23 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Գումարը թող տան, ծախսերի կտրոնները պահանջեն, բայց թող թողնեն, որ մարդավարի բեմադրություն անենք. Ժիրայր Դադասյան

6.thumb

Երևանի Մնջախաղի պետական թատրոնին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նոր տարածք առաջարկվեց 2018թ. նոյեմբերին: Շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:

 

«Մեզ խոստացել են շենքի երկրորդ և երրորդ հարկերը: Դահլիճ, բեմ պետք է պատրաստվի, այսինքն, նորից նախագիծ ու վերակառուցում պետք է լինի: Սակայն դեռևս լուր չկա, ինչ-որ քննարկումներ են ընթանում, թղթային հարցեր կան: Սպասում ենք Մշակույթի նախարարության հայտարարությանը՝ հարցի վերջնական լուծման վերաբերյալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ իրենք հիմա ընթացիկ աշխատանքներով են զբաղված, դպրոցների հետ են տարբեր ծրագրեր կազմակերպում, պատմում են մնջախաղի մասին, ցուցադրում ներկայացում:

«Մենք չենք կարողանում կողմնորոշվել, որովհետև մշակութային քաղաքականության մեջ հստակություն չի ուրվագծվում: Մշակույթի նախարարություն երկու հայտ ներկայացրեցինք՝ դրամաշնորհ ստանալու համար, մեկը նոր բեմադրության համար էր, մյուսը՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի, որն անցած տարի տեղի չունեցավ, փոխարենը՝ այս տարի կկայանա: Բայց այս դեպքում էլ անակնկալներ էին սպասվում, պարզվեց, որ գումարի 20 տոկոսը (16 միլիոն)՝ որպես ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), պետք է վերադարձնենք պետությանը: Նախկինում այդպես չէր: Նոր ներկայացման համար գումարը բավարար է, փառատոնի համար՝ ոչ, ուստի դիմում եմ մեր պոտենցիալ հովանավորներին, որպեսզի համագործակցենք: Փառատոնի հետ կապված շատ լավ ծրագրեր ունենք, այն տեղի է ունենալու օգոստոսի 10-15-ը»,- հավելեց Ժիրայր Դադասյանը:

 

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ բեմադրության համար տրամադրվել է 6 միլիոն 700.000 դրամ, որից նույնպես պետք է պահումներ արվեն՝ 20 տոկոս ԱԱՀ:

«Նոր բեմադրությունը կոչվում է «Պիեռոյի երազը»: Գաղափարն առաջացել է 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից հետո: Հերոսն ակտիվիստ է: Կտեսնե՛ք նաև և՛ ոստիկանի, և՛ ինքնասիրահարված աղջնակի կերպար: Լիրիկական կատակերգություն է: Երաժշտությունը գրում է Արամոն, գործիքավորողը Մադաթ Ավանեսովն է»,- մանրամասնեց Ժիրայր Դադասյանը:

Նա նշեց, որ լավ չեն տենդերները, քանի որ, երբ որակյալ մի բան ես ուզում ստեղծել, ավելի շատ գումար ես ներկայացնում, իսկ մյուսն ավելի էժանն է առաջարկում, դա ազդում է որակի վրա:

«Գոնե մի ձև պետք է գտնեն՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն մտցնեն: Գումարը թող տան, ծախսերի կտրոնները պահանջեն, բայց թող թողնեն, որ մարդավարի բեմադրություն անենք: Իրենց թվում է, թե մենք շահագրգռված ենք վատ ներկայացում անել, սա նվաստացուցիչ է, հիվանդություն է նաև կասկածերը, որ փողը նպատակային չի ծախսվելու»,- նկատեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ