օրինակ՝ ամռան շոգը համատեղ ջանքերով դիմակայելու համար:

Անկեղծ ասածՙ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներՙ վարչապետական ձեւակերպումը ես կհամարեի Փաշինյանի տեքստը գրողի վրիպակ կամ կոպիտ սխալ, եթե չնկատեի, որ սա պետական քաղաքականություն է: Բանն այն է, որ բոլորովին վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (խորհրդարանական դիվանագիտության ղեկավար) 29-ամյա Ռուբեն Կարապետի Ռուբինյանը եւս հայտարարեց, որ Հայաստանում եւ Արցախում թեկուզ եղբայրական, բայց երկու տարբեր ժողովուրդներ են ապրում:

Ի՞նչ է ուրեմն ստացվում: Վարչապետ Փաշինյանը հետեւողականորեն պնդում է, որ Ղարաբաղի հարցը լուծողը ինքը չէ, այլ ժողովուրդն է: Նույն Փաշինյանը, սակայն, շեշտում է, որ Հայաստանը եւ Արցախը մեկ ժողովուրդ չունեն: Եւ ուրեմնՙ Հայաստանի վարչապետը ո՞ր ժողովրդին նկատի ունիՙ որպես հարց լուծող, եթե Հայաստանի, ապա ի՞նչ իրավունքով է մեկ ժողովուրդ լուծելու բոլորովին ուրիշ ժողովրդի հարցը, եթե Արցախի, ապա ի՞նչ իրավունքով է Հայաստանի վարչապետը հանդես գալիս այլ ժողովրդի անունից, որը, ինչպես ինքն է բազմիցս ասելՙ իրեն մանդատ չի տվելՙ իր անունից բանակցելու:

Լավ, դուք չգիտե՞ք, թե ինչո՞ւ է լիբանանյան, ապա եւ ամերիկյան ժողովրդի մասնիկ Մոնթե Մելքոնյանը եկել ու զոհվել հանուն ուրիշ ժողովրդի, չգիտե՞ք, թե ինչո՞ւ են մերՙ հայաստանյան ժողովրդի բազմաթիվ որդիներ, այդ թվում, ի դեպ, Փաշինյանի որդին, գնում եւ ծառայում այլ ժողովրդի բանակում, չգիտե՞ք, թե Հայաստանի վարչապետն ու Հայաստանի այսօրվա իշխանության որեւէ ներկայացուցիչ երբեւէ տեսե՞լ են Արցախի քաղաքացու անձնագիր, կա՞ նման բան…

Ոչ թե նույնիսկ ցավալի է, այլ սարսափելի է այն, որ մեզ կիսում ենՙ սեւերի ու սպիտակների, դուխովների ու խելքովների, զոմբիների ու մտածողների,… հայերի ու ղարաբաղցիներիՙ կասկածելի ծրագրով: Եւ ուրեմնՙ բոլոր նրանք, որոնց կարծիքով հայ ժողովրդի մի հատված սեւ է, մյուսըՙ սպիտակ, մի հատված ղարաբաղցի է, մյուսըՙ հայ, կա՛մ մոլորված են, ինչը սարսափելի չէ, կա՛մ էլ դավաճան են, ինչը սարսափելի է:

Ես հավատում եմ Հայաստանի պաշտպանության նախարարին, որովհետեւ զինվորական մարդիկ չեն խաբում: Չպետք է խաբեն: Քանի որ նրանց չհավատալը ու չվստահելը դավաճանություն է:

Դուխով… եւ խելքով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ