25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեռ ժամանակ կա

Ո՞րն է մեր այսօրվա իրականության բնորոշումը՝ անորոշությունը: Այս եզրակացության են հանգում շատ վերլուծաբաններ: Իսկ ո՞րն է այդ անորոշությունը ծնող պատճառը:

Ըստ իս, քաղաքական իշխանության ոչ համակարգային բնույթը: ՔՊ-ն ստանձնելով իշխանությունը, որպես քաղաքական միավոր (կուսակցություն) նման պատասխանատվության համար դեռևս չունի անհրաժեշտ համակարգված քաղաքական որակներ (գտնվում է էմբրիոր վիճակում): Նա չունի հանրային կյանքի կազմկերպման իր գաղափարաբանական դոկտրինը (իզմերի մերժումը այդ բացը շրջանցելու փորձ է): Նա որպես կուսակցություն չունի քաղաքական որոշումներ կայացնելու ներկուսակցական համակարգ և փորձառություն: Արդյունքում նկատելի չէ մեր իրականությունը հետևողականորեն բարեփոխելու հստակ գործընթաց:

Նշված համակարգային բացերը ունեն օբյեկտիվ պատճառներ և պայմանավորված են անցյալ տարվա հեղափոխական զարգացումների անսպասելի, այդ թվում Փաշինյանի փողոցում ձևավորված փոքրաքանակ համակիրների համար, արդյունքով՝ նրանք դատապարտված էին ստանձնելու իշխանության պատասխանատվությունը՝ օբյետիվորեն չլինելով դրան պատրաստ:

Նման պարագաներում համակարգային բացերը, որպես կանոն, փորձում են լրացնել մասնագիտական փորձառություն ունեցող կադրերով՝ ձևավորվում է մերիտոկրատական կառավարություն, որն իր մասնագիտական որակներով չեզոքացնում է քաղաքական մեծամասնության ոչ համակարգային լինելու գործոնը:

Ցավոք իրերի վիճակի այս պարզ գիտակցումը այսօր չի նկատվում: Փոխարենը գնալով ավելի նկատելի է դառնում քաղաքական հեղինակության պահպանման վարչական լծակների օգտագործման նախապատվելիությունը, ինչը որևէ ռացիոնալ հեռանկար չի կարող խոստանալ:

Ուստի, պայմանավորված տնտեսության բնագավառում մեզ սպասվող բազում ոչ բարենպաստ ազդեցությունները չեզոքացնելու, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու կարողություններ ձևավորելու անխուսափելի անհրաժեշտությամբ, հրամայական է դառնում մերիտոկրատական կառավարության ձևավորման խնդիրը:

Վարչապետ Փաշինյանը օր առաջ պետք է մի կողմ թողնի գործադիրում կադրերի ընտրության և նշանակման քվազիքաղաքական մոտեցումները և շրջապատի իրեն մերիտոկրատիայի ներկայացուցիչներով: Դեռևս ուշ չէ:

Խոսրով Հարությունյան

նախկին վարչապետ

ԱԺ նախկին նախագահ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ