29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև. ՀՅԴ

1818681

Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանի վրա բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով: Ներկայումս 1000 խմ գազը արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները (psrc.am) հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը: Օրակարգում է նաև հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ընկերությունը դեռևս վերջնական չի բացահայտել այն խնայողությունները, աղբյուրները, որոնք թույլ կտան փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որը տարվա կտրվածով կձևավորի մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք: Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը և թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Սա այն դեպքում, երբ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ կուտակվել է մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի պարտք:

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին՝ զուտ մասնագիտական տեսանկյունից հարց է առաջանում արդյո՞ք մեր գազամատակարարման համակարգը, ի դեմս «Գազպրոմ Արմենիա» ընկերության, ունի այդ խնայողությունները, որոնք կպահպանեն ազգաբնակչության համար գոնե գործող սակագները:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ (armenia-am.gazprom.com), որը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 9.3 մլրդ ՀՀ դրամով: 2018 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, կանխատեսելի է, որ 2018 թվականի ընթացքում վնասը կավելանա: Ի դեպ, ընկերության ֆինանսական տվյալների ճշգրտության նկատմամբ լայն վերահսկողական գործիքակազմ ունի ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով, որ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկ վճարող:

Բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որևէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող և օժանդակ), այսինքն՝ ըստ նորմատիվների՝ քանի աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը:

Այնուամենայնիվ, ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցներ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀՀ ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները և դրանց վերանայման պարբերականությունն ու աճը:

Եվ այսպես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ընկերությունը ներկայումս գործում է վնասով, իսկ ինչ վերաբերում հաստիքացուցակի վերանայման (ըստ էության՝ կրճատման) հնարավորությանը, ապա տրամաբանական հարց է ծագում. եթե հնարավոր է ավելի քիչ աշխատակիցներով պատշաճ ձևով սպասարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգը, ինչու՞ է ՀՀ ՀԾԿՀ-ն ժամանակին հաստատել ուռճացված հաստիքացուցակները, ո ՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու մեր սպառողների գրպանի հաշվին կատարված ծախսերի համար: Անշուշտ, աշխատատեղերի կրճատումը ավելի կսրի սոցիալական իրավիճակը Հայաստանում:

Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ սահմանի վրա բնական գազի 15 ԱՄՆ դոլարի բարձրացման արդյունքում Գազպրոմ Արմենիա ընկերությունը կուտակում է պարտք, որը տարվա վերջում կկազմի մոտ 30 մլն ԱՄՆ դոլար: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: Այս իրավիճակում անհրաժեշտ է համատեղել տնտեսական և քաղաքական ներուժը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ