16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ ասեց, թե դպրոցներում երեխաներին պահպանակ ցույց տալն ու դրա օգտագործումը բացատրելը առողջ սեռական դաստիարակություն է

Ես միանշանակ կողմ եմ սեռակրթությանը, որի տակ հասկանում եմ սեռի ու սեռային հարաբերությունների մասին այնպիսի գիտելիքի յուրացումը, որը միայն կնպաստի ամուր հարաբերությունների և ներդաշնակ սեռական կյանքի կայացմանը։ 

Բայց ինչո՞ւ են սեռակրթության հիմնահարցերով մտահոգված կազմակերպությունները փորձում համոզել, որ Հայաստանում այս առումով անմխիթար իրավիճակ է ու դա իբր թե կապված է հայ ազգի կաղապարված ու բարդույթավորված մտակեցվածքի հետ, չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Ո՞վ ասեց, որ հայերը սեռականության ոլորտում հետ են աշխարհից, անգրագետ են ու ոչինչ չեն հասկանում։ Այդ ո՞ր մտայնությունն է փորձում շփոթեցնել ու մոլորեցնել մեր ազգի աճող սերնդին։ 

Ո՞վ ասեց, թե դպրոցներում երեխաներին պահպանակ ցույց տալն ու դրա օգտագործումը բացատրելը առողջ սեռական դաստիարակություն է, ո՞վ ասեց, թե երեխաների գլուխներում պետք է ներմուծել այնպիսի արհեստածին հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ՝ գենդերը կամ անցանկալի հղիությունը կամ բացատրել հղիության ընդհատման մեթոդները։ Ո՞վ ասեց, որ դպրոցական երեխաների ուղեղը կարող է մարսել այնպիսի բառեր, ինչպիսիք են հոմոսեքսուալը կամ տրանսգենդերը։ 

Ամբողջ արևմտյան աշխարհն այսօր կրում է սեքսուալ հեղափոխության ծանր հետևանքները, ֆեմինիստական շարժումների ավերիչ ազդեցությունը, ամբողջ աշխարհից այսօր գալիս են Հայաստան հարսնացուներ ընտրելու համար, որովհետև գիտեն ու լսել են հայուհիների նվիրվածության և արժանապատվության մասին, գալիս են մեր տղամարդկանցից իմաստություն սովորելու համար, որովհետև տեսնում են հայ տղամարդու անպարտելի ոգին ու անկոտրում կամքը։ 

Աշխարհում սեռական այլասերվածությունը հատել է իր բոլոր սահմանները, մարդուն դարձնելով կենդանի, անասնական բնազդային ակտ իրականացնողի։ 

Իսկ հայերն այն քիչ ազգերից են, որ պահպանել են իրենց սեռական իմաստությունը ու դա շնորհիվ այն մշակութային արժեքների, որ կրում ենք մեր մեջ։ Ու եթե մենք ունենք սեռական խնդիրներ, ապա դա ոչ թե հայ լինելու հետ է կապված, այլ այն համընդհանուր պատճառների ու գլոբալ միտումների, որոնք այսօր տիրում են աշխարհում ու կապված են ընդհանուր բնույթի գործոնների հետ։ 

Ուրեմն վառ պահենք մեր արժեքները ու չկորցնենք մեր ինքնությունը, արտաքինից փայլող, բայց դատարկ սեռադաստիրակչական քարոզարշավներին չմիանանք։ 

Սեռական առողջությունը մարդուն մարդ դարձնելու միջոցով է իրականացվում, ուրեմն ճանապարհը դեպի առողջ սեռականություն ոչ թե ուղղակի է՝ գռեհիկ նատուրալիստական պատկերներով, այլ անուղղակի՝ ինքնություն կերտող ու տանող ուղիով։

Նարինե Ներսիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ