17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Նոր մեղավորներ՝ չստացվող ներդրումներն արդարացնելու համար․ 168 Ժամ

13355757

Մինչ քաղաքական իշխանությանը չի հաջողվում առաջընթաց ապահովել երկրում. կուտակվող տնտեսական ու սոցիալական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հիմա էլ թիրախավորել է դատական համակարգը։ Եթե հիշում եք, մի ժամանակ էլ վարչապետը զարգացումների չարիքը համարում էր հանրապետականացված Ազգային ժողովին, որն իբր թե խանգարում էր տնտեսության առաջընթացին ու ներդրումների իրականացմանը։

Ու չնայած չկար կառավարության կողմից ներկայացված որևէ նախաձեռնություն, որին Հանրապետականը կողմ չլիներ, այնուհանդերձ դա չխանգարեց, որպեսզի խորհրդարանը ցրվեր և նորը ձևավորվեր։

Արդյունքում՝ այսօր Նիկոլ Փաշինյանի թիմը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, բայց ներդրումներն էլի չկան։ Մի բան էլ պակասել են։

Մինչդեռ, խորհրդարանական ընտրություններից արդեն բավական ժամանակ է անցել։ Եվ հիմա վաղուց ներդրողները պիտի կոտրեին հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության դռները։ Բայց այդպես չէ։

Հարց է առաջանում, ինչո՞ւ չկան ներդրումներ, եթե խորհրդարանն էր մեղավոր դրա համար։

Այն ժամանակ էլ պարզ էր, որ դա ընդամենը պատրվակ էր խորհրդարանի լուծարումը և չիրականացած ներդրումային բումն արդարացնելու համար։ Ինչպես հայտնի է, վարչապետ ընտրվելուց առաջ էլ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանի տնտեսությունը ողողել ներդրումներով։

Անցել է մեկ տարի, թող վարչապետը նշի որևէ նշանակալի ներդրումային ծրագիր, որն իշխանափոխությունից հետո մեկնարկել է Հայաստանում։ Խոսքը նախորդ իշխանությունների օրոք սկզբնավորված ծրագրերի մասին չէ։ Թեև նույնիսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հպարտանալու առիթ չունի. իշխանափոխությունից հետո նույնիսկ նախկինում սկսված ծրագրերն են կասեցվել։

Ու այսքանից հետո զարմանալի չէ, որ անընդհատ մեղավորներ են փնտրում չստացվող ներդրումներն արդարացնելու համար։ Պատահական չէ, որ հիմա, երբ սկսվել է հարձակումը դատական համակարգի վրա, Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է ներդրումների մասին. «Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է։ Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում»։

Հետաքրքիր է, իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, խոչընդոտ չէ՞ ներդրումների համար։ Մի՞թե դա բարձրացնում է ներդրողների վստահությունը տնտեսության և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

Փաստն այն է, որ կապիտալը մոտ չի գալիս տնտեսությանը։ Ու չի գա այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն իր գործողություններով լարվածություն ու անկայունություն է ստեղծում երկրում։

Եվ, որ պակաս կարևոր չէ, այս ամենը լուրջ ռիսկեր է ստեղծում կապիտալի արտահոսքի ակտիվացման համար։ Առանց այդ էլ, բավական լուրջ քանակության ֆինանսական միջոցներ են դուրս գալիս Հայաստանից։ Քաղաքական իշխանության քայլերը ոչ միայն չեն նպաստում այդ գործընթացների կասեցմանը, մի բան էլ՝ յուղ են լցնում կրակին։

Հիշեցնենք, որ միայն բանկային համակարգով քաղաքացիների կողմից միջին ամսական Հայաստանից դուրս է գալիս շուրջ 100 մլն դոլար։ Կասկած չկա, որ վերջին գործընթացներն արագացնելու են կապիտալի փախուստը։

Անցած մեկ տարին ցույց տվեց, որ քաղաքական իշխանության համար առաջնայինը ոչ թե տնտեսությունն է կամ հասարակության սոցիալական վիճակը, այլ սեփական իշխանության ամրապնդումը։ Այդ պայմաններում բոլորովին էլ տարօրինակ չէ, որ Հայաստանի տնտեսությունը գնալով կորցնում է վստահությունը ներդրողների շրջանում։

Խնդիրը, իհարկե, միայն ներդրումները չեն։ Պարզ էր, որ ներդրողները վազելով չէին գալու Հայաստան։ Բայց այնպես չէ, որ կառավարությանը միայն դա է անհանգստացնում։

Երկար ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ այն, ինչ վարչապետն ասում է տնտեսության վերաբերյալ` թռիչքային աճ, տնտեսական հեղափոխություն, ներդրումային ու շինարարական բում, հեռու են իրականությունից։ Ընդհակառակը` Հայաստանի տնտեսությունը բախվել է բավական լուրջ դժվարությունների հետ։ Իրական հատվածում զարգացում գրեթե չկա։ Իսկ ծառայությունների և առևտրի ոլորտներով հեռուն չես գնա։ Տնտեսության տրանսֆորմացիան շատ ավելի ակտիվ էր մինչև իշխանափոխությունը, քան իշխանափոխությունից հետո։ Որպես հետևանք` Հայաստանն աստիճանաբար կորցնում է դիրքերն արտաքին շուկաներում։ Չնայած հայտարարված արտահանման խթանման և ներմուծման փոխարինման քաղաքականությանը, մինչև հիմա կառավարությունը որևէ տեսանելի քայլ չի արել այդ ուղղություններով։ Զարմանալի չէ, որ գնալով վատանում է երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը։

Բնականաբար, անիմաստ է խոսել ներառական տնտեսական աճի մասին, որն իշխանափոխության սկզբնական շրջանում այդքան թմբկահարվում էր։ Ինչքան նախկինում էր հասարակությունը զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա, այնքան էլ հիմա է զգում։

Պատահական չէ, որ սոցիալական իրավիճակը երկրում ոչ միայն հեղափոխական տեմպերով չի բարելավվում, այլև մի բան էլ հետ է գնում։ Ինչքան էլ վարչապետը տարբեր ամբիոններից հայտարարի, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում 50 կամ 51 հազար աշխատատեղ է ավելացել, դրանից գործազրկությունը երկրում չի կրճատվի, իսկ մարդիկ աշխատանքով չեն ապահովվի։ Հասարակությունը ոչ թե տեսական, այլ իրական ձեռքբերումներ է ուզում, որոնք չկան։

Ու հիմա կառավարությունը, ըստ էության, ժամանակ շահելու խնդիր ունի։ Մի քանի ամիս առաջ դա հաջողվեց անել Ազգային ժողովը ցրելու միջոցով։ Հերթը դատարաններինն է։ Գուցե դրանով կհաջողվի ևս մի քանի ամիս զբաղեցնել հասարակությանը։ Բայց այդ ամենից տնտեսության վիճակը ու մարդկանց կյանքը, միևնույն է, չի փոխվի։ Մոտենում է իրական արդյունքներ պահանջելու ժամանակը»։

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս հաարում: 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ