18 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Կրճատվել է 25 000 աշխատատեղ. 168 Ժամ

30850_gorcazurk_1604_M

Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես 51 հազարով ավելացել է։

Այլ հարց, որ մեծ մասը եղել է ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ իշխանափոխությանը նախորդած երեք ամիսներին` փետրվար-մարտ-ապրիլին։

Մինչ մանրամասներին անդրադառնալը` նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում գտնվելով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր թվեր հնչեցրեց Հայաստանում ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ. մի դեպքում հայտարարվեց 10 ամսում 50 հազարով, մյուս դեպքում` 51 հազարով աշխատատեղերի ավելացման մասին։

Խնդիրն ամենևին այն չէ, որ նույն բանի մասին Նիկոլ Փաշինյանը երկու տարբեր թվեր է ասում։ Նման շեղումը, այն էլ՝ վարչապետի հայտարարություններում, անշուշտ, նորմալ չէ։

Ամեն դեպքում համարենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Վերջին հաշվով, դրանից շատ բան չի փոխվում։ Բայց եթե խոսքն այն թվերի մասին է, որոնք հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, ապա պատկերը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսի տպավորություն փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում աշխատատեղերը Հայաստանում իսկապես ավելացել են, բայց ոչ այնքան, որքան ասում է վարչապետը։

Ընդհակառակը` այս տարվա սկզբին դրանք բավական կտրուկ պակասել են. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ հայտարարագրված աշխատատեղերի թիվը նվազել է գրեթե 25 հազարով։

Հասկանալի է, որ վարչապետը սրա մասին չի խոսում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է եղել։ Եվ դա արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ այդմ, 2019թ. հունվարին Հայաստանում հայտարարագրված է եղել շուրջ 560,6 հազար աշխատատեղ, մինչդեռ`2018թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը գերազանցել է 585,3 հազարը։

Ստացվում է, որ մեկ ամսվա տարբերությամբ՝ աշխատատեղերը գրեթե 25 հազարով կրճատվել են։

Արդարացի լինելու համար ասենք, որ փոփոխությունն առաջին հերթին՝ սեզոնայնության հետևանք է և կապված է տնտեսական գործընթացների հետ։ Տարեվերջին տնտեսության զարգացումները սովորաբար շատ ավելի ակտիվ են լինում, քան տարեսկզբին։ Մի բան, ինչն էլ արտահայտվում է նաև աշխատաշուկայի ցուցանիշների վրա։ Պարզ է, որ, երբ վարչապետը խոսում էր աշխատատեղերի ավելացման մասին, նկատի ուներ առանց այն 25 հազարի, որը տարեսկզբին կրճատվել է։

«10 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»,- Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե 10 ամիս ասվածը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում, մնում է միայն գուշակել։ Այդպես էլ վարչապետը չսովորեց թվերի ներկայացման ճիշտ ձևը։

Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ խոսքը հետհեղափոխական ժամանակահատվածի մասին է։ Այդ ընթացքում գրանցված աշխատատեղերն իսկապես ավելացել են։

Իհարկե, կասկած չկա, որ դրանց գերակշիռ մասը ոչ թե նոր ստեղծված, այլ եղած աշխատատեղերն են, որոնք նախկինում դուրս էին հաշվառումից։

Իսկ թե կոնկրետ քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում իշխանափոխությունից հետո, որևէ վիճակագրություն չկա։ Իրականում բարդ է նման վիճակագրություն ունենալը։ Թեև առանց դրա էլ՝ դժվար չէ պատկերացնել, թե այս ընթացքում ինչպիսի իրական  փոփոխություններ է կրել աշխատաշուկան։ Նոր աշխատատեղերը, եթե նույնիսկ ստեղծվել են, ապա դրանց քանակը չափազանց քիչ է։ Բայց դա էլ թողնենք մի կողմ։

Փորձենք հասկանալ, թե 10 ամսում ի՞նչ 51 հազար աշխատատեղի ստեղծման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։

Այսպես`պաշտոնական վիճակագրության համաձայն, 2018թ. հունվարին Հայաստանում գործատուների կողմից հայտարարագրված է եղել 509 հազար 549 աշխատատեղ։ Արդեն 2019թ. հունվարին (հրապարակված վերջին տվյալն է) դրանց թիվը հասել է 560 հազար 586-ի։ Այսինքն` մեկ տարվա կտրվածքով աշխատատեղերի քանակն ավելացել է 51 հազար 37-ով։

Բայց այնպես չէ, որ դա տեղի է ունեցել բացառապես իշխանափոխությունից հետո։ Ընդհակառակը` անցած տարվա սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չէր, Հայաստանում ավելի շատ նոր աշխատատեղ է հայտարարագրվել, չասենք՝ ստեղծվել, քան 2018թ. մայիսից մինչև այս տարվա հունվարը։

Որպեսզի ասվածը հիմնավոր լինի, բերենք որոշ ցուցանիշներ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ. ապրիլին Հայաստանում հայտարարագրված է եղել ավելի քան 538,3 հազար աշխատատեղ։ Նույն տարվա հունվարի համեմատ կամ մինչև իշխանափոխություն՝ աշխատատեղերի քանակն ավելացել է 28,7 հազարով։

Այժմ տեսնենք, թե քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո։ Դրա համար հարկավոր է, որպեսզի  2019թ. հունվարին գրանցված աշխատատեղերի թվից` 560,6 հազարից, հանենք անցած տարվա ապրիլին գրանցված աշխատատեղերի թիվը` 538,3 հազարը։

Կստացվի, որ իշխանափոխությունից հետո կամ մայիսից մինչև այս տարվա հունվար Հայաստանում գրանցված աշխատատեղերն ավելացել են 22,3 հազարով։ Սա ավելի քան 6 հազարով պակաս է փետրվար-մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գրանցված աշխատատեղերի քանակից։

Ահա սա է 2018թ. հունվարից 2019թ. հունվար կամ վերջին մեկ տարում աշխատաշուկայում արձանագրված փոփոխության պատկերը։ Եթե խոսքն այս ցուցանիշների մասին է, ապա այստեղ վարչապետը հպարտանալու քիչ առիթ ունի։

Նշենք նաև, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ այդ ընթացքում ավելացել է ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի աշխատատեղերի թիվը։ Այս տարվա հունվարին պետական համակարգում գրանցված է եղել ավելի քան 200 հազար աշխատող, ինչը 1,9 հազարով ավելի է 2018թ. հունվարի համեմատ։ Աշխատողների ամենամեծ քանակությունը զբաղված է կրթության համակարգում` գրեթե 109 հազար մարդ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ