27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Դատավորները ի՞նչ են անելու: Տաքսի՞ են քշելու. Իրատես

timthumb

Քանի դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ճշտել՝ հիմա երկրո՞րդ, թե երրորդ հեղափոխության մեջ ենք, այսինքն՝ երբ երկրորդ հեղափոխություն էր հայտարարվում տնտեսականը, հետո երկրորդ անվանվեց դատականը, հեղափոխությունը մինչև 3 հաշվել հարկ չի՞ համարում, թե երկրորդը հիմա տնտեսականը չէ, փորձենք հասկանալ անցումային արդարադատության համադարման հայտարարված վեթինգը ի՞նչ է…Վեթինգի ժամանակ պարզվում է կոնկրետ անձի համապատասխանությունը պաշտոնին, շեշտը դրվում է ոչ թե բժշկական կամ մասնագիտական համապատասխանությանը, այլ բարոյական նկարագրին:

Նրա integrity-ին՝ ազնվությանը, անաչառությանը, բարոյական սկզբունքների ամրությանը, խոսքի ու գործի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությանը: Ընդունելով, որ առաջին վեթինգերների գործառնությունները 21-րդ դարում ընդլայնվել են և նրանց ուսումնասիրության առարկան այլևս ձիերը չեն, այլ մարդիկ, արձանագրենք.

  1. Միջազգային չափանիշների համապատասխանության հարցում կան կոնվենցիաներ, որոնց Հայաստանը հիմնականում միացել է:
  2. Ունի՞ ազգային օրենսդրությունը վեթինգի կիրառման իրավական հիմք: Դեռ ոչ: Խնդիրը պետք է լուծվի անցումային արդարադատության համակարգի ներդրումով, ոլորտի օրենքների փոփոխություններով:
  3. Ենթադրվում է նաև՝ պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որի գործառույթը լինելու է վեթինգի իրականացումը՝ օրենսդրորեն սահմանված պայմաններին համարժեք:

Սա՝ տեսականորեն: Իսկ իրականու՞մ: Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Եթե նկատեցիք՝ վարչապետը հայտարարում է՝ «հանրությունը», այսինքն՝ մենք բոլորս, պետք է ամբողջական տեղեկատվություն ունենանք: Լավ, ունեցանք: Հետո ի՞նչ ենք անելու տեղեկատվությունը: Ո՞վ է դատավորներ նշանակելու: Կամ՝ ազատելու: Հանրությու՞նը:

Թե՞ հանրությունն իր հանկարծահաս իրավունքը պատվիրակելու է ինչ-որ անձանց կամ կառույցի: Ո՞ւմ և ո՞ր: Իսկ հանրության անաչառությունն ու մասնագիտական ունակությունները ո՞վ է վեթինգելու: Նիկոլ Փաշինյանը շարունակում է. «Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան, այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին»: Իսկ եթե չգիտե՞ն, կամ՝ գիտեն, բայց սովորել են, աշխատել են, հասել են մի տարիքի, երբ կյանքը 0-ից չեն կարող սկսել, ի՞նչ են անելու: Տաքսի՞ են քշելու:

Ինքնին հասկանալի է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կիրակի չհայտարարի՝ վաղը գնում ենք դատարանները վեթինգելու ու երկուշաբթի առավոտից դատավորների վեթինգը չսկսվի-ավարտվի, բուն գործընթացը պահանջում է օրենսդրական փոփոխությունների, օրենսդրորեն սահմանված կառույցները ստեղծելու ժամանակ: Եվ՝ ոչ քիչ ժամանակ: Իսկ մինչ այդ ինչպե՞ս են գործելու դատարանները: Իրավական ու օրինական համարվելո՞ւ են չվեթինգված դատավորների վճիռները: Տարբեր երկրների փորձը վկայում է, որ այս ճանապարհին Հայաստանը առաջինը չէ, վերջինն էլ չի լինի, բայց ոչ մի երկիր դատական համակարգի զտումը չի արել մի քանի օրում ու նույնիսկ մի քանի ամսում:

Հատկապես երբ խնդիր է դրել, որ մարդկային որակներից բացի վեթինգված դատավորներն ունենան մասնագիտական որակներ ու ունակություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում էր հրաժարականը այն դատավորների, որոնց վճիռները բեկանվել են ՄԻԵԴ-ում: ՄԻԵԴ-ը երբեք չի պնդել, որ իր կայացրած վճիռները հիմք են դատավորներին աշխատանքից ազատելու: ՄԻԵԴ-ը տարեկան հարյուրավոր որոշումներ է կայացնում եվրոպական երկրների դատարաններում ընդունված սխալ վճիռների վերաբերյալ, որևէ երկրում այդ վճիռները կայացնողները հրաժարական չեն տալիս: Սա կլինի մեծ նոնսենս ու նույնքան անհասկանալի ՄԻԵԴ-ի կամ եվրոպական կառույցների համար, ինչպես անհասկանալի էր, որ որևէ երկրի վարչապետ կարող է կոչ անել շրջափակել դատարանները: Նրանք դա պարզապես կորակեն ճնշում դատարանների անկախության վրա և կհամարեն, որ այդ վարչապետը խախտում է իշխանության բաժանման սկզբունքները»:

Այս եւ այլ հրապարակումներին անոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ