25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանն այլեւս չի կարող հղում անել ժողովրդին. ժողովուրդը նրան «ոչ» ասաց

Քաղաքակիրթ աշխարհում չկա մի երկիր, որի ղեկավարը  ժողովրդին կոչ անի գնալ ու գրոհել դատարանները, Հայաստանի վարչապետից բացի, իհարկե: Առհասարակ, այսպես ասած նոր Հայաստանում շատ բան է անտրամաբանական, շատ բան է առողջ բանականությունից դուրս, բայց այս մեկը, գերազանցեց մինչեւ այս մեր տեսած բոլոր անհեթեթությունները:

Փաշինյանը՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու իր կոչով, ըստ էության, ոտնձգություն արեց սահմանադրական կարգի դեմ, ինչի մասին ոլորտի պրոֆեսիոնալները երեկվանից զգուշացնում ու ահազանգում էին, հիմնավորումներն էլ՝ ներկայացնում մասնագիտորեն: Այլեւս կասկածից վեր է, որ Հայաստանում չի գործում պետության եւ իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ իշխանության տարանջատումը, որովհետեւ գործադիր իշխանության ղեկավարը, ըստ էության, յուրացրեց դատական իշխանությունը:

Փաստորեն, ստացվեց այնպես, որ իր քիմքին անհաճո դատարանի որոշումից հետո (խոսքը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին է-*խմբ.) , Փաշինյանը որոշեց, որ դատարանները Հայաստանում պետք է փակել:

Սա աննախադեպ երեւույթ է, մի բան, որին համարժեք պետք է արձագանքեն Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները՝ ԵՄ-ից մինչեւ առանձին կազմակերպություններ: Քաղաքակիրթ աշխարհն, ի վերջո, պետք է ասի՝ աչք է փակում իր իսկ դավանած արժեքների ոտնահարման վրա, թե ոչ: 

Հայաստանի քաղաքական-հասարակական համակարգը առողջ արձագանքեց տեղի ունեցածին: Ըստ էության, խորհրդարանական ու արտախորհրդարանական հին ու նոր գրեթե բոլոր առանցքային ուժերը, անգամ հանրության շրջանում, այսպես ասած, սորոսականի համբավ ունեցող կազմակերպությունները , նշելով հանդերձ դատական համակարգում առկա խնդիրները, չարդարացրին Փաշինյանի արկածախնդրությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը, որն առաջինը պետք է հանդես գար դատապարտող հայտարարությամբ, ըստ էության սպասման ռեժիմում է: Ի պատիվ իրեն, իրավիճակը ադեկվատ գնահատեց ՄԻՊ-ը, իսկ Սահմանադրության երաշխավոր նախագահն, ըստ էության ասաց՝ ինձնից հույս չունենաք, Աստծուն ապավինեք:

Օրվա վերջում արդեն հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։ Դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Դժվար է ասել, այս որոշումն արդյոք դատարանի արձագանքն էր Փաշինյանի արկածախնդրությանը, թե ոչ, բայց այն, որ  այս գործն ի սկզբանե քաղաքական աստառ ուներ, արդեն որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, այն, որ դատարանների դեմ գրոհը Փաշինյանը հայտարարեց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո, հաստատում է այդ կասկածները:

Հ.Գ. Այսօր առավոտյան դատարանների առջեւ տեղի ունեցածի մեջ մի հուսադրող բան կա: Դա դատարանների դեմ գրոհի մասնակից քաղաքացիների քանակն է: Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման հաշվարկների, դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու Փաշինյանի կոչին անսացել է 1100 քաղաքացի ու եթե առաջնորդվենք Փաշինյանի տրամաբանությամբ, ստացվում է, որ «ժողովուրդ»-ը, որին շարունակ շահարկում, որի վրա իր գործողությունների պատասխանատվությունը շարունակ փորձում  է գցել Հայաստանի նոր իշխանությունը, տվյալ դեպքում միայն այս 1100 քաղաքացիներն են՝ ներառյալ իմքայլական պատգամավորները: Այս փաստը հուսադրող է, այն առումով, որ իրականում ժողովրդի գերակշիռ մասը հասկացավ Փաշինյանի կոչի վտանգավորությունն ու դուրս չեկավ փողոց:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ