21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Եթե իրենց պատգամավորն ու նախարարը իրար հետ յոլա չեն գնում, դրանից մենք չենք ուրախանում. Էդմոն Մարուքյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների տեղիք է տվել:

Թորոսյանը գրել էր՝ «Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում»:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանության ներքին խնդիրների համար չի չարախնդում, հույս ունի, որ կկարգավորվի ամեն ինչ. «Եթե իրենց պատգամավորներն ու նախարարը իրար հետ յոլա չեն գնում, դա ընդդիմության հարցը չի ու դրանից մենք չենք էլ ուրախանում»:

Հարցին՝ առողջապահության նախարարի գործունեությանն ինչպե՞ս եք վերաբերվում՝ Մարուքյանը պատասխանեց, որ իրենք կառավարության ծրագրին դեմ են քվեարկել ու դրա հիմնական շեշտադրումը եղել են կադրերը. «Մենք գործող կադրերից դժգոհ ենք, եկեք չմասնավորեցնեմ: Արսեն Թորոսյանին ես գնահատականներ տալու կարիք չեմ տեսնում: Ընդհանրապես կառավարության կադրային քաղաքականությունից մենք դժգոհ ենք, որի մասին ես ելույթ եմ ունեցել ու որը դարձել է բուռն պատերազմի առարկա»:

Դիտարկմանը՝ դուք դժգոհում էիք այն կադրերից, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղել են այսպես ասած երկրորդ պլանի խաղացող, իսկ Արսեն Թորոսյանը Սերժ Սարգսյանի օրոք պաշտոն չի զբաղեցրել՝ Մարուքյանն արձագանքեց. «Ես ասել եմ նրանց փոխեք: Քանի որ տնտեսական հեղափոխության մասին էին խոսում, ես շեշտադրում արեցի տնտեսական բլոկի նախարարների վրա, օրինակ, Ջանջուղազյանի ռեֆորմներին ես չեմ հավատում, բայց ընդհանրապես ասեցի»: 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ