25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Համազա՛սպ, մի քիչ զուսպ եղեք. ԱԺ-ում կրքերը թեժ են

Այսօր ԱԺ նիստը սկսվեց ընդդիմություն-իշխանություն բուռն փոխհրաձգությամբ՝ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացված զինծառայողների մասին օրինագծի շուրջ:

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը վրդովվեց իշխանական պատգամավորների հնչեցրած՝ պոպուլիզմ և այլ որակումներից:

«Եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ դեմագոգ եք»,- ասաց Պետրոսյանը՝ խորհուրդ տալով հանձնաժողովներում հոգ տանել իշխանական պատգամավորների մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար, որպեսզի հասկական, թե ինչ է քննարկվում և հանրությանը մոլորության մեջ չգցեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն իր հերթին Պետրոսյանին խորհուրդ տվեց վեր կանգնել էմոցիաներից. «Եթե մի բան գիտեք, որ անհնար է, դրա մասին խոսելն էլ անհեթեթ է»:

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի խոսքով՝ ավանդույթ է դարձել, երբ ընդդիմություն ներկայացող ուժերը բերում են նախագծեր, որ վիճելի են և պոպուլիզմ բառը տեղին է:

Ըստ նրա՝ ավանդույթ է դարձել նաև խոսել ժողովրդի մասին. «Ժողովուրդ, էսօր մենք լսում ենք ելույթներ Գևորգ Պետրոսյանից ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ է եղել նախկինին: Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ»:

Այս խոսքերից ԲՀԿ շարքերն ալեկոծվեցին: «Դու լո՞ւրջ ես ասում»,- նետեց Գ.Պետրոսյանը:

«Ակնհայտ է, որ մարտավարությունն ընտրված է սաբոտաժ անելու, մարտավարությունն ընտրված է հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի, միգուցե օգտակար որոշումներ բերելու, որ իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես են իրականացվելու: Հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասնի են խոսում»,- հայտարարեց Դանիելյանը:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ նման դեպքերում իրենց կողմից գնահատականը չի ուշանալու և Դանիելյանի հայտարարությունն է պոպուլիզմ, իսկ պատգամավորը ժողովրդի ընտրյալն է ու իրավունք ունի խոսել ժողովրդի անունից.

«Ամենակնճռոտ և ամենացավոտ խնդիրների մասին երբեք կաշկանդված չենք եղել խոսելու թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ հետագայում»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ պատգամավորների ՔԿՀ-ներ մուտք գործելու ու դրա տարատեսակ խոչընդոտների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու իրենք նախագիծ էին բերել, որ մերժվել է նախկին իշխանությունների կողմից, իսկ հիմա դա պոպոլիզմ են կոչում.

«Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք, տեսեք, ով ինչ ա ասել ժամանակին, նոր նման բաներ ասեք, Համազա՛սպ: Դուք ինքներդ ձեր կենսագրությունը մի վիճարկեք էս ամբիոններից: Մի քիչ կարդացեք, սովորեք, հետ նայեք պատմությանը, տեսեք՝ ով ինչ ա խոսացել, ով ինչ ա արել վախտին: Ձև կա, բան կա, չափ կա… չի կարելի»:

Մարուքյանը նաև հարցադրում արեց, թե վերջապես ե՞րբ պետք է դուրս գալ հեղափոխություն-հակահեղափոխություն վիճակից.

«Հեղափոխությունն եղել, ավարտվել ա, դուք 88 մանդատ ունեք, դուք քաղաքական մեծամասնություն եք, գործ արեք, ո՞վ ա ձեզ սաբոտաժ անում, էսօր երկրում չկա մի ուժ, որ կարողանա ձեզ սաբոտաժ անել: Էսօր ամեն արված լավ բանի համար վարչապետի և ձեր կողքին կանգնած ենք, ո՞վ ա սաբոտաժ անում: Թե բա՝ սաբոտաժ»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե ինչ է արել «Բարգավաճ Հայաստանը»:

«Ես կարծում եմ՝ դուք տարրական բարոյականություն պետք է ունենաք նման հարց չհնչեցնելու: Կներեք՝ ձեր անո՞ւնը, Համազա՞սպ: Համազա՛սպ, մի քիչ զուսպ եղեք: Էն ինչ արել է «Բարգավաճ Հայաստանը», երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու և հասկանալու»,- Դանիելյանին դիմեց Ն.Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի հոգի, իշխանական խմբակցության մեծամասնությունը չէր լինի ԱԺ դահլիճում: Նա կոչ արեց հարգանք ունենալ քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժերի հանդեպ, և ամեն տեղ ամեն անկյունում թշնամիներ չփնտրել:

Զոհրաբյանի կարծիքով՝ ոչ ոք իրավունք չունի մի ամբողջ խմբակցության տալ «անհեթեթ» որակում. «Սա խոսում է ձեր քաղաքական վարքագծի բացակայության մասին: Մի եղեք էդքան մեծամիտ, և ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, ևս մեկ-երկուսին, որ դուք այստեղ պատահականորեն նստած եք»:

«Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանը նախ շնորհակալություն հայտնեց Մարուքյանին, հետո կոչ արեց չընկնել ծայրահեղությունների մեջ:

ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի՝ տեղից արված ռեպլիկին ի պատասխան Մ.Հայրապետյանը պահանջեց լռել:

«Դուք լռեք»,- հակադարձեց Գորգիսյանը:

«Ո՞նց դուք լռեք»,- տարակուսեց Հայրապետյանը:

Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով խոսք ունենալու դեպքում գրանցվել և ամբիոնից ելույթ ունենալ:

Հայրապետյանը հորդորեց Գորգիսյանին փոխել հռետորաբանությունը և ոճը. «Սա խնդրանք ա, բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք, մենք կփոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում ա, առնվազն էս հատվածը պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»:

Էդմոն Մարուքյանի ռեպիլկները հունից հանեցին Մխիթարյանին:

«Լռե՛ք, ասեցի, այ քեզ բան, լռե՛ք: Դու չի, դուք ա ձեզ համար»,- ասաց նա:

«Դու ո՞վ ես»,- ասացին Գորգիսյանն ու Մարուքյանը:

Մխիթարյանը դիմեց ԱԺ նախագահության օգնությանը:

«Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Շատ ցավում եմ ձեր համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»,- ասաց Ա.Միրզոյանը:

Մխիթարյանը պահանջեց Մարուքյանից չհակաճառել իրեն, իսկ դիմելով Դանիելյանին, հարցրեց՝ «դուք ուզում եք ունենալ էն քաղաքական հետագիծը, որ ունեք, թե էնպիսին, ինչպիսին պարոն Մարուքյանը ունի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ