20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տիկին Համեստը՝ «գլխավոր սիրուհին», պարզեց, որ եթե Մարտի մեկը չբացահայտվի ՝ կովերը չեն բազմանա, թոռնիկների ապագան խորտակված կլինի

Երբ 2018թ. մարտ-ապրիլին տեղի էր ունենում իրադարձություն, որը հետագայում անվանեցին «թավշյա, ոչ բռնի, փոխադարձ սիրո և այլն հեղափոխություն», հասարակական տրամադրություններում գոյություն չուներ Մարտի 1-ի հարց: Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի , թեկուզ արժանապատիվ, ձեռքը դնելով խղճին, կհամաձայնվի այս պնդման հետ՝ չկար Մարտի 1-ի բացահայտման հասարակական պահանջ: Իրադարձությունների ծավալման սկզբում բարձրացնել այս խնդիրը , նշանակում էր «գործը պռավալ տալ»: Մեկը ես՝ իրադարձությունները չէի պաշտպանի: Պետք է արժանին մատուցել այս իշխանությանը՝ նրանք իշխանությունն ստանձնելու օրից չեն գործել ոչ մի էական սխալ, ոչ մի էական սխալ՝ լուծելու իրենց առջև դրված միակ խնդիրը՝ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅՏՆԻ ԽՄԲԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ: 

Որակյալ հիմարություն է, թե տեսականորեն իշխանությունները պետք է անեն այն, ինչ ցանկանում է ժողովուրդը, սակայն նոր իշխանությունները հայտարարեցին, որ սա է իրենց հավատամքը: Այս բլեֆը զարմանալիորեն արդյունավետ ստացվեց: Արժանապատիվ քաղաքացին չի էլ կասկածում, որ «ՄԵԾԱՄԱՍՆԱՏԵՐԸ» սկզբում հավաքում էր «մասսաներին», սովորեցնում ասել, ասենք՝ «Նիկոլ վարչապետ», այնուհետև կանչում էր նորից ու հարցնում.

– Ժողովուրդ ի՞նչ եք ուզում, իսկ նրանք թե՝ «Նիկոլ վարչապետ»: Հետո հայտարարում էին, տեսնու՞մ եք, որ ժողովուրդն է իդեայի հեղինակը: Եվ այսպես մի 20-30 անգամ: Մեկ պարզվում էր, որ «ժողովուրդը» գիշեր ցերեկ երազել էր երիտասարդ մարզպետների մասին, մեկ որ իր նախարարները մետրոյով երթևեկեն, մեկ էլ որ քաղաքապետը լինի մի կարգին դերասան:

Հետո տեղյակ եղան, որ նոր սահմանադրություն ունենալն ապուշություն է, իսկ գործող ընտրական օրենսգիրքը՝ հրաշք: Հասկանալի է, որ մյուս 20-30 օրինակները բոլորը չեմ բերելու, սակայն ևս մեկը պետք է, քանի որ այն ցնցել է ինձ: Արարատ Միրզոյանին հարցրեցին, թե ինչպես եք բացատրում, որ երեկ դեմ էիք «սուպերվարչապետությանը», իսկ այսօր ոչ՝ նա ասաց.

– Առաջ դեմ էինք, որովհետև «սուպերվարչապետը» ահավոր բացասական կերպար էր, իսկ այսօր «սուպերվարչապետը» ահավոր դրական կերպար է, հիմարություն կլիներ դեմ լինելը: Չգիտեմ Արարատը քաղաքագիտություն բառը լսել է թե ոչ, բայց մեկ է ցանկացած քաղաքագիտության դասախոս նրան պարզապես պարսատիկով կխփեր, դեռ լավ էր որ «ժողովուրդը» չիմացավ: Այս ամենը ցույց տվեց խորն անդունդը, որի մեջ է հայ հասարակության քաղաքացիական գիտակցությունը: Սա թերևս այս իրադարձության գլխավոր գիտելիքն էր ՝ այսպիսին է հայ հասարակությունը՝ արտիստներ, լրագրողներ, լուլուներ ու թաթաներ, լուլուներ ու թաթաներ ու ևս մի անգամ:

Ահա, այսպես եղավ, որ մի օր, պայմանական տիկին ՀԱՄԵՍՏԸ՝ ամուսնացած, միջին տարիքի, բոլոր իշխանությունների կամավոր «գլխավոր սիրուհին», պարզեց, որ եթե Մարտի մեկը չբացահայտվի ՝ կովերը չեն բազմանա, իսկ իր թոռնիկների ապագան խորտակված կլինի: Ես գիտակցում եմ, որ այս խոսքերում ցինիզմ կա, սակայն այլ կերպ չեմ կարող՝ ցինիզմի դեմ ցինիզմ, սա արդար է:

Դեռ չքննարկելով այդպիսի պատիժ իրականացնելու խելամտության չափը՝ ազգային ու պետական շահի, փիլիսոփայության ու քաղաքագիտության տեսակետից, արդարության իմ զգացումն ասում է, եթե պետք է պատժել նախկին իշխանություններին կատարած հանցանքի համար, ապա 1995թ-ից: Սա արդար է, ես այդ ժամանակ կենդանի էի մնում, ինչպես շատերը: 

Տիկին ՀԱՄԵՍՏ-ին թերևս հնարավոր է խաբել , մանավանդ, երբ նա սիրում է խաբված լինել, թե իրականացվում է արդարադատություն: Խաբել հնարավոր է նաև 14-30 տարեկան ռոմանտիկ հասարակությանը նույնպես, նրանք բեխաբար են, բայց ի՞նձ էլ: Չէ՞ որ գիտեք՝ տեսել եմ եղածը: Կար երկու թիմ՝ մեկը ընտրությունների ավարտից մի ժամ ԱՌԱՋ հայտարարեց, որ հաղթել է ու ստացել 63, թե 65 տոկոս , այո համաձայն եմ նրանք 80 չէին ասել: Դրանից հետո ԼՏՊ-ն հայտարարեց, որ կամ ինքը կնստի Բաղրամյան 26- ում կամ ՝ ինքը կնստի Բաղրամյան 26-ում:

Մյուս թիմը, թերևս կատարած լինելով «միջին նախագահական ընտրությունների» պատմության ամենաքիչ կեղծիքը, զարմացավ այդպիսի լկտիությունից ու վիրավորվեց: Սպասեց ինչքան պետք էր ու ասաց, որ ինքն է հաղթել: ԼՏՊ-ի վերը նշված այլընտրանքը բերեց արյունահեղության: Հիմա տեղի է ունենում սա՝ այն ժամանակ նրանք «նստըցրին մեզ», հիմա մենք «կնստըցնենք իրանց»: Էս չի՞ ողջ արդարադատությունը: 

P.S 1. Ցավոք իմ երկրում հիմա ուրիշ ոչինչ չի կատարվում, իսկ եղածը սրանից ածանցյալ է:
P.S. 2 Հարգելի տիկին ՀԱՄԵՍՏ թու՛յլ տվեք, ի՞նչ կասեք:
P.S. 3 Ռոմանտիկ հասարակություն, Ձեզ չեմ հարցնում, Դուք դեռ պիտի կարդաք:

Վարդան Վարդանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ