19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլն ու իշխանությունները գալու և գնալու են, իսկ ՀՀԿ-ն մնալու է. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյան վարչապետն այս մեկ տարվա ընթացքում իր ողջ քաղաքական թիմով, իր քայլողների բանակով չի կարողացել ձևավորել ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ։ Երեկ տեղի ունեցած նրա ողջ ասուլիսն ապացուցում է մի կարևոր բան. որ Փաշինյան վարչապետը 2018թ. մայիսի 8-ից մինչև 2019թ. մայիսի 8-ը որևէ քաղաքական օրակարգ չունի։ Որովհետև ժողովրդավարական որևէ երկրում ես չեմ տեսել մի ղեկավար, մի քաղաքական իշխանություն, որը մեկ տարի կառավարում է, իր ծրագրերից չի խոսում ու խոսում է դեռ անցյալից։  Սա մի բանի մասին է խոսում՝ այն, որ Փաշինյանը ձախողվել է, պետության կառավարումը  նա շփոթել է Հանրապետության հրապարակի հանրահավաքների հետ, և այսօր մենք ականատես եղանք հերթական հանրահավաքին։ Եթե որևէ մեկը քներ 2018թ. մարտին ու արթնանար այսօր և լսեր Փաշինյանի ասուլիսը, ապա կկարծեր, թե դեռ իշխանության է Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը, և ելույթ է ունենում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս հիշեցրեց, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ եկել էր իշխանության, ինքը հենց նրա ներկայությամբ ասել էր, որ պետության ղեկավարը պետք է ունենա հայեցակարգ, պետք է կանխատեսելի լինի ներքին և արտաքին քաղաքական հարցերով և պետք է ունենա ծրագիր.«Փաշինյանը չունի հայեցակարգ, կանխատեսելի չէ և չունի որևէ ծրագիր։ Եվ քանի որ չի կարողանում սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել,  առաջնորդվում է «Հաց և տեսարան» հռոմեական հայտնի կարգախոսով։ Հաց չի կարողանում տալ, տեսարանները սպառվում են, և դրանից Փաշինյանը նյարդայնանում է։ Ակնհայտորեն նրա այսօրվա պահվածքն ու պատասխանները նյարդային էին, ու նրա արսենալը վաղ թե ուշ ավարտվելու է։ Անհնար է շարունակ ժողովրդին կերակրել լաչառ տեսարաններով՝ հանրապետականները վատն էին, Սերժ Սարգսյանը վատն էր, Քոչարյանը վատն էր, սրանք բոլորը թալանչի էին, ինքը սուրբ է… Բայց իր սրբերի ու աջ ու ձախ թևերի նկատմամբ ընդամենը մի տարում արդեն քրեական գործեր են հարուցվում, սրբերը միլիարդավոր դրամներով իրենց պարգևավճարների են ներկայացնում, ու այդպես շարունակ»։

«Կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր ռեյտինգը գահավիժում է։ Եթե մարդն անընդհատ ասում է՝ ես շատ լավն եմ, ուրեմն խնդիր կա, ինքն ունի աքիլեսյան գարշապար։ Նրա աքիլեսյան գարշապարը ծրագիր ու հայեցակարգ չունենալն է, աշխատել չկարողանալն է, և ինքը շատ լավ հասկանում է, որ գահավիժում է, քանի որ որևէ խոստում չի կարողանում կատարել, տնտեսությունը չի աշխատում, և արդեն որերորդ անգամ ինքն իրեն բարձրաձայն համոզում է, որ՝ եթե հիմա էլ ընտրություն լինի՝ ես կհաղթեմ»,-նկատեց ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովը անդրադառնլով Հանրապետական կուսակցության՝ կասեցված լինելու՝ Փաշինյանի հայտարարությանը ընդգծեց՝ եթե  կասեցված են, ինչի՞ է վարչապետն անընդհատ խոսում հանրապետականներից. «Ինքը շատ փոքր է, որ որոշի՝ Հանրապետականը կա՞, թե՞ չկա։ Հանրապետականը կա՝ ի հեճուկս իրենց ու հանուն այն 60.000 քաղաքացիների, որոնք ձայն են տվել ՀՀԿ-ին։ Իշխանությունները գալու և գնալու են, իսկ ՀՀԿ-ն մնալու է, քանի որ այն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սպարապետի, Սերժ Սարգսյանի գաղափարն է։ ԱԺ վերջին ընտրություններում, նման ճնշման պայմաններում ՀՀԿ-ին ձայն տված 60 000 քաղաքացիները ժողովուրդ չի՞։ Թե՞ իր համար միայն իր հետ քայլողներին ձայն տվողներն են ժողովուրդ։ Հանրապետականն իր կազմակերպած խայտառակ ընտրություններում 4-րդ տեղն է զբաղեցրել թվով 11 քաղաքական ուժերի մեջ։ Այսինքն՝ ի՞նչ է առաջարկում. ընտրություններում 4-11 տեղը զբաղեցրած կուսակցությունները բոլորը պետք է կասեցվե՞ն»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ