Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ համակարգային կոռուպցիային։ Այս պահի դրությամբ, ըստ նրա, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված չէ կոռուպցիոն գործընթացներում։ 

 

«Այդ խողովակը փակված է։ Բայց կա երկրորդ մասը, դա պետական գնումների ոլորտն է։ Ես համոզված չեմ, որ այդ ոլորտում ամեն ինչ փակվել է։ Գուցե ատկատների համակարգը այս պահին չի երեւում, բայց այն երեւույթները, թե ով պետք է հաղթի, ով պետք է աշխատի, կարծում եմ, դեռ կան»,- ասաց Վիգեն Հակոբյանը։ 

Կոռուպցիայի դեմ պայքարը, Վիգեն Հակոբյանի կարծիքով, պետք է լինի այնպիսի օրենսդրության ստեղծումը, որը կբացառի կոռուպցիոն դրսեւորումները։ 

«Կոռուպցիան այնտեղ է, երբ կարող ես նույն օրենքի նույն կետը տարբեր ձեւով մեկնաբանել»,- ասաց քաղտեխնոլոգը։

«Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամ Արման Ղուկասյանը թավշյա հեղափոխությունից հետո դրական է համարում, որ չինովնիկների աշխատելաոճի մեջ կա թափանցիկություն։ Նաեւ, ըստ նրա, հասարակությունն է մեծ պահանջներ ներկայացնում իշխանություններին։
Նա բացասական է գնահատում, որ քաղաքական ողջ համակարգը կախված է մեկ անձի կամքից։

Բացասական է նաեւ, որ մեկ մարդու կամքից են կախված ուժային կառույցները, ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը։ 

«Քաղաքական ինստիտուտների կայացման տեսանկյունից սա չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Դա համակարգի տեսանկյունից նման է նախկինին, եւ ես որակական տարբերություն չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա այդ սպասելիքները տրանսֆորմացվել են եւ հանգեցրել դժգոհությունների»,- ասաց Արման Ղուկասյանը։ Նա եւս, ինչպես Վիգեն Հակոբյանը, կարծում է, որ մարդիկ սպասում են ռեալ փոփոխությունների, ոչ թե խոստումների։

Արման Ղուկասյանն ասաց, որ գներն աճում են, սակայն կենսաթոշակների բարձրացում չկա։
Արման Ղուկասյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր աննախադեպ ներդրումների մասին, սակայն դրանք այսօր մենք չենք տեսնում։ Նա հիշեցրեց նաեւ, որ ամերիկյան «Լիդիան» ընկերությունն իր ներդրումները 30 միլիարդ դոլարով կրճատել է եւ պատրաստվում է դիմել դատարան՝ կորցրած փողերը հետ բերելու համար։ 

Հայաստանից Ռուսաստան տրանսֆերտներն, ըստ նրա, ավելացել են 3, 8 միլիոն դոլարով։ 
Թավշյա հեղափոխությունից հետո, հոկտեմբերին,  ըստ նրա,  տնտեսական աճը եղել է երեք տոկոս։

«Եթե Հայաստանի կառավարությունը 2019թ․ ակնկալում է 4,9 տոկոս աճ, ապա Համաշխարհային բանկը չի տեսնում դա»,- ասաց նա։Հայտարարված տնտեսական հեղափոխությանն անդրադառնալով՝ Արման Ղուկասյանը նշեց, որ անտրամաբանական էին ինչպես պարգեւավճարները, այնպես էլ կրճատումները պետական համակարգում։ 

Նա այն տպավորությունն է ստացել, որ կառավարությունը գերնպատակ է դրել՝ ամեն գնով լցնել բյուջեն, իսկ այդ ամենի հիմքում չկա քաղաքացու շահը։ 

Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ նրա, չի իրականացվում միջին եւ ցածր օղակներում, այն ուղղված է քաղաքական ընդդիմախոսների դեմ։