25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԿՄ վարչությունը կզբաղվի ցեղասպանության խնդիրներով. Գեներալը իր առողջության և նպատակների մասին

Ցեղասպանության 99 ամյակից մեկ օր առաջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ.

 

– Պարո’ն Գրիգորյան, մինչ հիմնական հարցերին անցնելը, եթե կարելի է` երկու խոսքով նշեք` Ֆրանսիայում դարձյալ բուժման նպատակո՞վ էիք: Ինչպե՞ս է հիմա Ձեր ինքնազգացողությունը:

– Տասն օրով եղա Ֆրանսիայում առողջությանս հետ կապված, բայց` ոչ բուժման նպատակով: Սա անհրաժեշտ հետազոտություն էր, որ վաղուց էր պլանավորվել: Նպատակն այն էր, որ բժիշկները համոզվեն, որ հիվանդությունն ամբողջությամբ նահանջել է: Ես գիտեի, որ լավ եմ, ինչի այդպիսի՞ բաների միջով եմ անցել: Ուղղակի գնացի` բժիշկներին էլ ոգեւորեմ, ապացուցեմ, որ իրենց չարչարանքն իզուր չի անցել: Ձեզ էլ շնորհակալություն, որ հետաքրքրվում եք իմ առողջությամբ, շնորհակալություն բոլոր բարի մարդկանց, որ ինձանով հետաքրքրվում էին: Ես մեր ժողովրդի աղոթքներով, մեր վեհափառ հայրապետի աղոթքներով եմ հաղթել հիվանդությանը: Ամենքին էլ առողջություն եմ մաղթում եւ եկեք պայմանավորվենք, որ էլ առողջությունիցս չեք հարցնելու: Փառք Աստծո, արդեն լավ եմ, արդեն ամեն ինչ անցած է:

– Շատ ուրախ ենք, պարոն գեներալ, որ առողջական խնդիրներ չունեք այլեւս: Հիմա խոսակցության բուն թեմային անցնենք: Մեր հանդիպման հիմնական առիթը ապրիլի 24-ն է: Ես նկատել եմ, որ ԵԿՄ 10-րդ համագումարի բանաձեւում հատուկ անդրադարձ կար հայոց ցեղասպանությանը: Նախորդ համագումարներում, կարծես, այդ թեմային չէիք անդրադառնում: Ո՞րն է պատճառը, որ ԵԿՄ-ն ակտիվություն է դրսեւորում Մեծ Եղեռնի խնդրի նկատմամբ:

– Երկրապահը հայկական հարցով զբաղվում է դեռ 1988-89 թվականներից: Կարողացել ենք թուրքին խաղաղություն պարտադրել, որոշ հայրենի տարածքներ ազատագրել: Ոչ միայն խոսքով, այլեւ գործով ենք ապացուցել մեր նվիրվածությունը հայ դատին, պահանջատիրությանը: ԵԿՄ-ն հայ ազգի կառույց է, ողջ հայությանը համախմբող կառույց: Երկրապահը չի կարող աչալուրջ չլինել համազգային որեւէ խնդրի նկատմամբ: Իսկ, որ թեման տեղ է գտել մեր վերջին համագումարի բանաձեւում, ունի շատ պարզ բացատրություն: Հաջորդ տարի հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն է: Հայ ազգը, Հայաստան պետությունը պետք է համակարգված, ծրագրավորված աշխատանք տանեն: Անելիք շատ կա` բազմաբնույթ եւ բազմաբովանդակ: Մենք պետք է հետեւողականորեն հասնենք այն իրողությանը, որ ողջ մարդկությունը, բոլոր պետություններն ու ազգերը պաշտոնապես ճանաչեն եւ դատապարտեն ցեղասպանության փաստը: Մենք համարում ենք, որ ապրիլի 24-ը, հիշատակման օր լինելով հանդերձ, ողբի, լացուկոծի օր չէ: Դա վրիժառության օր է, պայքարի օր է: Հարկավոր է սերունդներին փոխանցել հայ դատը, պահանջատիրությունը: Հայն իրավունք չունի մոռանալու կարսված հայրենիքը: Ծրագրավորված պետք է ուժեղանանք, հզորանանք, որ ի վերջո վերատիրանանք մեր բնական հայրենիքին: Իսկ դա լեգենդ չէ: Երեսուն տարի առաջ նույն կերպ հեքիաթ կարող էր թվալ խոսակցությունը, թե հայ ազգն ազատագրելու է Արցախը: Այնպես որ` ամեն ինչ իր ժամանակին:

– Ապրիլի 24-ին ԵԿՄ-ն ե՞ւս միջոցառումներ ունի:

– Բնականաբար, այդ օրը կլինենք Ծիծեռնակաբերդում, մեր պատվիրակությունները նաեւ ամբողջ Հայաստանի, Արցախի տարածքում, Սփյուռքի գաղթօջախներում ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձաններ կայցելեն: Կհարգենք անմեղ զոհերի հիշատակը: Սակայն, խնդիրը ոչ միայն մեկ օրով զոհերի հիշատակը հարգելու մեջ է: Ես արդեն ասացի, որ լուրջ, համակարգված աշխատանք պետք է տարվի: Այդ նպատակով մենք ԵԿՄ վարչությունում աշխատանքային հանձնաժողովների թիվը ավելացրել ենք: Գործող 15 հանձնաժողովներից մեկը հատուկ հայոց ցեղասպանության խնդիրներով է զբաղվելու: Մեր այդ հանձնաժողովի նախագահն էլ Հայկ Դեմոյանն է: Հանձնաժողովում այլ լուրջ մասնագետներ եւս ընդգրկված են:

Հարցազրույցի շարունակությունը կներկայացնենք վաղը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ