Հայաստանում եղել է, կա օրգանների վաճառքի սև շուկա, և Հայաստանի, մասնավորապես Սևանի, հոգեբուժարաններում բուժվող ՀՀ քաղաքացիները նույնպես հանդիսացել են դոնոր, ըստ օդում պտտվող լուրերի։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նեյրովիրաբույժ, ավագանու ԵԾ նախկին անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք սկանդալային հայտարարություններ արեց՝ անդրադառնալով Հայաստանում դիակային փոխպատվաստման ինստիտուտի ներդրմանը։

Վերջինս փաստեց՝ այս երևույթը  բարձրացնելու է օրգանների անօրինական վաճառքի ու այլ ռիսկեր։ Սևանի հոգեբուժարանի մասով Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ հոգեբուժարանի նախկին գլխավոր բժիշկ Գագիկ Կարապետյանն իշխանափոխությունից հետո Արսեն Թորոսյանի հովանավորությամբ է Հայաստանից փախել Գերմանիա։

«Իհարկե, նորից եմ ասում՝ օդում պտտվող լուրեր են, ես էս պահին փաստ չունեմ, բայց հիմա ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որը հրապարակվել է․ մենք հիշում ենք Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ արտասահմանցի միլիարդատերերը երեխաներ են որդեգրում, նրանց տանում են, և նրանք հանդիսանում են դոնորներ։ Այսինքն՝ եթե նման բարձրաստիճան պաշտոնատար անձը նման բան է հայտարարում, իսկ ես կարծում եմ՝ Արարատ Միրզոյանը լուրջ քաղաքական գործիչ է, և ինչ-որ հիմքեր ունի նման հայտարարություն անելու»,- ԱԺ նախագահի հայտարարությունը հիշեց Մարինա Խաչատրյանը։ 

Ավագանու անդամը հայտարարեց նաև, որ առողջապահության նախարարը 290 հազար դոլարի դրամաշնորհային ծրագիր է ստացել «Գարդասիլի» համար, ևս 90 հազար էլ՝ պետական բյուջեից։

«Ես այս փաստաթղթերն ունեմ, թեև 2 անգամ հարցում եմ արել առողջապահության նախարարություն, իրենք էդպես էլ այդ գրանտը չեն տրամադրել, բայց ես այսօր այս փաստաթուղթը կհրապարակեմ»,- ասաց Մարինա Խաչատրյանը, որը կասկածներ ունի, որ առողջապահության նախարարությունը դրամաշնորհներ է շահել նաև դիակային դոնորներից փոխպատվաստման ծրագրի համար։ Մարինա Խաչատրյանն այս թեմայով լրագրողներին կոչ է անում հետաքննություններ ու ուսումնասիրություններ անել՝ ասելով՝․ թող ինքը սխալ դուրս գա, բայց հասարակությունն իմանա ճշմարտությունը։