19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում կրճատվել են ներդրումները, հարազատներին արտերկրից քիչ են գումար ուղարկում, այսինքն, ունենք լուրջ ֆինանսական անկում /տեսանյութ/

«Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ»,- Ուինսթոն Չերչիլի խոսքերն է մեջբերում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու նշում՝ «հիմա մենք գտնվում ենք խոստումների շրջանում, Աստված տա, որ մի մասն իրականանա»:

«Խոստումներից են՝ աշխատատեղերի ստեղծումը, թոշակների, նպաստների բարձրացումը, արտագաղթի կրճատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի վերականգնումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, բայց դեռ ինչ-որ հուշարձան են հանում կամ նորն են տեղադրում, չգիտես ինչու՝ 10-յակ մարդկանց գործազուրկ են դարձնում՝ քանդելով սրճարանները, այն դեպքում, որ կարելի էր մի որոշ ժամանակ դիմանալ, էսքան դիմացել էինք: Իսկ կրճատումները, որն իրականացնում է իշխանությունը ու փորձում է տնտեսած գումարն ուղղել բանակին, ավելացնում է գործազուրկների թիվը: Աշխատանքից, կամ, ավելի ճիշտ, պաշտոնից զրկված մարդիկ ստիպված արտագաղթում են, որովհետև իրենց փորձից, կարգավիճակից  ելնելով՝ չեն գնա առևտուր անելու կամ տաքսի վարելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը շեշտում է՝ հայ ազգաբնակչության զգալի մասը գոյատևում էր կաշառքի շնորհիվ, հիմա, եթե կաշառքի դեմ պայքարում են՝ սնուցող խողովակը շատերի համար փակվում է, ինչը, ըստ նրա՝ լուրջ խնդիր է:

«Չնայած վարչապետը կարծում է, որ դեռ կաշառակերության դեպքեր են գրանցվում: Հիմա, եթե հույս ունենանք, որ կոռուպցիայից լիակատար զրկվելու ենք, դա մի քիչ մանկամտություն է: Եթե Ճապոնիայի վարչապետը կոշիկի կաղապարի մեջ 1.5 միլիոն կաշառք է ստանում, այստեղ պարզ է, որ  սովորական չինովնիկի դիմաց եթե 1000 դոլար դնեն՝ մեծ հաճույքով կվերցնի»,- նշեց  նա:

«Այսօր տպագրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականը Հայաստանի վերաբերյալ: Մեզ մոտ աճի կրճատում է լինելու: ՀՀ-ում կրճատվել են ներդրումները, հարազատներին արտերկրից քիչ են գումար ուղարկում, այսինքն, ունենք լուրջ ֆինանսական անկում: Այս ամսվա ընթացքում ընտանիքների բյուջեի վերաբերյալ հարցում ենք իրականացրել: 2600 ընտանիքի ենք այցելել: Հարցումներից պարզ է դարձել, որ մոտ 10 տոկոսն աղքատ է մնում, բայց իրեն աղքատ է համարում ընդամենը 5 տոկոսը, 85 տոկոսն իրեն համարում է համեստ ապրելակերպի տեր, 1.5 տոկոսն էլ իրեն հարուստ է համարում: Ի դեպ, հարուստների թիվը 3 անգամ կրճատվել է: Ինչ վերաբերում է ընտանեկան բյուջեին, ապա 1/3-ը սնունդի համար է ծախսվում, վարկերի փակման համար՝ 15 տոկոս,  կոմունալ ծախսերի համար՝ 10 տոկոս, առողջության համար՝ 8, կրթության համար՝ 7, տրանսպորտի համար՝ 6, հագուստի համար 4 տոկոս է ծախսվում, իսկ ժամանցի, նվերների, հանգստի համար՝ 17 տոկոս: Տեսե՛ք բյուջեի 1/3-ը ծախսվում է սնունդի համար, ու մի՛ զարմացեք, եթե հագուստի խանութները հաճախորդներ չունեն: Մարդիկ հիմնական գումարը ծախսում են սնունդի համար, իսկ դուք գիտեք, թե որակն ինչպիսին է Հայաստանում»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի հարցումները ցույց են տվել նաև այն,  որ Հայաստանում բնակչությունը բաժանվում է 4 խմբի: Մի մասը վստահ է, որ նոր իշխանությունները լուրջ արդյունքների կհասնեն, մի մասը կասկածամիտ է, շատերը սպասողական վիճակում են, ոմանք էլ գիտեն՝ ինչ էլ լինի՝ իրենց չի հասնի:

«Ընդ որում ՝ հարցման ժամանակ մի կին ասաց, թե՝ պարտադիր չէ, որ իմ վիճակը լավանա, հարևանիս վիճակն էլ լավանա, էլի լավ է:

Կասկածամիտների դեպքում էլ քիչ եմ տեսել մարդկանց, ովքեր տնտեսագիտորեն կբացատրեին, թե ինչո՞ւ է  նոր իշխանությունների տնտեսական հեղափոխությունը անհիմն: Իրենք չեն վստահում ոչ իրենց, ոչ ուրիշներին, միայն ասում են՝ չի ստացվի»,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ