25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի պարտվիր չարին, այլ բարիով հաղթիր չարին

Հիսուս ասում է.
– Մի՛ կարծեք, թե ես եկա Մովսեսի Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու. չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը։ Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, երկնքի արքայության մեջ նա հետինը պիտի համարվի։ Իսկ ով որ գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի լինի։ Ասում եմ ձեզ, եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների ունեցած հավատարմությունից ավելին չլինի, երկնքի արքայությունը չեք մտնի։

– Լսել եք, թե ինչ է ասվել անցյալում. «Մի՛ սպանիր, որովհետև ով սպանում է, պիտի դատապարտվի»։ Իսկ ես ձեզ ասում եմ. ով որ առանց պատճառի բարկանա իր եղբոր վրա, պիտի հանձնվի դատարանի։ Ով որ իր եղբորը հիմար կոչի, ատյան պիտի բերվի, և ով որ իր եղբորն անմիտ կոչի, պիտի դատապարտվի դժոխքի կրակին։ Եթե զոհասեղանի վրա քո ընծան Աստծուն մատուցելու ժամանակ հիշես, թե եղբայրդ վշտացել է քեզնից, 24 քո ընծան զոհասեղանի առա՛ջ թող, գնա նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր Աստծուն։
Երբ մեկը ինչ-որ խնդիր ունենա քեզ հետ և դատի տա քեզ, սկզբից համաձայնությա՛ն եկ նրա հետ՝ դեռևս դատարան չընկած, այլապես նա քեզ դատավորին կհանձնի, դատավորն էլ՝ ոստիկանին, և դու բանտ կնետվես։ Համոզվա՛ծ եղիր, որ բանտից դուրս չես գա, մինչև չվճարես տուգանքիդ վերջին դահեկանը։

– Լսել եք, թե ինչ է ասվել. «Մի՛ շնանա»։ Իսկ ես ասում եմ ձեզ, թե ով որ ցանկությամբ նայի որևէ կնոջ, արդեն իսկ իր սրտում շնություն արած կլինի նրա հետ։ 
Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր և դե՛ն գցիր այն, որովհետև նախընտրելի է, որ քո անդամներից մեկը կորցնես, քան թե քո ամբողջ մարմնով դժոխք նետվես։ Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր և դե՛ն գցիր այն, որովհետև նախընտրելի է, որ քո անդամներից մեկը կորցնես, քան թե քո ամբողջ մարմնով դժոխք նետվես։

– Ասվել է նաև. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»։ Իսկ ես ձեզ ասում եմ. նա, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ի՛նքը պատճառ կդառնա, որ նա շնանա։ Նույնպես շնություն արած կլինի նա, ով ամուսնանում է արձակված կնոջ հետ։

– Լսել եք նաև, թե ինչ է ասվել անցյալում. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել էիր Տիրոջը»։ Իսկ ես ձեզ ասում եմ. -Բնավ մի՛ երդվեք, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, ո՛չ երկրի վրա, որովհետև նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Թագավորի՝ Աստծու քաղաքն է, և ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ Պարզապես ձեր այոն թող այո լինի և ոչը՝ ոչ։ Դրանից ավելին չարից է գալիս։

– Լսել եք, թե ինչ է ասվել. «Աչքի փոխարեն աչք պիտի հատուցես, ատամի փոխարեն՝ ատամ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. -Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին։ Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան։ Եվ եթե մեկը ուզի քեզ դատի կանչել շապիկդ առնելու համար, բաճկո՛նդ էլ տուր նրան։ Եթե մեկը քեզ բռնադատի մեկ մղոն ճանապարհ միասին գնալ իր բեռը տանելու համար, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ Եթե մեկը մի բան խնդրի քեզնից, տո՛ւր, և եթե մեկը մի բան փոխ առնել ուզի քեզնից, երես մի՛ դարձրու։

– Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. -Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ Այդպիսով դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ բան արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։

Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։
(Մատթեոսի ավետարան 5:17-48)

Քանի որ Աստված այնքան ողորմած եղավ մեր հանդեպ, աղաչում եմ, որ դուք ձեզ Աստծուն ընծայեք որպես նրան վերապահված կենդանի մի զոհ, որովհետև դա՛ է Աստծու ուզած հոգևոր պաշտամունքը: Միʹ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծու կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է նրան և կատարյալ…

Ձեր սրտերը թող անկեղծ լինի: Ատեցե՛ք, ինչ որ չար է, և կառչա՛ծ մնացեք բարուն: Եղբոր նման գորովանքո՛վ սիրեցեք միմյանց: Հարգելու մեջ գերազանցե՛ք միմյանց… Հույսով ուրախացե՛ք, նեղության մեջ եղե՛ք համբերող, հարատև աղոթեցե՛ք: Կարիքի մեջ գտնվող եղբայրներին օգնեցե՛ք և միշտ հյուրասե՛ր եղեք: Օրհնեցե՛ք ձեզ հալածողներին. մի՛ անիծեք, այլ օրհնեցե՛ք…
Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք: Ջանացե՛ք անել այն, ինչ բարի է բոլորի մարդկանց աչքին: Ինչքան կարող եք, բոլորի հետ խաղա՛ղ ապրեցեք: Սիրելինե՛ր, վրեժ լուծելու մասին երբեք մի՛ մտածեք, այլ թողեք, որ Աստծու բարկությունը կատարի այն:
ՄԻ՛ ՊԱՐՏՎԻՐ ՉԱՐԻՑ, ԱՅԼ ԲԱՐԻՈ՛Վ ՀԱՂԹԻՐ ՉԱՐԻՆ:

Ոչ ոքի ոչ մի բանով պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելու պարտավորությունից, քանի որ ընկերոջը սիրողը կատարած է լինում Աստծու Օրենքը, որովհետև Աստծու պատվիրանները՝ «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ ցանկացիր», և բոլոր մյուսները խտացված են այս միակ պատվիրանի մեջ. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»։ Ով սիրում է իր ընկերոջը, չարիք չի անի նրան։ Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծու Օրենքը լրիվ գործադրել։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 12:1-2, 9-21, 13:8-10)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ