25 Օգոստոսի, Կիրակի, 2019

Հայաստանը՝ 250 մլն դոլարանոց նոր վարկային բեռի տակ

15120_karavarutyanshenq_M

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս), հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա: Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: 

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը: Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որում ասվում է

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք:Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար:Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը:

ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով: Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին:

Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ