16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր. նախագահի ուղերձը՝ Վերջին զանգի առթիվ

f5ce78eef7089a_5ce78eef708db.thumb

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դպրոցական Վերջին զանգի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում եք քայլել կյանքի ճանապարհով, որտեղ ձեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, փորձություններ եւ հնարավորություններ: Դպրոցն այդ ճանապարհի կարևորագույն հանգրվանն է:

Կյանքի այդ հիշարժան հատվածը դուք անցել եք ինքնահաստատվելով ու սովորելով, սիրելով ու երազելով, աչքի առաջ ունենալով ձեր վաղվա օրը, վաղվա աշխատանքը, վաղվա ընտանիքը, վաղվա հայրենիքը: Այսօր դուք հասել եք մի կետի, որից սկսած՝ ավելի գործնական պետք է մասնակցեք այդ ամենի կերտմանը՝ մտածելով, ստեղծելով, աշխատելով:

Աշխարհն արագորեն փոփոխվում է՝ նաև ձեր միջամտությամբ ու ձեր շնորհիվ: Մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով, զարգացնել երևակայությունը, առաջարկել գաղափարներ, դրանք իրագործել, անհրաժեշտ է խիզախել, ոգևորվել ու հաղթել:

Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր: Մեծ է ձեր ուսուցիչների ու ծնողների ներդրումը, և դուք պետք է անպայման մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն:

Սիրելինե՛րս,

Այսօր հնչող զանգը ձեզ կոչում է նոր մեկնարկի ու թռիչքի: Վստահ եղեք՝ ձեր մտքի և հոգու թռիչքը կարո՛ղ եք վերածել նյութեղեն ու հոգևոր հզոր արժեքների, որոնք կծառայեն մեր հայրենիքին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը:

Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման երևակայություն և հաջողություն, սեր ու երջանկություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ