20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան հանրագրում ամփոփել է Հայաստանի վերջին մեկ տարվա ներքաղաքական կյանքը։

«1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան:

  1. Գործող իշխանությունների կողմից ստեղծված լիարժեք ժողովրդավարության պայմաններում, մի քանի մարդկանց կողմից սկսված սովորական քայլարշավը վերածվեց հանրային բնականոն կյանքի խաթարման, շանտաժի, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործողությունների:
  2. ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից, ինչից օգտվելով ընդդիմությունը կարողացավ օրեցօր մեծացնել հանրային մասնակցությունը:
  3. Երկրի օրինական ընտրված վարչապետը հրաժարական տվեց:
  4. Փողոցի վրա ունեցած բացարձակ ազդեցությամբ և կիրառված մանիպուլյացիոն հնարքներով (օրինակ՝ պարտադրված օրակարգով հրապարակային բանակցությունների հրավեր ՀՀԿ-ին, համագործակցության հրավեր խորհրդարանական ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, մամլո ասուլիս օտարերկրյա լրատվամիջոցներին, իշխանության համար մղվող պայքարի հռչակումը իբրև թավշյա հեղափոխություն և այլն) Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն լեգիտիմացրեց՝ հանդես գալով որպես ժողովրդի թեկնածու:
  5. Ազգային Ժողովի վրա կազմակերպված երկու գրոհներից (մայիսի 1-ին և մայիսի 8-ին) և պատգամավորների վրա գործադրված՝ այդ թվում նաև անօրինական ճնշումներից (ընտրիր մեր թեկնածուին և կներվեն քո բոլոր “մեղքերը” կարգախոսի ներքո) հետո Նիկոլ Փաշինյանը ընտրվում է վարչապետ:
  6. Առաջին անցումային-անբովանդակ-անծրագիր կառավարության ձևավորումից հետո սկսվում է մարտի 1-ի գործով վենդետան: Առայժմ դեռ պարզ չէ դա արդարության ու օրինականության վերականգնման, անձնական հաշիվների, թ՞ե քաղաքական հորիզոններ ունեցող հաշվեհարդար է:
  7. ՀՀԿ-ն խորհրդարանում և Երևանի ավագանիում դեռ մեծամասնություն էր ՝ հետևաբար իշխանափոխությունը ավարտված չէր կարելի համարել: Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ականջները քաշելու, և այլ բացառապես դեմոկրատական լոզունգներով սկիզբ է դրվում քաղաքականությունից բիզնեսի տարանջատմանը:
  8. Երևանի ավագանին հանկարծ որոշում է, որ քաղաքի փրկության, յուրաքանչյուր երևանցու երջանիկ ապագայի, ինչպես նաև Երևանի տարբեր փողոցները հերոսաբար փակած երիտասարդների աշխատանքի հարցերը լուծելու համար պետք է գնալ արտահերթ ընտրությունների:
  9. Արդյունքում “տարանջատված բիզնեսը”` ոգեշնչվելով իշխանափոխության վեհ գաղափարներով և միանալով անուշահամ էյֆորիային, Երևանի ավագանու, ինչպես նաև Ազգային Ժողովի ընտրություններում իր վճռորոշ քվեն է տալիս “Իմ Քայլը” դաշինքին՝ առանց թեկնածուներին անգամ ճանաչելու:
  10. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով ավարտվում է իշխանափոխության երկրորդ փուլը, սակայն հասարակության էյֆորիան դեռ շարունակվում է և այն պետք է արդյունավետ ուղղորդել:
  11. Հոկտեմբերի սկզբին կազմակերպվում է երրորդ գրոհը Ազգային Ժողովի վրա, որի արդյունքում ԲՀԿ ու ՀՅԴ-ն ևս հայտնվում են ընդդիմության շարքերում՝ իշխանական բոլոր լծակները թողնելով հայ ժողովրդի դարերով երազած միակ քաղաքական ուժին՝ “Իմ Քայլը” դաշինքին:
  12. Սահմանադրության դեմքը փրկելու և Ազգային Ժողովը ինքնալուծարման տանելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից, ու վայն եկել ու տարել է նրան, ով այս երկրում հանկարծ կորոշի վարչապետի թեկնածու առաջադրվել: Թավշյա թատրոնի երրորդ արարը ևս հաջողությամբ ավարտվում է:
  13. Հետո այս ամբողջ մղձավանջային խառնաշփոթի մեջ հիշում ենք, որ երկիրը նախագահ ունի, որն էլ հայտարարում է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիարժեք ձեռքբերումն ու ՀՀԿ-ի քաղաքական մեկուսացումն է:
  14. Սկսվում է նոր խորհրդարան-նոր վարչապետ-նոր կառավարություն (դեռևս անհայտ կառուցվածքով) փուլը, որը շարունակում է կռիվ տալ անցյալի հետ՝ առանց ապագայի վերաբերյալ պատկերացում ունենալու:

Սա մեր պետության վերջին մեկ տարվա պատմությունն է: Սրանք են եղել մեր “գաղափարական ու ծրագրային պայքարի, աշխարհայացքի ու տեսլականների” բախման արդյունքները: Պարզ, սովորական իշխանափոխություն: Ենթադրվում էր, որ այն արվում է քաղաքացու պահանջներն ու ակնկալիքները բավարարելու համար:

Հարկ է նշել, որ անմիջապես իշխանափոխությունից հետո հարցում է իրականացրել միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ համաձայն որի Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ ակնկալում էր, որպեսզի ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈւՄ.

1-ին ստեղծի աշխատատեղեր,

2-րդ վերացնի կոռուպցիան,

3-րդ ապահովի ծանոթությունից և կոռուպցիայից զերծ աշխատաշուկա,

4-րդ ապահովի մատչելի բնակարան և ցածր տոկոսադրույքներ,

5-րդ. իջեցնի կոմունալ վճարների, հարկերի (եկամտահարկի), երթևեկության տուգանքների և սննդի ու վառելիքի գները,

6-րդ. էականորեն բարձրացնի աշխատավարձերը և կենսաթոշակները,

7-րդ. բարելավի ենթակառուցվածքները (ճանապարհներ, բնակֆոնդ),

8-րդ . Հայաստանում ավելացնի ներդրումները,

9-րդ . զարգացնի փոքր բիզնեսը և այլն:

ՔԱՂԱՔԱՑՈւ 1-ին ակնկալիքը գոյություն չունի ընդհանրապես, 2-րդով պայքարը սկսված է, սակայն պարզվում է, որ նրանում ընդգրկվում են նաև թավշյա տղերքը,3-րդով ասում են բան չի փոխվել. քաղծառայության մրցույթներով նշանակվում են միմիայն յուրայինները,4-րդի վերաբերյալ ինչ որ աղոտ հույսեր հեռու ապագայի համար գուցե լինեն,5-րդի դեպքում հակառակն է տեղի ունենում,6-րդով որոշ ոլորտներում հայտարարվում է 10%-անոց աճ ապագայի համար,7-րդով դեռ տեղաշարժ չկա,8-րդի վերաբերյալ առայժմ միայն կենացներ են ասվում,9-րդի մասին վիճակագրությունը լռում է:

Շնորհավոր տոնդ սիրելի համաքաղաքացի»,- գրել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ