25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը գերազանցում է իր լիազորությունները

Օրենսդրությամբ քաղաքապետարանի կողմից որևէ բան անհատույց, վարձատրությամբ կամ նվիրատվությամբ տրամադրելը լինում է այսպես. դիմում են ավագանուն, ավագանին հաստատում է այդ որոշումը:

Ավագանին որոշել է, որ Բուզանդի 1/3 հասցեում մի շարք տարածքների անհատույց տրամադրման որոշմանը, որոնք վերաբերել են լրատվամիջոցներին, մենք կողմ ենք քվեարկել, որովհետև գտնում ենք, որ լրատվական, հասարակական կազմակերպությունները պետք է քաղաքապետարանից աջակցություն ստանան. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Բանը հասել է նրան, որ կայացվել է որոշում, որը, ըստ էության, շրջանցել է ավագանուն: Սա, բնականաբար, անընդունելի է, քաղաքապետը գերազանցում է իր լիազորությունները»,- ասաց Խաժակյանը:

«Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն էլ նշեց, որ վերջերս գույքի աճուրդի հանձնաժողովի նիստում քննարկվել է հարցը և որոշվել, որ նոր աճուրդ պետք է հայտարարվի: «Այս շենքում կան վարձակալած տարածքներ, որոնք մեկ քառակուսի մետրի դիմաց տրվում են 500 դրամ վարձավճարով:  Շատ ցածր գնով են տրվում այդ տարածքները վարձակալության, և  հանձնաժողովն ամբողջովին կողմ եղավ, որ վարձակալման գները պետք է բարձրացվեն»,- ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանից ստացված ծանուցումները, որ ստացել են լրատվամիջոցները, ընդհանրական են եղել:

Խաչատրյանը հավելեց, որ ծանուցումների ձևակերպումն է սխալ եղել: «Պետք է վերանայել այն կազմակերպությունների պայմանագրերը, որոնք շահույթ են հետապնդում, եթե կան շահույթ հետապնդող լրատվամիջոցներ, նրանց պայմանագրերն էլ պետք է վերանայվեն»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ հարցը սրացնելու և քաղաքական աստառ տալու կարիք չկար, խոսքը միայն լրատվամիջոցներին չի վերաբերում:

Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ սա ընդամենը փնթի կառավարման խնդիր է:

Նշենք, որ այդ հասցեում է գտնվում նաև Յուրի Բախշյանի անվան երաժշտական մանկական ֆիլհարմոնիան, որին տարածքը Երևանի քաղաքապետարանը 2013 թվականին վարձակալության է տվել անհատույց և անորոշ ժամկետով:

Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենք էլ են ստացել ծանուցում տարածքն ազատելու մասին, բայց ընդգծեց, որ ինքն ունի պայմանագիր, որի մեջ նշված են դրա վաղաժամ լուծման կետերը: «Այս հիմքերին համապատասխանող պայման չի գործում, բայց չգիտես ինչու զանց առնելով ավագանու որոշումը՝ նրանք ծանուցում են ուղարկել»,- ասաց նա:

Ավագանու նախկին անդամը նշեց, որ իրեն ուղարկված ծանուցման մեջ գրված է՝ քաղաքապետարանը հրաժարվում է տարածքն անհատույց տրամադրելու որոշումից: «Ո՞նց կարող են հրաժարվել, բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ անհեթեթ, անօրինական ձևակերպում է, գույքի սեփականատերը Բախշյան մանկական ֆիլհարհմոնիան է»,- ասաց նա  և ցույց տվեց վկայականը:

Անահիտ Բախշյանն ասաց, որ որպես հարցի լուծում կոչ են անում քաղաքապետարանին խելամիտ քայլեր իրականացնել: «Պետք է գույքը գույքագրեին, ունենային տարբերակված մոտեցում, մի հատ նայեին՝ ցուցակում ով կա, ինչ կա, ինչպես է տրված թույլտվությունը: Ավագանու որոշում կա, իրավունք չունեն մոտ գալ, քանի դեռ այլ որոշում չի եղել: Միտում եմ տեսնում, մոռանում են, որ Հայաստանում ընդունված օրենքներ կան, հանկարծ ամենաբարձր մակարդակով էնպիսի մտքեր են հնչեցնում, որ ասում եմ՝ բայց ախր օրենքով այլ բան է ասված»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ դիլետանտության միտում է տեսնում: «Եթե մի քիչ քննարկեին հարցը, հասկանային, որ լրատվամիջոցներին էլ է վերաբերում հարցը, այլ կերպ կմոտենային»,- շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ