24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան». Խոսրով Հարությունյան

ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան 

Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել դիմել իր ավագանուն քաղաքապետի, նրա տեղակալների և այլ աշխատողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու առաջարկությամբ:

Հավանաբար, քաղաքապետն առաջնորդվում է այն թեզով, որ այդ նպատակի համար օգտագործման ենթակա միջոցները Երևանի բյուջեի միջոցներն են, իսկ Երևանի բյուջեն տնօրինելու և օգտագործելու բացառիկ իրավասությունը վերապահված է քաղաքի իշխանություններին և վերջիններս էլ փորձում են օգտվել օրենքով իրենց վերապահված այդ իրավասությունից:

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա պարոն քաղաքապետը պետք է նաև գիտակցի, որ օրենքը պահանջում է, որ տեղական իշխանություններն այդ իրավասությունն իրացնեն բացառապես սեփական քաղաքական պատասխանատվությամբ, այսինքն իշխանություններն ուղղակիորեն ստանձնում են այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Ավելին, օրենքը հրամայաբար պահանջում է, որպեսզի տեղական իշխանության որոշումները բխեն համայնքի ազգաբնակչության շահերից և նպաստեն համայնքում առկա խնդիրների լուծմանը:

Օրենքի իմպերատիվ այս պահանջների պարագայում որևէ մեկը կարո՞ղ է հոդաբախշ մեկնաբանել Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին անգամ և աննախադեպ այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը:

Տեղյա՞կ է արդյոք, պարոն քաղասքապետը, որ իր քաղաքում դեռևս քիչ չեն վթարային շենքերում ծվարած և ցանկացած հորդ անձրևից երեխաների գլխին խարխլված պատերը քանդվելու վտանգի մեջ ապրող ընտանիքները:

Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետը, որ Սարի թաղի հարյուրավոր ընտանիքներ ապրում են սողանքների ամենօրյա սպառնալիքի տակ և հորդառատ անձրևներից տարեց տարի խարխլվող ու քանդման վտանգի մեջ գտնվող պատերից ներս՝ կոմունալ- կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Նման օրինակները ցավոք շատ են:

Մի՞թե ողջամտությունը, իշխանության պատասխանատվության գիտակցումը և, վերջապես, բարոյականության տարրական ընկալումները չեն պահանջում, որ եթե բյուջեում առկա են միջոցներ, ապա վարձատրության տեսքով այդ միջոցները սեփական գրպանները դնելու փոխարեն պետք է ուղղել ֆոնդային բյուջե և լուծել մեր բնակիչների ամենահրատապ խնդիրները:

Զավեշտալին այն է, որ քաղաքապետն իր քայլով բացահայտեց այս տարեսկզբից տեղական տուրքերի դրույքաչափերի աննախադեպ բարձրացման գլխավոր նպատակը: Պարզվում է տեղական տուրքերի դրույքաչեփերը բարձրացվեցին ոչ թե հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներին այդ միջոցները ուղղելու, այլ սեփական վարձատրությունը շեշտակի ավելացնելու նպատակով: Այս մոտեցումը, ըստ էության, մի քանի ամիս աշխատելու պարագայում իրենց պարգևավճարներ նշանակելու արատավոր պրակտիկայի տարամաբանական շարունակությունն է:

Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան, ընդ որում, քաղաքական անպատասխանատվությամբ և ցինիզմով ուղեկցվող հանրային միջոցների համակարգված թալան:

Ի դեպ բոլորովին կապ չունի քաղաքապետը վերը նշված առաջարկը կներկայացնի Երևանի ավագանու դատին թե ոչ, կապ չունի նաև թե ներկայացնելու դեպքում ինչպիսի որոշում կկայացնի Երևանի ավագանին:

Անկախ այդ ամենից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր այդ քայլով իրեն զրկել է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունքից: Կարծում եմ եզրակացությունները պետք է թողնել նրան և իշխող կուսակցությանը»,- ասված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել 1700 աշխատակիցների հաստիքացուցակի փոփոխության մասին որոշումը, ըստ որի՝ քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվեն, մյուսներինը՝ կբարձրանա շուրջ 30 տոկոսով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ